Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Դեկտեմբեր 19,2023 17:25

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություներ նախատեսող նախագծերի փաթեթը:

«Դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում է իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգերն ամբողջացնելու նպատակով սահմանվում են կարգավորումներ` ուղղված բացասական եզրակացության դեպքում դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելուն: Այսպիսով ամբողջությամբ կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը:

Փոխնախարարի տեղեկացմամբ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանի խոսքով փոփոխությունները կնպաստեն համապատասխան պետական մարմիններում բարեվարքության աստիճանի բարելավմանն ու պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` նշելով, որ նախաձեռնությամբ ընդլայնվում են գործող կառուցակարգերը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը կարեւորել է նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով պատգամավորների մտահոգությունները վկայում են այն մասին, որ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ է լավարկել նախաձեռնությունը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախաձեռնությունը, համաձայնել է գործընկերների այն դիտարկման հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կանխարգելիչ դերակատարություն ունենա եւ չդառնա մահակ այս կամ այն պաշտոնյայի համար: Ըստ պատգամավորի` նախաձեռնությամբ կրկին նոր լիազորություններ են տրվում ԿԿՀ-ին, որոնք վերջինս պետք է յուրացնի, որի համար ժամանակ է հարկավոր: «Մենք պետք է մտածենք Կոռուպցիայի թվակազմն ընդլայնելու մասին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը: Նա առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկում:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031