ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված վաղ ամուսնության հարցերին եւ ազդեցություններին:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ իրավասու օղակների, եզդիական համայնքի, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը բացման խոսքում նշել է, որ ամուսնության տարիքի շեմի բարձրացման նպատակով նախատեսել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հարցի առնչությամբ աշխատանքներն սկսվել են դեռեւս յոթերորդ գումարման Ազգային ժողովում աշխատելիս: Նրա խոսքով եզդիական համայնքում խնդիրները շատ են հատկապես վաղ ամուսնությունների հետ կապված: «Վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաեւ Հայաստանի բնակչության շրջանում: Սա պարզ է դարձել ուսումնասիրությունների արդյունքում»,- նշել է Ռուստամ Բաքոյանը եւ հավելել, որ վաղ ամուսնությունները խնդիրներ են առաջացնում անձանց համար ե՛ւ կրթական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ սոցիալական իմաստներով:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը Հայաստանում 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:
Կարդացեք նաև
Գրեթե բոլոր ելույթ ունեցողները ողջունել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, հանդես եկել առաջարկներով, ներկայացրել նաեւ որոշակի դիտարկումներ եւ վիճակագրական տվյալներ վաղ եւ հարկադրված ամուսնությունների վերաբերյալ: Չափահասության տարիքը բարձրացնելու առաջարկ է եղել նաեւ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջացող խնդիրներից մեկը լիարժեք կրթություն չստանալն է: «Վաղ ամուսնության դեպքում, միանշանակ, խաթարվում է երեխաների ոչ միայն առողջության, այլեւ նրանց հետագա կյանքում հաջողությունների հասնելու հնարավորությունը»,-ընդգծել է փոխնախարարը՝ կարեւորելով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: «Շատ կարեւոր է, որ թե՛ ընտանիքների, թե՛ երեխաների գիտակցության մեջ կարողանանք ձեւավորել ճիշտ մոտեցում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղ ամուսնությունն իրենց հետագա կյանքի վրա»,-ասել է նա:
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն անդրադարձել է վաղ ամուսնությունների դեպքում աղջիկների առողջության վրա բացասական ազդեցություններին: Դրանցից են բարդ ծննդաբերությունները, հետագա կյանքում ի հայտ եկող գինեկոլոգիական խնդիրները, երեխայի խնամքի հետ կապված հարցերը եւ այլն: 2000, 2005, 2010 թվականներին իրականացված ժողովրդագրական եւ առողջապահական հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական մահացությունը շատ ավելի բարձր է կրթական ցածր ցենզ ունեցող մայրիկների մոտ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011թվականին գրանցվել է 14-19 տարեկան աղջիկների 3372, իսկ 2021 թվականին՝ 1042 ծննդաբերություն: 2011 թվականին գրանցվել է 16-19 տարեկան աղջիկների 1747 վաղ ամուսնություն: 2021 թվականին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 675-ի:
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես կարեւորել է քննարկումը եւ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ մինչեւ 21 տարեկանի: Առաջարկվել է նաեւ բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Իր առաջարկներն Արսեն Թորոսյանը հիմնավորել է մի շարք փաստերով եւ հանգամանքներով, ընդգծել հանրության շրջանում առկա մի շարք կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ կներկայացնի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն նաեւ լսումներ:
ԱԺ