Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Արտահերթ ընտրությունները տրամաբանական կարող է լինել իշխանության համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 15-20 տոկոս է ու գնալով կարող է նվազել»

Դեկտեմբեր 19,2023 16:37

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տարվա քաղաքական արդյունքները ամփոփելու ժամանակ՝ խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին՝ ասաց. «Քանի որ խոսքն արտահերթ ընտրությունների մասին է, եթե նկատել եք, աղբյուրները հիմնականում իշխանական մամուլն են ներկայացնում: Իրենք, համենայն դեպս, ոչ հերքում են, ոչ հաստատում, բայց, այնուամենայնիվ, արտահոսքերն իրենց ներքին խոսակցություններից ու քննարկումներից են գալիս:

Հիմա արտահերթ ընտրություն անցկացնելը ես տրամաբանական եմ գտնում իշխանության կողմից, որովհետեւ իրենք անընդհատ անցկացնելով տարբեր սոցիոլոգիական հարցումներ, հավատացեք, որ անցկացնում են պարբերաբար եւ շատ հաճախ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանության վարկանիշը 99 %-ով պայմանավորված է այդ անձի վարկանիշով, լավագույն դեպքում կամ առանձնապես չի աճում, կամ ամեն անգամ նվազում է: Եվ այս թրենդը պահպանվում է: Վերջին հարցումները՝ հրապարակված կամ չհրապարակված, ցույց են տալիս, որ նրա վարկանիշը 15-ից առավելագույնը 20 տոկոսի շրջանակում է լինում՝ կապված տվյալ պահի իրավիճակից: Այդ իսկ պատճառով, իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում են, որ եթե այդ թրենդը պահպանվի, ինքը կարող է ժամանակ կորցնել:

Հիմա առավելագույնը 20 տոկոս վարկանիշ ունենալով, որը հնարավոր է էլեկտորալ վարկանիշ դարձնել, ցածր մասնակցության պարագայում կարող է վերարտադրվել: Կարծում եմ, ինքը կարող է դա փորձել, առավել եւս, որ 2024 թվականին արտահերթ ընտրությունների է գնում նաեւ Իլհամ Ալիեւը»:

Իսկ թե այդ դեպքում ինչ պետք է անի տիտղոսային եւ ոչ տիտղոսային ընդդիմությունը, որի վարկանիշը նույնպես բավականին ցածր է, Վիգեն Հակոբյանը երկու տարբերակ է տեսնում․ «Քանի որ արտահերթ ընտրությունները բավականին կարճ քարոզարշավ է ենթադրում, պետք է որոշում կայացնի. կամ աշխուժացնում է փողոցը ինչ-որ տրամադրություններ ստեղծել կարողանալու համար, կամ հայտարարելով, թե միեւնույն է, ընտրությունների մեխանիզմով իշխանափոխություն տեղի չի ունենում, կամ հաղթողին ձերբակալում են. կամ տարբեր տեխնոլոգիաներով մեծամասնությանը դարձնում են փոքրամասնություն եւ անում իրենց ուզածը, այսինքն, աշխատում է ռեպրեսիվ ապարատը եւ այդ պատճառով ինքը չի մասնակցում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031