Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ թերի փաստաթղթեր են ներկայացնում, հետո նեղանում են, որ վիզա տալ մերժում են». Ստեփան Գրիգորյանը՝ դեսպանատան հերթի տեղը փողով ծախելու մասին

Դեկտեմբեր 19,2023 14:25

Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստի ժամանակ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը ներկայացրեց զեկույց՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդիրների հետ կապված: Նա ասաց, որ 2014-ից մոնիտորինգ են իրականացրել, որովհետեւ բացի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» (ՀԸԳՀ, CEPA), ԵՄ-ի հետ եղել են եւս երկու պայմանագրեր՝ վիզաների հեշտացման եւ Ռեադմիսիայի:

Կորոնավիրուսն ու պատերազմը խաթարեց գործընթացը ինչ-որ չափով, ստիպված սահմանափակումներ մտցրեցին. «Դե յուրե աշխատում են, դե ֆակտո խնդիրներ կան: Սրանք պարունակում են 12 խմբերի մարդկանց վիզաներ տալու, բազմավիզա տալու հնարավորություններ, ավելի քիչ փաստաթղթեր ներկայացնել եւ այլն: Այս արտոնությունների շատ մասն այսօր չի աշխատում: Մոնիտորինգի ժամանակ ուսումնասիրում էինք Մոլդովայի եւ Վրաստանի օրինակները, իրենք մեծ գործընթաց անցան: Վիճակագրական տվյալներ ենք ուսումնասիրել ու ինչն էր հետաքրքիր՝ մերժումների դեպքում շատ բարձր էր տոկոսը Վրաստան, Հայաստանի դեպքում՝ 12%-ի էր հասնում, մինչդեռ Բելառուսի դեպքում 1%-ի չէր հասնում, այն դեպքում, երբ մենք շատ ավելի ժողովրդավար ենք: Պարզվեց՝ այստեղ այլ պրոբլեմ կա՝ անփույթ փաստաթղթեր հավաքելու ավանդույթ ունենք: Բացի դրանից, հարցեր կային սահմանների կառավարման հետ կապված, տեխնիկական հարցեր էին: Շատ մարդիկ թերի փաստաթղթեր են ներկայացնում, հետո նեղանում են, որ մերժում են»:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ շատ հիասթափեցնող են դեսպանատների հերթերը ու գիտեն, որ կա այսպիսի խնդիր՝ փողով հերթը առաջ են գցում, իսկ հերթերն ինքնին վնասում են ԵՄ հեղինակությանը. «Եվրոպական հյուպատոսություններից մեկը արեց հետաքրքիր փորձ. ամեն ուրբաթ օրը վերաթարմացնում էին ամբողջ հերթը ու պարզվեց, որ «լեւի», ֆորմալ գրանցվածները լիքն էին, որոնք ծախում էին տեղերը: Մենք առաջարկում ենք այդպես անեն մյուս հյուպատոսությունները ու կտեսնեն, որ ֆորմալ գրանցված են, որ հետո իրենց մարդկանց ավտոմատ մտցնեն»:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ եվրոպական հյուպատոսությունները հրաժարվեցին բազմավիզա տալ. «Հետաքրքիր դեպքեր կան, երբ մարդիկ ունեցել են 3 տարվա, 5 տարվա բազմավիզա, ավարտվում է ժամկետը, գնում են հյուպատոսություն, որ միջոցառման գնան, իրենց տալիս են 4 օրվա վիզա»: Սովորաբար, ըստ նրա, երբ մարդը գնում է եվրոպական երկիր ու չի խախտում ոչ մի օրենք, վերադառնում է, հաջորդ անգամ պետք է ավելի երկար ժամանակով վիզա տան, քան նախորդ անգամ, ինչը միշտ չէ, որ անում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031