Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա դատական նիստում շարունակելու ենք ականատես լինել, թե ինչպես է «տուժողը» գալիս ասում՝ ես տուժող չեմ, քննիչն ինչ ասել է, գրել-ստորագրել եմ»

Դեկտեմբեր 19,2023 17:03

«Ոչ մի դեսպան չի մասնակցելու Արմեն Աշոտյանի դատական նիստերին, որովհետեւ հայրենասերներ, հայրենատերեր ոչ մեկի պետք չեն, առավել եւս՝ իրենց երկրի համար պայքարողներ։ Ոչ մի դեսպան չի գալու, չնայած իրենց զեկույցներում արձանագրում են, ավելին, որոշ միջազգային կառույցներ եւ եվրոպական մոնիտորինգային կազմակերպություններ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն են ծավալում, նույնիսկ իրենց բաց աղբյուրներում խոսել են այն մասին, որ Հայաստանում կալանքն է պատժիչ միջոց, քաղաքական հետապնդումները սովորական բան են դարձել։ Արդյոք դրան կհետեւե՞ն որոշակի հետեւանքներ ՀՀ իշխանությունների համար, չէ, որովհետեւ ծաղրածուն եւ թուրքի ստրուկը, որը հիմա Հայաստանում անում է այն ամեն ինչը, ինչ պետք  է իր դրսի տերերին, բնականաբար ոչ մի պատժիչ միջոցի չի կարող արժանանալ, քանի դեռ շարունակում է քանդել ու քայքայել Հայաստանը»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի արձագանքին՝ կապված Աշոտյանի գործի հետ։

Աննա Մկրտչյանի խոսքով․ «Այս իրավիճակում, երբ Հայաստանն անկախության, ինքնիշխանության, գոյության համար պայքար է մղում, բաժանումը լինում է հետեւյալը՝ այս պայքարի հորձանուտում հայտնված քաղաքացիներ եւ Նիկոլի կողքին, Նիկոլի հետ թիթեռ նկարողներ։ Ակնհայտ է, որ պարոն Աշոտյանն այդ պայքարի հորձանուտն է ընտրել առաջին իսկ վայրկյանից։ 2018 թվականին մնալով իր շատ քիչ կուսակցական ընկերների հետ՝ ինքը չի լքել այդ խրամատը եւ շարունակել է պայքարել։ Նույնիսկ այս բռնաճնշումներից հետո, երբ իրեն անընդհատ հասկացրել են, որ քրեական գործ են կարում, մի զբաղվիր պետականամետ աշխատանքով, մի խոսիր Նիկոլի մասին, պարոն Աշոտյանն իր ուղուց չշեղվեց։ Եվ այսօր քաղաքական հալածյալի կարգավիճակում է, քաղաքական հետապնդումների է ենթարկվում»։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ այսօրվա դատական նիստում շարունակելու ենք ականատես լինել, թե ինչպես է «տուժողը» գալիս ասում՝ ես տուժող չեմ, քննիչն ինչ ասել է, ես գրել եմ, ստորագրել եմ։ «Տեսնելու ենք էլի անհաղորդ դատախազներին, ովքեր իբր ուզում են ցույց տալ, որ՝ մեզ ինչ ասել են, անում ենք, մեզնից ի՞նչ եք պահանջում։ Բայց ոչ քննիչին, ոչ դատախազին քրեական պատասխանատվությունից չի ազատի «մեզ ինչ ասել են, արել ենք» արտահայտությունը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031