Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը բարձրաձայնեց հարցը, որ դատական նիստը բավական ուշացումով մեկնարկեց։ «Արդեն երրորդ դատական նիստն է անընդմեջ, որ բավականին երկար ժամանակով ուշացնում եք։ Ես ուզում եմ առարկությունս ներկայացնել ոչ իրավաչափ գործողությունների դեմ, որովհետեւ մեկ ժամից ավելի ուշացումով դատական նիստը սկսելը, հատկապես այն դեպքում, երբ այսքան մարդ է այստեղ ներկա, դա այնքան էլ նորմալ չէ։ Բարձրաձայնում եմ այն հարցի մասին, որ դատարաններում անհարմար է, մարդու համար ամենավատ պայմաններն են ստեղծված, որ նվաստանա, տարիքով մարդիկ կան, մի հատ նստատեղ չկա», – ասաց Մելիքյանը։
Դատավորը նշեց, որ այս նիստից անմիջապես առաջ դատարանը ծանրաբեռնված էր մեկ այլ դատական նիստով, կատարվում էր գործողություն, որն ընդհատել չէր կարելի։ Դրանով պայմանավորված՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը նախատեսված ժամից մոտ մեկ ժամ ուշացումով մեկնարկեց։
Արմեն Աշոտյանն ասաց․ «Ես ամեն ինչ հասկանում եմ, որ կան այլ նիստեր, բայց միանալով փաստաբանիս առարկությանը՝ կխնդրեմ հետեւել ժամանակացույցին։ Սա արդեն երրորդ անգամն է, որ մեր նիստը մեկ ժամից ավելի ուշանում է։ Հասկանում եմ, որ նիստեր կան, բայց մենք էլ ենք նիստի, չի կարելի մի նիստն առաջ գցել ուրիշ նիստի հաշվին։ Մենք այս նիստերից 4 ժամ կորցրել ենք, այն դեպքում, որ ունենք «դափոնով» քննարկման արժանի հարցեր, եւ չենք հասցնում, այդ հարցերը հավուր պատշաճի քննարկել, որովհետեւ մեր հաշվին արվում են այլ նիստեր։ Հիշեցնեմ, որ ես էլ եմ անազատության մեջ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ