Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ժողովրդին կոչ ենք անում պայքարել սեփական ազատության, մարդկային ու քաղաքացիական արժանապատվության համար. հայտարարություն

Դեկտեմբեր 19,2023 15:07

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«Վերջերս հայտնի դարձավ, որ հաջորդ տարվա փետրվարին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Սպասվող ընտրությունները կարելի է վստահորեն համարել ոչ թե արտահերթ, այլ «զավեշտահերթ»՝ հաշվի առնելով, որ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, ով ուղիղ 20 տարի գտնվում է պետության ղեկին, առաջադրվել է նախագահի թեկնածուի պաշտոնում՝ ապացուցելով բռնատիրական ռեժիմի վերարտադրման և արտահանման մոտակա ծրագրերը։

Արտահերթ ընտրությունների անցկացումը հետապնդում է մի քանի նպատակ։ Առաջին հերթին նոր ընտրատեղամասեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի բռնագրավված տարածքներում։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է հավելյալ օրինակարգություն հաղորդել իր իշխանությանը և վերջնականապես ծածկել ընդամենը ամիսներ առաջ մարդկության դեմ կատարված հանցանքները՝ այն է միտումնավոր հարուցված հումանիտար ծայրահեղ ճգնաժամի մեջ գտնվող ավելի քան 100 հազար բնիկ հայության էթնիկ զտումը և բռնի տեղահանումը այն տարածքից, որտեղ ավելի քան երեք տասնամյակ զարգացվել էին կառավարման ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ ընտրությունների ժամանակ խրախուսվում և հարգվում էր բազմակարծությունը։

Սա բռնատիրության արտահանման խիստ վտանգավոր գործընթաց է, որը նախադեպային կարող է լինել տարածաշրջանային հետագա զարգացումների համար։ Ենթադրելի է, որ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն բազմաթիվ այլ թեկնածուներ, ովքեր ոչ այլ ինչ են, եթե ոչ գրպանային ընդդիմության ներկայացուցիչներ, որովհետև ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով և այլախոհներով, շատերը պարզապես արտաքսված են երկրից կամ գտնվում են ընդհատակում։

Քաղաքական հետապնդումներն իրենց բնույթով և մեթոդներով քիչ են զիջում անցյալ դարի դասական բռնատիրական համակարգերին։

Արտահերթ ընտրություններում սպասվող հաղթանակով Իլհամ Ալիևը փորձում է ամրագրել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ տարած ռազմական հաջողությունների հետևանքով ստացած փխրուն հասարակական աջակցությունը, որն Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական, հասարակական-բարոյական բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում արագորեն կարող է դեգրադացվել։ Ադրբեջանցի ժողովուրդը, որ արդեն երեք տասնամյակ է, ինչ զրկանքներ է կրում անազատության և կոռումպացված բյուրոկրատական նավթային սարդոստայնում, մի օր անհրաժեշտ վճռականություն կգտնի վերականգնելու իր ոտնահարված իրավունքները։

Ադրբեջանում բռնատիրության վերացումը պետք է սկսվի ոչ թե արտահերթ ընտրություններով, այլ կատարված հանցանքների համար համապատասխան պատասխանատվություն կրելով, որպիսին կարող է լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի ապահովումը՝ միջազգային վերահսկողությամբ ու անվտանգության երաշխիքներով, ինչպես նաև 1988-1992թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից հայրենազրկված ավելի քան կես միլիոն հայության ոտնահարված իրավունքների վերականգնումը՝ համապատասխան վերադարձի կամ համարժեք փոխհատուցման միջոցով։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ժողովրդին պայքարել սեփական ազատության և մարդկային ու քաղաքացիական արժանապատվության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031