Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Բոտսվանայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս կապակցությամբ Aravot.am-ը հետաքրքիր փաստեր է առանձնացրել հարավաֆրիկյան այս ոչ այդքան հայտնի, բայց հրապուրիչ և շատ առումներով Հայաստանին նման երկրի մասին:
Ամենանոսր բնակեցված երկրներից մեկն աշխարհում
Կարդացեք նաև
Բոտսվանայի Հանրապետությունը դեպի ծով ելք չունեցող պետություն է աֆրիկյան մայրցամաքի հարավում: Տարածքը 581.730 քկմ-է, բնակչությունն ըստ 2023-ի տվյալների՝ 2.417.596: Այսպիսով, Բոտսվանան աշխարհի առավել նոսր բնակեցված երկրներից է:
Պաշտոնական լեզուն անգլերենն է, իսկ բնակչության 75%-ից ավելին քրիստոնյա է՝ հիմնականում Անգլիկան եկեղեցու հետևորդներ: Մայրաքաղաքը Գաբորոնեն է: 1885-ից Բոտսվանան բրիտանական պրոտեկտորատ է եղել: Մեծ Բրիտանիայից իր անկախությունը ձեռք է բերել 1966-ին: «Բոտսվանա» նշանակում է «ցվանանների երկիր»:
Ի դեպ, Բոտսվանայում մեքենաները վարում են ճանապարհի ձախ կողմում, ինչպես Մեծ Բրիտանիայում է:
Խորհրդարանական և նախագահական համակարգերի միաձուլում
Բոտսվանան ներկայացուցչական ժողովրդավարություն է:
Օրենսդիր մարմինը 65 պատգամավորից բաղկացած Ազգային Ժողովն է: 65 պատգամավորից 57-ին ընտրում է ժողովուրդը, 6-ին ընտրում են մնացյալ 57 պատգամավորները, իսկ մյուս երկուսը Հանրապետության նախագահն ու ԱԺ խոսնակն են, որոնք պատգամավոր են դառնում ի պաշտոնե:
Հանրապետության նախագահ է ընտրվում է այն թեկնածուն, որն արժանանում է ԱԺ 57 ընտրված պատգամավորների մեծամասնության հավանությանը: Ի դեպ, նախագահը և՛ պետության գլուխն է, և՛ կառավարության ղեկավարը:
Գործող՝ 5-րդ նախագահ Մոկգվիթսի Մասիսին պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի ապրիլից:
Երկրի գլխավոր դատարանը 27 դատավորից կազմված Բարձր դատարանն է: Նրանցից տարիքով ավագը Դատարանի նախագահն է:
Ամենաաղքատ երկրների տասնյակից ամենաարագ տեմպերով աճող տնտեսություններից մեկը
Բոտսվանան համարվում է ամենաարագ տեմպերով աճող տնտեսություններից մեկն աշխարհում: 2022-ին տնտեսական աճը 2021-ի համեմատ կազմել է 5.8%:
Տնտեսությունը գլխավորապես հիմնված է հանքարդյունաբերության, այդ թվում՝ թանկարժեք գոհարների արտահանման, զբոսաշրջության և անասնապահության վրա:
2022-ին մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմել է 7.737,7 ԱՄՆ դոլար (ՀՀ-ում՝ 7.014,2 ԱՄՆ դոլար): Պետական պարտքը կազմում է 3,5 մլրդ ԱՄՆ դոլար (ՀՀ-ն՝ 11,1 մլրդ ԱՄՆ դոլար): Ըստ Moody’s-ի՝ Բոտսվանայի սուվերեն վարկանիշը «A3»- է՝ կայուն հեռանկարով (ՀՀ-ն՝ «Ba3»՝ բացասական հեռանկարով, 6 մակարդակով ցածր Բոտսվանայից): Մեկ ԱՄՆ դոլարը փոխանակվում է 13,4 բոտսվանական պուլայով:
Չնայած Transparency International-ը Բոտսվանան որակում է որպես կոռուպցիայի ամենանվազ ցուցանիշներ ունեցող աֆրիկյան պետություն, ընդդիմադիրները փաստում են, որ պետական համակարգում կոռուպցիան դեռևս չլուծված է մնում:
1966-ին Բոտսվանան ամենաաղքատ երկրների տասնյակում էր, ուներ ընդհանուր 12 կմ ավտոտրանսպորտի ճանապարհ և զգալի թվաքանակով անգրագետ բնակչություն, իսկ այսօր համարվում է հաստատակամության և նպատակաուղղված քաղաքական և տնտեսական բարեփոխումների միջոցով հաջողության հասած հիանալի օրինակ:
Փոքրաթիվ բանակը
Անկախանալիս՝ Բոտսվանան հրաժարվել է զինված ուժերի ստեղծման գաղափարից և որոշել կենտրոնանալ հասարակական, քաղաքական և տնտեսական լայնամասշտաբ բարեփոխումների վրա: Սակայն, 70-ականների տարածաշրջանային լարվածության արդյունքում, 1977-ին Ազգային Ժողովն օրենք ընդունեց Բոտսվանայի պաշտպանական ուժերի հիմնադրման մասին:
Աֆրիկյան այս երկրում պարտադիր ժամկետային զինծառայության համակարգ չի գործում: Բանակի զինծառայողների թիվը հասնում է 10.000-ի: 2022-ին Բոտսվանայի ռազմական բյուջեն կազմել է 489 մլն ԱՄՆ դոլար (պետական բյուջեի 8.07%-ը)՝ զգալիորեն պակասելով 2021-ի 522 մլն ԱՄՆ դոլարից:
Աչքի ընկնող բնությունը
Բոտսվանա այցելող զբոսաշրջիկները մշտապես առանձնացնում են երկրում վայրի բնության բազմազանության փաստը: Աֆրիկայի այս հատվածի տպավորիչ բնության մասին են փաստում նաև բնագետներն ու կենդանաբանները: Բոտսվանայի բնության մասին պատմելիս բոլորն էլ անդրադառնում են Օկավանգու դելտայի և նրա գեղեցկության մասին: Հենց այստեղ են բնակվում աշխարհի ամենավտանգված մի շարք կենդանատեսակներ՝ ընձառյուծը, սպիտակ և սև ռնգեղջյուրները, աֆրիկյան վայրի շունը և այլն:
Բոտսվանան առատ է նաև փղերով, ընձուղտներով, զեբրներով (այն բոտսվանացիների ազգային կենդանին է), օձերով, մողեսներով, կոկորդիլոսներով, ֆլամինգոներով և զանազան այլ կենդանիներով:
Ամփոփելով՝ հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Բոտսվանայի ԱԳ նախարար Լեմոգանգ Կվապեն շեշտել է Հայաստանի և Բոտսվանայի նմանությունները և ընդհանրությունները. «Մեր երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, և երկուսն էլ փոքր պետություններ են թե՛տնտեսությամբ, թե՛այլ չափանիշներով։ Մենք ունենք բնակչության գրեթե նույն թվաքանակը: Այսպիսով, ես կարծում եմ, որ սա մեզ տալիս է հնարավորություն դառնալ իրական գործընկերներ և ունենալ իրական գործընկերություն», – նշել է Կվապեն:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ասել է. «Լիահույս ենք, որ հետագայում մեր աշխատանքի շնորհիվ և նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, կզարգացնենք մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև գիտություն, կրթություն և իհարկե նաև համագործակցություն միջազգային հարթակներում»:
Հայաստանի համար աֆրիկյան միջին զարգացում ունեցող երկրները կարող են լավ գործընկերներ դառնալ: Աֆրիկան մեծ ներուժ ունեցող մեծաքանակ երկրներ ունի, և սխալ կլինի թերագնահատել նրանց, մանավանդ մայրցամաքի հարավում գտնվող երկրներին:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ