Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոշտանգում են ոստիկանության բաժիններում, հայեցողաբար պաշտոնների նշանակում, հաղորդում տվող քաղաքացիներին «ցրում». Իոաննիսյանը՝ ՆԳՆ-ի խնդիրների մասին

Դեկտեմբեր 19,2023 15:00

«Մի շարք ՀԿ-ներ արձանագրել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի հետ կապված վիճակի վատթարացում: Դա արել է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նաեւ գրանցվել են առնվազն վերջին 10 տարում նախադեպը չունեցող՝ ոստիկանության բաժիններում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր»,- այսօր Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ ոստիկանության բաժիններում տեղադրված տեսախցիկները, որոնք տեղադրվել էին ԵՄ ֆինանսավորմամբ, իրենց տեսադաշտը ոչ թե փոխվել է, երբ ոստիկանությունը դադարել է հետաքննություն իրականացնող մարմին լինել, այլ ուղղակի տեսախցիկներն անջատել են. «Միաժամանակ այն տեսախցիկները, որոնք տեղադրվել էին ոստիկանության կողմից, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները այդ տեսախցիկներն անջատում են, նման բաներ արձանագրվել են մի շարք քրեական գործերով; Խոշտանգման դեպքը քննելիս պարզվել է, որ տեսագրությունները անհետացած են»:

Իոաննիսյանն ասաց, որ խնդրահարույց է «բացահայտված հանցագործություն» եզրույթը, որովհետեւ մարդկանց թվում է, թե իրապես հանցագործությունը բացահայտված է եւ պատժի անխուսափելիություն է լինելու, բայց պարզվում է՝ այդպես չէ, որովհետեւ բացահայտված հանցագործությունների եւ դատարան հասած քրեական գործերի միջեւ տարբերությունը մեծ է. «Սպանությունների օրինակը կա, օրինակ, ասում են՝ 5 տարվա ընթացքում սպանությունների 75%-ը ոստիկանության կողմից համարվում է բացահայտված, բայց միայն 27%-ն է, որ հասել է դատարան»: Այդ «բացահայտված» հանցագործությունների համար քրեական հետախույզները ստանում են պարգեւատրում՝ անկախ նրանից, թե քննությունը կարողանո՞ւմ է առաջ գնալ, ի՞նչ ապացույցներ են ձեռք բերվել. «Օպերլիազորները շատ ցածր մոտիվացիա ունեն քրեական գործերին ապացույցներով աջակցելու:

Հաջորդ խնդիրը, որ նշեց Իոաննիսյանը, հաղորդում տվող անձանց «ցրելու» ավանդույթն է. «Դեռեւս սովետական ժամանակներից դա կա, վերջին շրջանում, եթե չասենք խորանում է, ապա հստակ նահանջ չի ապրում: Երբ ոստիկանության ծառայողները ենթադրում են, որ հանցագործությունը բացահայտելու հավանականությունը փոքր է, տարբեր հնարքներ են կիրառում, աշխատում են, որ քաղաքացին հաղորդում չներկայացնի եւ վիճակագրություն չփչացնի»:

Իոաննիսյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունն առ այսօր չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական գործողությունը: 2019-ին օրենսդրական փոփոխություններ արվեցին,որ ԱԱԾ-ն այդ հարցում չունենա մենաշնորհ, սպասվում էր, որ դրա կիրառման արդյունքում հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը կմեծանա, բայց այդ գործիքը չեն կիրառել առ այսօր:

Անդրադառնալով պարեկային ծառայությանը՝ նա նշեց, որ «ֆենոմենալ հաջողություններ» կան այստեղ, բայց այդ հաջողությունների ֆոնին որոշակի տարակուսելի պատկեր կա. «Մեկը պաշտոնների նշանակումն է: Ի սկզբանե պաշտոնների նշանակումը պետք է տեղի ունենար հստակ չափանիշների հիման վրա, ինչը այդպես չեղավ: Այսօր շատ մեծ հայեցողությամբ է պաշտոնների նշանակումը լինում, նույնը նաեւ կոչումների շնորհման դեպքում է»:

Իոաննիսյանն ասաց, որ պարեկային ծառայողներին բաժին է ընկնում կարգապահական տույժերի տասնապատիկ ավելին, քան ոստիկանության մյուս ծառայողներին. «Ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տույժերի զգալի մասը ձեւական խախտումների համար են, սրանով խրախուսվում է պարեկների՝ ձեւի համար եւ ոչ թե բովանդակության համար ծառայելը: Օրինակ, դեպք կա, երբ մետամֆետամին վաճառող խումբ բացահայտած պարեկները, որոնք շատ հանրօգուտ գործ են արել այդ բացահայտմամբ, չեն ստացել այն պարգեւավճարը, որը սովորաբար ոստիկանության աշխատողները ստանում են միայն այն պատճառով, որ մի տարի առաջ արձանագրության բլանկ են կորցրած եղել: Եվ սա ուղերձ է ոստիկանության ղեկավարության կողմից, որ բլանկը ավելի կարեւոր է, քան մետամֆետամին՝ «կրիստալ» թմրամիջոց վաճառող խումբ բացահայտելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031