Արդեն մի քանի ամիս է «Օրրան»-ը պաշտոնյաներին ուղղված նամակներով ու լրատվամիջոցներով, ահազանգում է, որ ապօրինություն է տեղի ունենում: «Օրրան»-ին կից կառուցվում է հասարակական նշանակության շինություն, որը վտանգում է հարյուրավոր երեխաների, աշխատակիցների, հյուրերի և կամավորների կյանքը, քանի որ չեն պահպանվում հակահրդեհային կանոնները, որոնք պահանջում են 6 մետր հեռավորություն՝ հասարակական նշանակություն ունեցող շենքերի միջև (շենքը կառուցվում է 1.6 մետր հեռավորության վրա)։
Հատկանշական է, որ շենքը կառուցվում է հողամասի ոչ թե այն հատվածի վրա ուր շինթույլտվությունը և նախագիծը նախատեսում են, այլ տեղադիրքի շեղումով՝ հողամասի այլ հատվածում։ Այս պարագայում քաղաքապետարանը և տեսչական մարմինը, անկախ նրանից կառուցողը շինարարության թույլտվություն ունի, թե ոչ, պարտավոր են անհապաղ կասեցնել ապօրինությունը և պատասխանատվության ենթարկել կառուցապատողին: Ավելին՝ շինարարության թույլտվության ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն քաղաքապետարանը ունենալով պարտականություն արձագանքելու և տուգանելու իրավախախտին, անգամ իր այս գործառույթը չի կատարում։
Պարոն Ավինյան, ինչո՞ւ չեք արձագանքում, քանի որ քաղաքապետարանը անօրինական շինթույլտվություն է տվել՝ շինություն կառուցել արդեն գոյություն ունեցող շենքից 2.5 մետր հեռավորության վրա: Ինչո՞ւ հարցեր չեք ուղղում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաններին՝ հասկանալու անօրինականության պատճառը և վերացնելու այն:
Կրկնում ենք՝ հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում, փակվում են նրանց համար օրվա ընթացքում բնական լույսը արտացոլող պատուհանները (ի դեպ, պատուհաններից երկուսը հոգեբանի սենյակում են, որտեղ տասնյակ երեխաներ՝ ներառյալ Արցախից, մասնագետների օգնությամբ փորձում են գտնել իրենց կորցրած երազանքները):
Կարդացեք նաև
Պարոն Ավինյան, Դուք մի քանի ամիս առաջ ասում էիք՝ ասեք և մենք կանենք․ մենք ԱՍՈՒՄ ԵՆՔ, մնում է դուք ԱՆԵՔ:
«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյան