Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել. Հայկուհի Հարությունյան. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 19,2023 13:10

Եթե առկա խնդիրները լուծվում են ըստ նպատակայնության է, այլ ոչ թե՝ ըստ օրենքի և իրավունքի կանոնների, ապա, բնականաբար, կոռուպցիայի առումով, խաղի կանոնների տեսանկյունից, գուցեև, ոչինչ չի փոխվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նկատելով, որ կոռուպցիան ավելին է, քան կաշառքը կամ շահերի բախումը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի իշխող խմբակցության կողմից դեկտեմբերի 7-ին տապալվել է ԿԸՀ անդամի ընտրության գործընթացը։ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և վարչության պետ Նարինե Ավետիսյանը, սակայն ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի և իշխող ուժի միջև։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ականների նկատմամբ ԿԿՀ-ի կողմից հարուցված վարույթներն են։ Բացի այդ, բազմիցս ԿԿՀ-ն բարեվարքության բացասական եզրակացություններ է ներկայացրել՝ արձանագրելով, որ տարբեր պաշտոններում թեկնածուների, այդ թվում՝ ԲԴԽ, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի և մի շարք այլ գործիչների առնչությամբ, որոնք իշխանությունները հաշվի չեն առել և տվյալ անձանց նշանակել են պաշտոններում։ Ավելին, Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել է իշխանությունների կողմից ճնշումների մասին՝ հայտնելով, որ ԱԱԾ-ից զանգ է ստացել։ Այս հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց մեր զրուցակիցը զերծ մնաց։

Ինչ վերաբերում է իր դեմ իրականացված արշավին, Հարությունյանը հարցը դիտարկեց՝ տարանջատելով երկու հանգամանք՝ ինստիտուցիոնալ առումով և անձնական։ Մասնավորապես, Հարությունյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում առաջին օրը հարցեր են հնչեցրել 15-17 պատգամավոր, որոնցից 6-7-ը հարց են ուղղել՝ բացառապես իր ընտանիքի անդամների հայտարարագրերի վերաբերյալ և, թեև Հարությունյանը մեկ անգամ պարզաբանել է, հայտնել, որ տեղեկությունը ճիշտ չէ, հայտարարագրերը ներկայացված են, հրապարակված, սակայն զուտ «պոպուլիստական» քաղաքականության տեսանկյունից ցանկացել են այնքան հնչեցնեն հրապարակային, որ դա իրականություն դառնա։ Բացի այդ, որևէ հարց չի տրվել այլ ինստիտուցիոնալ մարմնի գործունեության վերաբերյալ, ընդ որում, երբ կառավարությունն է հայտարարել, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ ինստիտուցիոնալ առումով կանխարգելմանն ուղղված ավելի մեծ մասշտաբ և խնդիրներ է դրված։

«Այստեղ հենց այդ բացի մասին է խոսքը։ Մի դեպքում՝ կառավարությունը կուրս է վերցրել հակակոռուպցիոն նոր ռազմավարության և քաղաքականության կանխարգելման կտորը՝ հաշվի առնելով բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք դուրս են բերվել առաջին փուլից, մյուս դեպքում՝ ԱԺ-ն, կարծես թե, անհաղորդ է ամբողջին և մարմնի անդամի ընտրությունն իրականացնում է չգիտես ում անձնական շահագրգռվածության հարցերի հիման վրա»,-ասաց Հարությունյանը։

Մյուս դիտարկումը, որը կատարեց մեր զրուցակիցը, վերաբերում է ինստիտուտի գործունեության հաշվետվողականության մոտեցումներին՝ նշելով, որ բոլոր խնդիրները, որոնք ինստիտուտի գործունեության տեսանկյունից բարձրացվում են՝ արդյո՞ք ստանդարտների հիման վրա են, թե քաղաքական կամ անձնական նպատակահարմարությունն է օգտագործվում։

«Այսինքն՝ ինչ-որ մեկը, չգիտեմ որտեղից, հորինել է թեզը, որ հաշվետվությունը, օրինակ, ներկայացված չէ, բայց իրենց հակվածությունը՝ ինչ-որ մի բան հնչեցնելու ավելի մեծ էր, քան այն, ինչը կա իրականում՝ պետության կոնկրետ գործունեության տեսանկյունից։ Այդ հակվածությունը տարավ նրան, որ մենք ինստիտուտի գործունեությունը չափում ենք ոչ թե նույն ինստիտուտի գործունեության համադրած բարեվարքության ստանդարտով, այլ՝ անձնական նպատակահարմարությամբ և, նրանց այդ պահին «զայրույթը» դրա մասին էր, երբ փորձեցի ձևակերպումը տալ՝ «եկել եմ նորից համոզվելու՝ իսկապես կամքը կա, թե ոչ»։ «Կամքն» ինչի՞ մասին էր՝ մենք հարցերը լուծում ենք՝ ըստ ստանդարտների, թե տեղափոխվում ենք նորից անձնային և քաղաքական նպատակահարմարությունների դաշտ։ Ինձ համար խնդիրը դա էր, քան՝ առանձին դրվագներով այս կամ այն հարցը, որովհետև եթե հարցերի լուծման մեխանիզմն, ըստ էության, արձանագրում ենք, որ չի փոխվել, դա կոռուպցիայի տեսանկյունից ինձ համար ավելի զգայուն խնդիր է, քան այն հարցերը, թվային խաղը կամ ճշգրտումները, որոնք փորձում էին բարձրացնել պատգամավորները։ Ընդ որում, նաև պատգամավորների նկատմամբ վարույթները, խնդիրը դրանում չէ, որը փորձեցին այդ տեսանկյունից ներկայացնել։ Չէ՞ որ ես հղում արեցի որոշումների տեսանկյունից, բայց կան նաև բարեվարքության եզրակացություններ, ստուգման արդյունքներ, որոնք գուցե վարույթի առարկա չեն դարձվել, բայց մարդիկ իրենց ավելի խոցելի և զգայուն են զգացել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ խնդիրն այն չէ՝ թիվը ճիշտ է, թե ոչ, գործ հարուցվել է, թե ոչ, խնդիրն այն է՝ հարցերը կամ առկա խնդիրները լուծվում են ըստ կանոնների՝ օրենքի և իրավունքի, թե՝ ըստ նպատակայնության․«Եթե ըստ նպատակայնության է, ապա, բնականաբար, կոռուպցիան իր դրսևորմամբ ավելին է՝ քան կաշառքը կամ շահերի բախումը, արդեն ինստիտուցիոնալ, համակարգային կոռուպցիայի մասին է, որտեղ խաղի կանոնների տեսանկյունից, գուցեև, ոչինչ չի փոխվել»։

Հարցին՝ ի վերջո որն էր պատգամավորների մոտիվացիան, արդյո՞ք դա պայմանավորված էր ինստիտուցիոնալ առումով ԿԿՀ քաղաքականության հետ, թե նեղ անձնական խնդիրներ են՝ Հարությունյանը պատասխանեց՝ ցավոք այդ հարցերի պատասխանը չունի, իրեն ևս հետաքրքիր է։

«Եթե մենք տեղափոխվենք ինստիտուցիոնալ դաշտ, ապա այդ դաշտում իմ՝ նույնիսկ անձնապես որպես արդեն նախկինում պաշտոն զբաղեցնող սուբյեկտի աշխատանքն այդ ձևով գնահատելը նշանակում է հաշվետու դարձնել նաև կառավարությանը։ Դա նշանակում է՝ իմ թերացումն ուղիղ վերագրելի է նաև կառավարությանը։ Ընդ որում, երբ այդ մասին մենք խոսում ենք պոստ ֆակտում։

Իրենց մատնանշած առանձին դեպքեր երկու տարվա վաղեմություն ունեն։ Բարեվարքության եզրակացությունները, որոնց մասին դժգոհություն էր պետք, բարձրացվեց, ենթադրենք՝ ճիշտ է, ես դրա հետ համաձայն չեմ, ենթադրենք, հիմա ընթացքում դրա մասին չխոսելը ինստիտուցիոնալ մակարդակով, մեթոդաբանության բարեփոխման հարցը ժամանակին չբարձրացնելը, վերջում որպես արդյունք դառնում է, որ դա ընդամենն օգտագործվում է որպես կոնկրետ անձին հեռացնելու համար»,- արձանագրեց Հարությունյանը՝ հռետորական հարց բարձրացնելով՝ 10 օր անց արդյո՞ք ԿԿՀ-ում իրավիճակ է փոխվել, քանի բարեվարքության եզրակացություն է տրվել։

Նրա դիտարկմամբ՝ եթե չի հետաքրքրում ՝ բարեվարքության եզրակացությունը որակական առումով փոփոխվեց, թե՝ ոչ, այլ՝ հետաքրքրում է, որ կոնկրետ ինչ-որ մեկի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացությունն ԱԺ մի քանի պատգամավորի դուր չի եկել և դա վկայակոչելով փորձում են այդ մեխանիզմով հարց լուծել՝ լրջագույն խնդիր է։

«Իսկ եթե այդ հետևողականությունը չի դրսևորվում փոփոխությունն ինստիտուցիոնալ մակարդակում ապահովելու համար, այսինքն, ԱԺ-ն անմիջապես փակ քննարկում պետք է հրավիրեր Հանձնաժողովի գործող կազմով՝ հենց այդ հարցը քննարկելու համար, որ կոնկրետ անձին անհավանության արժանացրին՝ գտնելով, որ խնդիր կար և եթե անձը գնաց և խնդիրը դեռևս ակտուալ է, պետք է արագ այդ խնդիրն էլ լուծվի, որովհետև եթե ես այնտեղ չեմ, որտեղ համոզմունքը, որ եզրակացությունները նույն մեթոդաբանությամբ չի կազմվում, դա որոշմամբ հաստատված է։ Ես չտեսա, որ Հանձնաժողովն արագ փոփոխել է բարեվարքության հարցաթերթիկը՝ նոր որոշմամբ, այլ հարցաթերթիկ ներկայացրել։ Իմ չափման ստանդարտը սրանք են։ Որքանով է այդ որոշումների կայացումն իսկապես պրոֆեսիոնալ մակարդակում, որքանով է հետևողականություն դրսևորվում՝ իրենց կողմից արձանագրած խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե չկա այդ հետևողականությունը, ապա դա կոնկրետ վկայում է, որ կա անձնավորված մոտեցում»,- ընդգծեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ԿԿՀ-ի կողմից տարբեր անձանց՝ Գագիկ Ջհանգիրյանի, ՍԴ դատավորի թեկնածուի, դատավորների թեկնածուի և մի շարք այլ պաշտոնյաների վերաբերյալ բարեվարքության բացասական եզրակացությունները, որոնք փաստացի հաշվի չեն առնվել և անձը, միևնույն է, պաշտոնի է նշանակվել, առաջխաղացում ունեցել, Հարությունյանը նկատեց՝ աստիճանակարգումը կատեգորիկ չի լինում՝ միայն դրական կամ բացասական, լինում է դրական՝ վերապահումով, որով արձանագրվում է բոլոր այն հանգամանքները, որոնք պետք է, որ նշանակող մարմնին հուշեն, որ կա որոշակի անհանգստություն և եթե կարողանալու են այդ անհանգստությունը կառավարել, ապա նշանակման տեսանկյունից ԿԿՀ-ն խնդիր չի տեսնում։ Հարությունյանը, միևնույն ժամանակ, ընդգծում է՝ եզրակացության մեջ նշվում է, որ այդ տեսակի անհանգստացնող հարցերի կառավարումն արդեն նշանակող մարմնի տիրույթում է, ոչ թե՝ ԿԿՀ-ի։

«Եթե կա բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտ, որն ինձ էլ է վերաբերում, հարցում եմ կատարել ԱԺ-ին, պատասխանը դեռ սպասում եմ, որովհետև ես էլ տեղում բացահայտեցի, որ բարեվարքության եզրակացություն չի կազմվել, որը պետք է իրականացվեր մրցույթային խորհրդի կողմից՝ ԱԺ աշխատակազմի միջոցով, որովհետև հարցերը, որոնք հնչեցվել են պատգամավորների կողմից՝ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերի, ենթադրյալ շահերի բախման վերաբերյալ, ինդիվիդուալ պատգամավորների կողմից հնչեցվող հարցեր չլինեին, դրանք պետք է ինստիտուցիոնալ ձևով իրականացվեր՝ստանդարտների հիման վրա, ներկայացվեր բարեվարքության եզրակացության մեջ, մինչդեռ, դա չի արվել, առանձին պատգամավորներ դա իրենց նախասիրությամբ օգտագործում են։ Եթե հանձնաժողովի տեսանկյունից նայում ենք, ապա Հանձնաժողովը միշտ ստանդարտ բարեվարքության եզրակացություն է տվել, որի հետ նշանակող մարմինը կարող է անհամաձայնություն ունենալ և այդ դեպքում պատասխանատվությունը մնում է նշանակող մարմնի վրա, բայց այս դեպքում, երբ բարեվարքության ուսումնասիրություն արված չէ, եզրակացություն կազմված չէ, ամբողջը թողնված է պատգամավորների ճաշակին և նախասիրությանը՝ ինչ հարց տան, ինչպես մեկնաբանեն՝ սա էլ է թույլ տալիս խոսելու այն մասին, որ չեն կիրառում ստանդարտը, այլ՝ անձնական նախասիրությունը։ Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել, իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի կանխարգելումը ինստիտուցիոնալ պատասխանատվության մասին է»,- ասաց Հարությունյանը՝ որպես օրինակ մատնանշելով այն, որ ԿԿՀ-ի կողմից տրված մոտ 1200 բարեվարքության եզրակացությունը, որոնց մի մասը բողոքարկվել է Վարչական դատարանում, այդ թվում՝ դատավորների կողմից և, դատարանները հարցին մոտենալիս հանրային շահը գերադասել են դատավորների կորպորատիվ շահից՝ առաջնորդվելով օրենքով, ստանդարտով․ «Պատկերացրեք՝ դատավորը վերցներ և իր գործընկեր դատավորի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունը գնահատեր ոչ թե օրենքի և իրավունքի ստանդարտով, այլ՝ իրեն դուր գալ կամ չգալու, սիրել-չսիրելու կատեգորիայով, ի՞նչ կլիներ։ Դատավորների կորպորատիվ շահը ստորադասվեց հանրային շահին, այդ մարդիկ հստակ հասկացան, որ որքան էլ՝ որպես սուբյեկտ դժգոհեն, բայց ստանդարտն օրենքն է, օրենքում գրված է, ԿԿՀ-ն պահպանել է, հետևաբար, դրանից դուրս գալու իրավունք չունեն։ Պատկերացրե՞ք՝ ինչ կարող էին անել դատավորները, որոնք ավելի մեծ լիազորություն ունեին, ամբողջ ինստիտուտը կքանդվեր։ Ոչ թե պատգամավորների նման պոպուլիստական հայտարարություններ կանեին, թե դեղին մամուլ է, ասեկոսե է օգտագործվում և այլն,այլ՝ իրավական տեսանկյունից շատ գրագետ կհիմնավորեին, բայց դա չարվեց, որովհետև իրենք հարցին նայեցին պետության շահի և իրավունքի տեսանկյունից՝ հանձնաժողովի գործունեության բարեվարքության ուսումնասիրության այդ ստանդարտ կիրառելն ավելի գերակա է, քան՝ այն անձնական շահը, որը փորձել է պաշտպանել դատավորը։ Դա չի կարող ահռելի դրական գնահատականի չարժանանալ։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում՝ դատական համակարգն այդ փորձությունը կամ «քննությունը» հանձնել է։ Այսինքն՝ մենք, ես՝ որպես սուբյեկտ, իրենց որոշման առարկա էլ եմ եղել ավելի վաղ, քան՝ ԱԺ-ում և իրենք այդ ստանդարտը պահել են և այդ խնդիրը լուծվել է իրավունքի դաշտում, այլ ոչ թե՝ անձնական-քաղաքական։ ԱԺ-ն, փաստացի, տեղափոխեց այլ հարթություն։ Անգամ վիճաբանությունը քննարկման առարկա չդարձվեց, որևէ մեկը հարց չբարձրացրեց՝ ինչու է այդպես գնահատվում, ինչու է կարևոր, որ թեկուզ «Ասեկոսեի» լուրը (ես, իհարկե, այդ ձևակերպման հետ համաձայն չեմ․ Հարությունյան) տեղ գտնում եզրակացության մեջ, մինչդեռ, դա այդպես չէ, չի կարելի այդպես խոսել, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդվում ԱԺ ամբիոնից, որովհետև այնպես չէ, որ այդ նյութը տեղ է գտնում եզրակացության մեջ, դա տրվում է որպես հավելյալ տեղեկություն՝ նշանակող սուբյեկտին, որ պատկերացում կազմեն այդ մարդու մասին ինչ են խոսում»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ այդ ամբողջը լրիվ այլ մեխանիզմով գնահատականի արժանացավ՝ ի տարբերություն նույն դատական իշխանության, նույնիսկ՝ ԲԴԽ-ի, դատախազության, որոնք ևս անհամաձայնություններ են ունեցել, բայց երբեք անձնական հաշիվ մաքրելու կամ անձնական պատասխանատվության առարկա չի դարձվել այս տարիների ընթացքում։

«Չէ որ եզրակացություններն արդեն չորս տարի է, ինչ ներկայացվում է։ Ենթադրենք՝ ես այս տարի չգնայի ԱԺ, իմ ժամկետը չլրանար, մեկ տարի անց լրանար, այսինքն՝ ԱԺ կոնկրետ պատգամավորների համար նորմալ է, որ այդ մեթոդաբանությամբ եզրակացություն տալը շարունակվեր, իրենք կարո՞ղ էին սպասեին, որ ես հասնեի ԱԺ։ Ինձ համար խնդիրը ստանդարտն է, ոչ ՝ պաշտոնը, պատասխանատվությունից խուսափելը ․․․։ Ինձ համար կարևորը, սկզբունքայինը, որը միշտ պահել եմ այն է՝ հարցերը լուծվում են պետության որդեգրած իրավական ստանդարտով, թե՝ ըստ նպատակային քաղաքականության»,- ընդգծեց Հարությունյանը։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031