Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2016-ին Չինարիում ադրբեջանցու կողմից սպանված անզեն երկու զինծառայողի գործով ՄԻԵԴ-ը հրապարակեց որոշումը

Դեկտեմբեր 19,2023 17:11

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը։

Հիշեցնենք, որ Նարայանը, Աբովյանը, Մելիքյանը զոհվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող «Բիթլիս» մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։ Գործի նյութերից տեղեկանում ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովը հատել է սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս», նույն օրը՝ 8:30-ի սահմաններում, Նարայանը և Աբովյանը դուրս են եկել «Բիթլիսի» խրամատից՝ զուգարան գնալու և մի քանի տարաներում ջուր հավաքելու համար։ Նրանք եղել են անզեն եւ սպանվել Գուրբանովի կողմից: Կրակոցներ են հնչել, որոնցից հետո պարզվել է, որ սպանվել են Նարայանը և Աբովյանը։ Մարտական դիրքում գտնվող մյուս զինվորներն անմիջապես վազել են կրակոցների ձայնի ուղղությամբ։ Փոխհրաձգություն է եղել, և երրորդ հայ զինվորը՝ Շավարշ Մելիքյանը, սպանվել է։ Ժամանել են հայկական ուժերը, և մեկ ժամ անընդմեջ փոխհրաձգությունից հետո հակառակ կողմից կրակոցները դադարեցվել են։ Դիմումատուները Հայաստանի տասը քաղաքացիներ են՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանի և 1990 թվականին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողները, հարազատները:

Դատարանը բավարարել է միայն անզեն սպանված զինծառայողների՝ Նարայանի եւ Աբովյանի հարազատների բողոքը:

Դատարանն արձանագրել է, որ թեեւ պատասխանող Կառավարությունը (Ադրբեջանի) պնդեց, որ դիմումատուները իրենց հարազատների մահվան հետ կապված իրենց բողոքները չեն ուղղել Ադրբեջանի իշխանություններին, որոնք կարող էին հետաքննություն սկսել այդ հարցի առնչությամբ՝ իրենց ազգային Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում էր հանցավոր արարքից տուժողների՝ հետաքննությանը ակտիվորեն մասնակցելու և ներգրավվելու իրավունքը, սակայն դատարանն արձանագրել է, որ Հայաստանից կամ Ադրբեջանից որեւէ անձ զգալի գործնական դժվարություններ կունենա մյուս երկրում սկսված եւ ընթացող հետաքննությանը ներգրավվելու եւ ակտիվ մասնակցելու հարցում: Դատարանը նաեւ արձանագրել է, որ ավելին, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել ներպետական ​​գործի կամ իրավական պաշտպանության որևէ օրինակ, որը ցույց կտար, որ դիմումատուների իրավիճակում գտնվող անձինք կարողացել են փոխհատուցում հայցել Հայաստանի իշխանությունների միջոցով:

Դատարանը նաեւ արձանագրել էր, որ թեեւ ադրբեջանական կողմը պնդում էր, որ հայ զինվորականները հարձակվել են պետական ​​սահմանի մոտ գտնվող ադրբեջանական զորամասի վրա, սակայն հակառակը հաստատող ցանկացած ապացույց, եթե լիներ, պետք է ներկայացվեր ադրբեջանական քրեական դատավարության ընթացքում դիմումատուների կողմից…

Նարայանի եւ մյուսների հարազատները ՄԻԵԴ ներկայացրած իրենց բողոքում նաեւ նշել են, որ Չինգիզ Գուրբանովը ապօրինաբար սպանել է իրենց հարազատներին՝ որպես Ադրբեջանի իշխանությունների գործակալ՝ հաշվի առնելով, որ շարունակվող զինված հակամարտություն չի եղել, և, հետևաբար, նրանց մահը չի եղել բացարձակապես անհրաժեշտ ուժի կիրառման հետևանքով, և որ պատասխանող պետությունը չի կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել սպանությունների վերաբերյալ:

Դիմումատուները պահանջում էին 30,000 եվրո յուրաքանչյուր դիմումի համար, այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում էր 90,000 եվրո՝ իրենց հարազատների մահվան հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի և այդ կապակցությամբ պատասխանող պետության կողմից հետաքննության բացակայության համար: Դատարանի որոշմամբ Աբովյանի եւ Նարայանի հարազատներին կտրամադրվի 16,000 եվրո յուրաքանչյուր դիմումի դիմաց՝ ոչ նյութական վնասի համար: Այս գործով՝ զոհված զինծառայողների ներկայացուցիչ Արա Ղազարյանը այս պահին չցանկացավ հարցազրույց տալ:

Նա facebook սոցիալական ցանցում ՄԻԵԴ-ի որոշման մասին այսպես է հայտնել իր կարծիքը՝ Չինարիի հայտնի գործով Եվրոպական դատարանի վճիռը ընդդեմ Ադրբեջանի – երեք զինծառայողների սպանություն ադրբեջանցի զինծառայողի կողմից (ում գործն ընդդեմ Հայաստանի ի դեպ մերժվեց վերջերս) առանց կոնկրեռ ռազմական անհրաժեշտության – մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զուգամիտում – որի պայմաններում ՄԻԵԴ-ն այս անգամ առավելությունը տվեց մարդու իրավունքներին։ Սա շատ կարևոր վճիռ է այն իմաստով, որ ՄԻԵԴ-ը հաղթահարեց ինքն իրեն ու կայացրեց որոշում մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից անհարկի ռազմական ուժ կիրառելու մասին։ Ի դեպ, այս գործով կարևոր էր, որ հնարավոր եղավ ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է պատմության կեղծ վարկած, որը ՄԻԵԴ-ն, ըստ էության, հաստատեց, ասելով, որ Ադրբեջանի պնդումը, թե իբրև թե հայկական ուժերն էին հարձակվել Ադրբեջանի դիրքերի վրա ոչ միայն ծայրահեղ սպեկուլյատիվ էր, այլ նաև անհնարին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031