Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոստիկանների մասնագիտական քննության մեջ հարց կա՝ ինչպիսին են ՀՀ դրոշի գույները եւ կա 4 պատասխան՝ եռագույն, երկգույն, քառագույն…». Իոաննիսյան

Դեկտեմբեր 19,2023 15:49

«Մգեցված ապակիների դեմ պայքարի տապալումը խնդրահարույց է: Այն քաղաքացիները, որոնք ի սկզբանե օրինական պահվածք են ունեցել եւ հանել են մգեցված ապակիները, տպավորություն է ստեղծվում, որ իրենց պահվածքը պետության կողմից չի խրախուսվել, պետությունը հետեւողական չի պայքարում: Եվ այն վարորդները, որոնք հանել էին մգեցված ապակիները, հիմա նորից այդ ժապավենները փակցնում են: Օրինական վարք ցուցաբերած վարորդների մոտ տպավորություն է, որ ինչ է, կարո՞ղ է հարիֆը ես էի»,- այսօր Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց նաեւ, որ ոստիկանությունում ծառայողական քննությունների հետ կապված եւս խնդիրներ կան. «Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը ոստիկաններին կարգապահական պատասխանատվությունից պաշտպանող քաղաքականություն է վարում եւ երթեւեկության կանոնները խախտած ոստիկաններին միշտ համատարած պաշտպանում է պատասխանատվությունից՝ անկախ խախտման բնույթից: Ոստիկանության կողմից երթեւեկության կանոնների խախտման դեպքերի քանակը տարեկան մի քանի հարյուր է»:

Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ նա ասաց, որ ոստիկանությունում հարցազրույցի փուլը բոլորը անցնում են. «Որեւէ մեկը չի կտրվում անգամ բազմաթիվ խնդիրների դեպքում, օրինակ, երբ հոգեբանը նշել է, որ ծառայողը անհավասարակշիռ է, կամ երբ որ ակնհայտ խնդիրներ կան հայտարարագրի հետ կապված, ընդ որում, ծառայողի, որը ոստիկանությունում հակակոռուպցիոն պաշտոնի է նշանակված: Մենք տեսնում ենք, որ այս դեպքերն ընդհանրապես չեն մտահոգում ատեստավորման հանձնաժողովի ոստիկան անդամներին»:

Դանիել Իոաննիսյանն առաջարկեց վերանայել մասնագիտական քննության հարցաշարը. «Մասնագիտական քննության մեջ կա այնպիսի հարց, թե ինչպիսին են ՀՀ դրոշի գույները եւ կա 4 պատասխան՝ եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, երկգույն, քառագույն եւ այլն: Եկեք համաձայնենք, որ դա լուրջ չի ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ստուգման կոնտեքստում»:

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն արձագանքեց. «Ոստիկանության համակարգում 20 հազարից ավելի մարդիկ կան, 1000 մարդու ատեստացիայի տրամաբանության մեջ վերջնական գնահատական տալ չենք կարող: Այն մարդիկ, որոնք հասել են վերջին փուլին, այսինքն, մասնագիտական քննության արդյունքում նշանակվել են, այդ հազարի ընդամենը 20%-ն են կազմում, այնպես չի, որ մենք 1000-ին էլ անցկացրել ենք: Մարդիկ կարող են տարրական IQ-ից էլ կտրվել: Դա խոսում է օբյեկտիվության մասին: Ու ոչ թե բոլորը գերազանց են ավարտել ատեստացիան, գերազանց ավարտող աշխատակիցները շատ փոքր տոկոսն են կազմել, հիմնականում ստացել են բավարար կամ լավ, մեկի դեպքում 30% է աշխատավարձն ավելացել, մեկի դեպքում՝ 50%, մեկի դեպքում նոր 100%»: Ինչ վերաբերում է դրոշի հարցին՝ նա պատասխանեց, որ այդ հարցը Սահմանադրությունից է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031