Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ անվանի դաշնակահար, մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհի հեղինակավոր փառատոներն ու լավագույն դահլիճներն իր ներկայությամբ պատված, ավելի քան 40 երկրում հանդես եկած Սվետլանա Նավասարդյանի համերգը, որը շատ սպասված էր, ծրագրում Մոցարտ էր եւ Շոպեն:
Դաշնակահարի մատները նրբորեն սահում էին ստեղների վրայով, ու ծնվում էր աստվածային երաժշտությունը: Պրոֆեսորներ Յակով Զակին և Վաչե Ումր-Շատին աշակերտած Սվետլանա Նավասարդյանը յուրովի է մեկնաբանում բազմիցս հնչեցված հայտնի ստեղծագործությունները, անգամ նրա՝ ունկնդրին ողջունելն է յուրահատուկ: Հոտնկայս ծափահարություններն ու բրավոները փոխհատուցվեցին 3 «բիսով»: Ունկնդիրը բաց չէր թողնում իրական լեգենդին:
Այլ համերգների ժամանակ երբեմն հնչում են չանջատված հեռախոսների ձայներ կամ ինչ-որ շարժ է նկատվում, Կամերային երաժշտության տանը ունկնդիրը ամենայն ուշադրությամբ հետեւում էր հանրահայտ դաշնակահարի ամեն շարժումին, ում աստվածային շնորհի դիմաց քիչ են անգամ բոլոր ստացված պարգեւներն ու դափնիները: Ունկնդիրը ոչ միայն հետեւում էր Սվետլանա Նավասարդյանի անկրկնելի կատարումներին, այլեւ շատերը փորձում էին հեռախոսով նկարահանել դրանք:
Կարդացեք նաև
Համերգն իսկապես բացառիկ էր, անմահ Շոպենի ու Մոցարտի հոգիները, անշուշտ, փառավորվեցին, իսկ որպես բիս հնչած Կոմիտասը էլ ավելի ջերմացրեց դահլիճն ու մարդկանց հոգիները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ