«Մի հրաշալի օր որոշեցի անել այն, ինչ ինքս եմ ուզում․ անկախ նրանից՝ դա դուր է գալիս մարդկանց, թե ոչ, կքննադատեն ինձ, թե ոչ…Ինձ համար միեւնույն էր, թե ինչ կասեն: Ես ուղղակի էգոիստաբար որոշեցի անել իմ ցանկացածը, այն, ինչը համահունչ է իմ ներքին գեղագիտությանը…»,-լրագրողների հետ զրույցում ասաց ճանաչված դաշնակահար, կոմպոզիտոր Լոլա Աստանովան՝ խոսելով իր բեմական կերպարի մասին:
Նա ի թիվս այլ հեղինակավոր դահլիճների, հանդես է եկել Carnegie Hall-ում, Lincoln կենտրոնում, Royal Albert Hall-ում: Իսկ դեկտեմբերի 20-ին Աստանովան առաջին անգամ լարային կազմի հետ միասին հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Դասական աշխարհում դա ընդունված չէ, որովհետեւ այնտեղ դու պետք է լինես ինչ-որ կաղապարներում, այսինքն` այնպիսին, ինչպես մտածել են մարդիկ, բայց իմ համոզմամբ, արտիստը բոլորից առանձնանում է նրանով, որ ունի իր յուրահատուկ գեղագիտությունը, իր ինքնատիպ աշխարհընկալումը: Երբ ես սկսեցի այդպես աշխատել, նկատեցի, որ մարդիկ լավ են արձագանքում, որովհետեւ իմ արածը անկեղծ է, եւ դա իրենք զգում են: Հիմա շատ աղջիկներ նույնն են անում, ինչ ես, ինչ-որ տեղ ինձ կրկնօրինակում են ինստագրամում, յութուբում, դա ինձ դուր է գալիս, որովհետեւ ոչինչ չի կարող դոփել տեղում: Արտիստը չի կարող այնպիսի տեսք ունենալ այսօր, ինչպես 50 տարի առաջ էր ընդունված»,-հավելեց դաշնակահարը:
Կարդացեք նաև
Լոլա Աստանովան ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, խոստացավ, որ համերգին շատ գեղեցիկ ու հետաքրքիր ծրագիր է ներկայացնելու. «Ծրագրում կլինեն եւ դասական ստեղծագործություններ, եւ իմ հեղինակային ստեղծագործություններից, նախատեսված է նաեւ մեկ համաշխարհային պրեմիերա՝ ստեղծագործություններից մեկն առաջին անգամ այստեղ եմ կատարելու»:
Իր մայրիկի մասին էլ խոսեց, ասաց, որ նա միշտ անհանգստանում է իր բոլոր համերգներից առաջ, միեւնույն ժամանակ հպարտ է, որ մի շարք զոհողություններից, աշխատանքից հետո իր դուստրը նման հաջողությունների է հասել. «Երաժշտի կարիերան մի քիչ այլ է, այնպես չէ, որ, ասենք, համալսարանն ավարտես ու դիցուք միանգամից փաստաբան դառնաս…Մայրս հպարտ է, որ բոլոր թափված ջանքերը զուր չեն անցել…Հիմա շատ քիչ ժամանակ է մնում պարապելու համար, որովհետեւ անընդհատ ճանապարհներին եմ: Եթե հաջողվում է երկու ժամ օրվա ընթացքում պարապել, ուրեմն արդեն լավ է, իսկ երբ ուսանող էի՝ 3-4 ժամ էի պարապում»:
Լոլա Աստանովան նշեց, որ իր սիրելի կոմպոզիտորներից մեկն Արամ Խաչատրյանն է, եւ երջանիկ է, որ հենց նրա անվան համերգասրահում է ելույթ ունենալու, նաեւ Ազնավուրի կոմպոզիցիաներից մեկը կհնչեցնի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Լոլա Աստանովայի ֆեյսբուքյան էջից
Դե եթե դժվար է հաջողվում դաշնամուրով օրը 2 ժամ պարապել ոչինչ, եթե այդ ժամանակին էլ գումարենք կարճ շրջազգեստով հայելու առաջ պտտվելու ժամերը, կստացվի մոտ 5 ժամ: Մի խոսքով ամեն օր 5 ժամվա մասնագիտական աշխատանքը դաշնակահարի նորմալ ցուցանիշ է, պետք չի հուսահատվել: