Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ հատուկ զեկուցողը ԼՂ-ին վերաբերող հարցում է ուղարկել Ադրբեջանին․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Դեկտեմբեր 19,2023 19:35

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն ի պատասխան «Aysor.am» լրատվական կայքից ստացված հարցման

Հարց. Վերջերս հայտնի դարձավ, որ Մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողը հաղորդագրություն-հարցում է ուղարկել Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար: Ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ ակնկալիքներ կան, արդյո՞ք կա արձագանք:

Պատասխան. Իրավացի եք: Կարող եմ հավելել, որ հաղորդագրության մեջ նշվում է նաև ժողովրդի, հուշարձանների և խորհրդանիշների թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին: Հաղորդագրությունն անդրադառնում է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի վճռին, ներկայացվում է սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, հակագիտական մոտեցումների, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգի, հայերի նկատմամբ ատելության խոսքի, սեպտեմբերի 19-ի հարձակման և էթնիկ զտման, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների մասին տեղեկատվությանը:

Հատկանշական է, որ ՄԱԿ հատուկ զեկուցողները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների խախտումներին, հայկական ժառանգության ոչնչացման ու խեղման դեպքերին:

Ցավոք, նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կանգնեցրել հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Այո, այն զուգորդվում է նաև ատելության խոսքի դրսևորումներով, ՀՀ տարածքի և ԼՂ պատմության վերաբերյալ հակագիտական զեղծարարությամբ:

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության և կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031