Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդամեկի անունը տալիս եմ, ջղաձգվում եք, դատարանն արդարության դարպասները բացե՞լ է»․ Աշոտյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները

Դեկտեմբեր 19,2023 19:20

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը պարբերաբար ընդհատում էր Արմեն Աշոտյանին, երբ նա ելույթ էր ունենում։

«Օրերս մարդամեկն ասում էր՝ դատարանների դռները շրջափակել ենք, որպեսզի․․․»,- ասաց Աշոտյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Դատավորը թույլ չտվեց շարունակել․ «Մեղադրյալ Աշոտյան, մենք քննարկում ենք Գալինա Հարությունյանի ասածի մասին հարցը»։ Գալինա Հարությունյանը գործով տուժող է, ով այսօր դատարանում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվեց։ «Դուք հիմա տեսեք, թե ես մարդամեկի ասածն ինչքան սիրուն կապում եմ Գալինա Հարությունյանի ասածի հետ, մի կասկածեք իմ ստեղծագործական մտքի վրա»,- ասաց Աշոտյանը։ Դատավորը նշեց, որ դատաքննությունը ստեղծագործական շարադրություններ գրելու տեղ չէ։ «Դատարանը ստիպված է ձեզ ընդհատել, որովհետեւ հիմա կոնկրետ հարց է քննարկվում, կոնկրետ փաստական հանգամանքներ»,- ասաց դատավորը։

«Ես շարադրություն չեմ գրում, թեպետ դրա մեջ վատ բան չկա։ Մարդամեկի անունը տալիս եմ, ջղաձգվում եք։ Անունն էլ չտվեցի, Նիկոլ Փաշինյան, տեսեք, ոչ մի երկրաշարժ չեղավ, թողեք վերջացնեմ։ Եթե Նիկոլը նայում է հիմա, ձեզ պետք է զանգեն ասեն՝ մի բզի։ Իրենք իմ դեմը չեն կարողացել առնել, բերանս փակել, խի՞ են թողել ձեր վրա էդ անիմիաստ, անշնորհակալ գործը։ Մարդամեկն օրերս ասում էր՝ դատարանների դռները փակեցինք, որ արդարության դարպասները բացենք։ Իհարկե, տարօրինակ է այդպիսի բան լսելը, որովհետեւ դա նույն է, ոնց որ վիետնամական պատերազմի ժամանակ հիպպիները Ամերիկայում ասում են՝ կներեք, մենք շնանում ենք, որպեսզի կուսությունը պահպանենք։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ արդարության դարպասները բացվե՞լ են վերջապես այդ դատարանների շրջափակումից հետո, թե՞ չեն բացվել։ Եթե տուժողը դատարանում ճանաչված չէ որպես տուժող, դուք չեք ճանաչել նրան տուժող, եթե տակը որեւէ իրավական փաստ չկա, ես ուզում եմ տեսնել՝ դատարանն այս հարցով արդարության դարպասները բացե՞լ է։ Էն որ ասում է՝ «խաղաղության խաչմերուկ», մեզ արդարության խաչմերուկ է պետք՝ Նուբարաշենից մինչեւ ԿԳԲ-ի պադվալ, Վարդաշենից մինչեւ Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Մեզ արդարության խաչմերուկ է պետք, այդ արդարության խաչմերուկը պետք է խաչվի վարչապետի կաբինետում։ Ուզում եմ տեսնել այդ արդարությունն այս մեկ դրվագով»,- արձագանքեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031