Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն առավելություններ ունի, եթե՝ կա

Դեկտեմբեր 19,2023 10:00

Արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ հայաստանյան քաղաքական ռեժիմը ամենեւին էլ ժողովրդավարական չէ: Վարչապետ Փաշինյանի՝ ավտորիտար կառավարման ապացույցները բազմաթիվ են: Դրանցից ամենակարեւորը երեքն են:

Առաջինն այն է, որ մեր երկրում չի եղել եւ չկա իշխանության ճյուղերի բաժանում: Օրենսդիր մարմինն, ըստ էության, որեւէ ազդեցություն չունի ընդունվող որոշումների վրա եւ միայն «դակում է» կառավարության ներկայացրած նախագծերը: Մեծամասնությունն անվերապահորեն կատարում է վարչապետի կամքը, որովհետեւ ՔՊ պատգամավորներն իրենց մանդատներով, իրենց կարիերայով, իրենց «հարաճուն» ունեցվածքով պարտական են Փաշինյանին:

Դատական իշխանությունը նույնպես գործադիրի կցորդն է: 5 տարվա ընթացքում անցկացվել է քիչ թե շատ ինքնուրույն դատավորների «զտումը», որը սկսվել է գործադիր իշխանության ղեկավարի կողմից հրահանգավորված՝ դատարանների վրա հարձակմամբ: Հայաստանի դատարանները քաղաքական ընդդիմախոսների հետ «հաշիվ մաքրելու» գործիք են, ընդ որում՝ վրեժխնդիր են լինում նաեւ կյանքից հեռացած մարդուց:

Հայաստանի՝ ոչ ժողովրդավար լինելու երկրորդ ցուցիչն է ընդդիմադիրների կամ պոտենցիալ վտանգ ներկայացնողների (օրինակ՝ Գրիգորի Խաչատուրովի) հետապնդումը: Իշխանության ճյուղերի տարանջատված չլինելը եւ ընդդիմադիրներին հետապնդելը 30 տարվա հայաստանյան պրակտիկա է, իսկ ահա «ՔՊ-ական նորույթ» կարելի է համարել մարդկանց դեմ ֆեյսբուքյան գրառումների համար քրեական գործեր հարուցելը: Դա՝ այն պարագայում, երբ իշխանության կողմնակիցների շատ ավելի գռեհիկ, հայհոյախոսական գրառումները որեւէ ուշադրության չեն արժանանում, փոխարենը՝ ընդդիմադիրները ռեպրեսիվ ապարատի խոշորացույցի տակ են: Օրինակ, իշխանությանը հանգիստ չեն տալիս իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումները, եւ իրավապահները պարբերաբար հրահանգներ են ստանում նորանոր գործեր հարուցելու:

Եվ վերջապես՝ ոչ ժողովրդավարության երրորդ ցուցիչը իշխանության կողմից տեղական ինքնակառավարման գաղափարը տապալելն է: Այն դեպքերում, երբ ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններում, տեղի է ունենում իշխանության փաստացի բռնազավթում:

Իսկ թե ինչու է Արեւմուտքն, այնուամենայնիվ, Հայաստանը ժողովրդավարական երկիր հռչակում, պարզ է. գործում է «նա շանորդի է, բայց մե՛ր շանորդին է» դասական ամերիկյան սկզբունքը:

Այստեղ կա ավելի կարեւոր մի պահ: Ես վստահ եմ, որ իսկական ժողովրդավարությունը երկարատեւ պատմական հեռանկարում շոշափելի առավելություններ ունի ավտորիտարիզմի նկատմամբ. մասնավորապես՝ ավելի մրցունակ է տնտեսական եւ ռազմական տեսանկյունից: Բայց, երբ մրցակցության մեջ են մտնում թույլ, մեղմ ավտորիտարիզմը (ինչպիսին Հայաստանում է) եւ դաժան, կարծր ավտոկրատիան (ինչպիսին Ադրբեջանում է), առավելությունը ստանում է երկրորդը: Դա, իհարկե, առանձին քննարկման թեմա է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե հնարավոր է հերոսի կոչում շնորհել հետմահու, ապա հնարավոր է նաև դատավճիռ կայացնել հետմահու։
    Թիվ 1 պետական հանցագործ Լևոն Տեր Պետրոսյանը ստորագրեց (Դեկտեմբերի 21, 1991) Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի մուտքը ԱՊՀ (ԽՍՀՄ առանց Բալթյան երեք հանրապետությունների): Վավերացվել է նորաստեղծ Հայաստանի Երրորդ Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի (Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդ, ՀՀ ԳԽ) պատգամավորների կողմից (ներառյալ «Արցախ» պատգամավորական խումբ, 11 պատգամավոր): Սրանք էլ են հանցագործներ
    Անկասկած, նման հանցագործներին սպասվում է հետմահու դատական պատիժ։ Եվ դրանք շատ են։
    Բայց դա տեղի կունենա երկրորդ ջրհեղեղից հետո։

  2. Լավատես says:

    Սովետը քանդողները իրենց մանկլավիկներով շարունակեցին եւ շարունակում են նորանկախ պետությունները քանդել, այնպես որ երեկ եւ այսօր բոլոր պետությունների ղեկավարները կեղծ պետական գործիչներ էին եւ են, դրանց համար ազգային որեւէ արժեք չկա, դրանք տրանսնացիոնալ են, իսկ ժողովուրդը ոչավանդական քաղաքական տրանսնացիոնալին ավանդական քաղաքական ազգայնականից չի տարբերում եւ ամենաարդար ամենաժողովրդավարական ընտրությունների ժամանակ գնում ընտրում է ոչավանդական տրանսնացիոնալին: Հիմա ո՞վ պետք է ժողովրդին հետ պահի նման անգրագետ ազգակործան ընտրությունից: Միայն ավանդական քաղաքական ուժերը: Տրանսնացիոնալին նորմալներից կարելի է տարբերել ազգայինի հանդեպ ունեցած վերաբերմունքով, տրանսնացիոնալի համար ամեն ազգայինը՝ կեղծ կատեգորիա է, ասենք, ազգային գաղափարախոսությունը կամ ազգային համաձայնության հասկացությունը տրանսնացիոնալի համար կեղծ կատեգորիաներ են: Կան տրանսնացիոնալներ, ովքեր նսեմացնում են ամեն ազգայինը, խառնելով ազգայնականությունը ազգայնամոլության հետ եւ իբր պայքարելով ազգայնամոլության դեմ իրականում տրանսնացիոնալները պայքարում են ազգայինի դեմ: Քանի դեռ աղվեսին հավաբնի պահապան ենք կարգում կամ էլ պարտեզի պահապան ենք կարգում կազյոլին, հավաբունը հավերի ու պարտեզն իր ծաղիկների հետ վարի ենք տալիս: Ավանդական քաղաքական գործիչներ, ժողովրդին ցույց տվեք, թե ովքեր են ազգի պետական պաշտոնների ոչավանդական թեկնածուները, որ ազգովին խուսափենք գոյաբանական ազգակործան ընտրություն կատարելուց: Եւ երբ իշխանության գան ավանդական ազգային ուժերը, մենք ազգովին կնվիրվենք մեր ազգային պետության կերտմանն եւ ընդլայմանը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031