«Բառացիորեն 3 ամիս առաջ իշխանությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեցին՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսով եւ նոր տարուց առաջ ամանորյա նվեր են մատուցում երեւանցիներին, եւ այս տոտալ թանկացումները իսկական ամանորյա նվեր են Ձմեռ պապիկից: Բացի այն, որ ընտրություններից երկու օր առաջ Արցախում սկսվեց պատերազմ, եւ Արցախը հայաթափվեց, դեռ մի բան էլ, մի քանի ամիս անց՝ գործող իշխանությունները վերջնականապես ցույց տվեցին իրենց խայտառակ իրական դեմքը»,-բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով մի շարք տեղական տուրքերի ու վճարների թանկացմանը:
Խոսքը վերաբերվում է ոչ միայն կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացմանը, այլ փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա հնարավոր բեռի ավելացմանը:
«Իրենք ասում էին՝ ժողովուրդը թալանի մատերիալ չի, տուգանքի մատերիալ չի: Սակայն, օրենքի անվան տակ պատրաստվում են մտնել երեւանցիների գրպանը՝ եւ կարմիր կետագծերի վերաբերյալ, եւ տեղական հարկերի ու տուրքերի վերաբերյալ, եւ մասնավոր գերեզմանատների վերաբերյալ, եւ ստորգետնյա ավտոկայանատեղիների վերաբերյալ համատարած թանկացումներ… «Մայր Հայաստանը» իր առաջ նպատակ է դրել այդ թեմայով առնչվել երեւանցիների հետ, տանել բացատրական աշխատանք, պարզաբանել մարդկանց, իրազեկել եւ փորձել հանրային մթնոլորտ գեներացնել՝ կանխելու համար այն թանկացումները, որոնք իշխանությունները դեկտեմբերի 26-ի ավագանու նիստի օրակարգ են բերել»,-ասաց նա:
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամի խոսքով. «Այս պահին ոչ իշխանական խմբակցության միակ գործիքը քվորում չապահովելն է: Մենք փորձելու ենք կիրառել այդ գործիքը: Եվ այդ ուղղությամբ է նաեւ մեր նպատակային աշխատանքը, սակայն եթե մենք դեկտեմբերի 26-ի առավոտյան չունենանք այդ պատկերը, որ կա երեք խմբակցությունների բոյկոտ, «Մայր Հայաստանը» տեղում նիստերի դահլիճում է ամբողջովին պարզաբանելու եւ տորպեդահարելու այն նախագծերը, որոնք միտված են ուղղակի մտնել երեւանցու գրպանը, ոչ մի լուծում չտալ տրանսպորտային խնդիրներին, քաղաքը դարձնել սեփական քմահաճույքների էպիկենտրոն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ