Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման ուղղությամբ. Բալայանը՝ Միշելին

Դեկտեմբեր 19,2023 13:07

Դեկտեմբերի 18-ին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրեց դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Կարևորելով և բարձր գնահատելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Շառլ Միշելի անձնական ջանքերը՝ դեսպան Բալայանը շեշտեց, որ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից և դրանց համար հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Ադրբեջանին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Դեսպանը Եվրոպական խորհրդի նախագահին մանրամասներ հաղորդեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի օրեցօր ավելացող նկրտումների և խաղաղությանն ուղղված գործընթացը ձախողելու շարունակական փորձերի մասին, այդ թվում՝ Գրանադայում և Բրյուսելում նախատեսված բանակցություններին չներկայանալու իրական պատճառների վերաբերյալ։

Երկուստեք մտքեր փոխանակվեցին նաև սահմանազատման գործընթացի և հաղորդակցության ուղիների և ճանապարհների ապաշրջափակման մասին, որի շրջանակներում դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և ընդգծեց այն Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության մեջ ներառելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդրեց իր ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031