Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը կքննարկվի առանց Երևանի մասնակցության. «Ազատություն»

Դեկտեմբեր 18,2023 23:33

Թեև Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հավաքին պաշտոնական Երևանն այսօր մասնակցեց փոխվարչապետի մակարդակով, վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ այլ՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը կանցնի առանց հայկական կողմից որևէ ներկայացուցչի:

Ազգային ժողովից «Ազատության»-ը վերահաստատեցին՝ Մոսկվա չի մեկնի ոչ միայն խորհրդարանի խոսնակը, այլ նաև՝ Ազգային ժողովի պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր՝ պատճառը ՀԱՊԿ-ից Երևանի դժգոհություններն են: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել՝ գնանք այնտեղ ինչի՞ համար», – նշել է Ալեն Սիմոնյանը:

Չնայած Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը բոյկոտելու Երևանի այս հիմնավորումներին՝ օրերս Ռուսաստանի նախագահը պնդել էր, թե հայկական կողմի «բացակայությունները պայմանավորված են հայաստանյան գործընթացներով և կապված չեն այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը չշարունակելու հետ»։ Հայաստանից ևս ընդունում են՝ այդ կառույցներից դուրս գալու մտադրություն առայժմ չունեն, սակայն ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհությունները պահպանվում են:

«Իրավիճակն այնպիսին է, որ մենք ամեն դեպքում մեր գործընկերների հետ պետք է բաց ու թափանցիկ խոսենք, ինչը մենք միշտ արել ենք ու ակնկալել ենք նման պահվածք ու հիմա էլ ենք ակնկալում: Ես ամենայն անկեղծությամբ ուզում եմ հույս հայտնել, որ մեզ ի վերջո կհաջողվի աշխատանքային այնպիսի պայմաններ ստեղծենք, որ երկուստեք մենք կհասկանանք մեր փոխգործակցության արդյունավետությունը», – ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Այդուհանդերձ, հայկական կողմի բացակայությամբ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի վաղվա նիստում կքննարկվի նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: Դրա ստեղծման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքից հետո, որին Հայաստանի վարչապետը չմասնակցեց: Այդ օրը ՀԱՊԿ-ը տասնյակից ավելի փաստաթղթեր է ընդունել։ Սպասվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի դրանք, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց:

Պաշտոնական Երևանը այդ օրերին նշել էր, թե կդիտարկի փաստաթղթերին միանալու հարցը, դրանց թվում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը: Արտգործնախարարությունը այս առնչությամբ նոր տեղեկություններ չի հաղորդում: Համակարգին միանալ-չմիանալու հարցով զգուշավոր են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրում»: Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամները առհասարակ չցանկացած մեկնաբանություն տալ:

Իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ, կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը ևս հարցին ուղիղ պատասխան չի տալիս, սակայն առաջարկում է Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին ծայրաստիճան զգույշ վերաբերվել: «Մենք պետք է շատ սթափ լինենք, պետք է գնահատենք իրավիճակը. Հայաստանի Հանրապետությունն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի աշխատանքների բուռն պրոցեսում, բայց մեզ համար անվտանգային երաշխիքները չափազանց կարևոր են», – նշեց Հակոբյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031