Լրահոս
Օրվա լրահոսը

«Խառնաշփոթում մենք մոռացանք հայրենիքը, հողի արժեքը, միմյանց արժեքը: Իսկ նման իրավիճակներում գլուխ է բարձրացնում «Հողին տիրում է նա, ով այն ամենաշատն է սիրում» կանոնը». Գուրգեն Ներսիսյան. news.am

Դեկտեմբեր 18,2023 23:03

Արցախի շրջափակման օրերին կառավարության աշխատանքի, Արցախ վերադառնալու, Արցախի պետական ինստիտուտները պահպանելու և այլ թեմաների շուրջ NEWS.am–ը զրուցել է Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։

Արցախահայերի բռնի տեղահանումից հետո բազմաթիվ խոսակցություններ կան, թե շրջափակման օրերին կառավարության աշխատանքը ոչ արդյունավետ է եղել։ Դուք եք պետնախարար եղել այդ օրերին և Ձեր գործունեության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել Սամվել Բաբայանի գրասենյակը։ «Որպես պետական նախարար և ի պաշտոնե որպես տնտեսական անվտանգության պետական քաղաքականության պատասխանատու, ինչպե՞ս է հաջողել այդքան հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը…Նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու»։ Ինչպե՞ս կարձագանքեք, արդյոք Ձեր պետնախարար նշանակվելն արտաքին ուժի կողմից պարտադրվել է Արայիկ Հարությունյանին։

Ընդհանրապես ես ունեմ մի սկզբունք, որի կիրառությամբ էլ որոշում եմ՝ հետևել ու արձագանքե՞լ այս կամ այն հրապարակումներին, թե՞ ոչ: Հենց այդ պատճառով ես անիմաստ եմ համարում արձագանքել Ձեր կողմից ներկայացված հայտարարությանը, քանի որ դրա նպատակներն ու ծագումնաբանությունն ինձ հայտնի են: Արցախի շրջափակման ընթացքում ես իմ դիմումի հիման վրա ազատվել եմ գլխավոր դատախազի պաշտոնից և նշանակվել եմ պետական նախարար: Այդ ընթացքում Արցախի կառավարության և անձամբ իմ կողմից արվել է առավելագույնը՝ Արցախի շրջափակման հետևանքները մեղմելու ուղղությամբ: Մենք տարօրինակ բնավորություն ունեցող ժողովուրդ ենք կամ այդպիսին ենք դառել, մենք չենք կարողանում գնահատել կամ գոնե մեր տեսածը հիշել, որպեսզի մեզ չկարողանան կողքից մոլորեցնել: Այն պահին, երբ ես հանդիսանում էի Արցախի Հանրապետության պետական նախարարը, բոլորի համար տեսանելի էր, թե ինչպես եմ ես անձամբ  ջանքեր գործադրում՝ ժողովրդին որոշ նյութապաշտների երախից հանելու համար: Բայց մյուս կողմից ըմբռնումով եմ մոտենում նաև չարախոսություններին, որովհետև ի թիվս այլ արհավիրքների, 2022թ. դեկտեմբերից մինչև 2023թ. սեպտեմբեր ամիսը Արցախի ժողովուրդը անցել է աղետալի իրադարձությունների միջով: Պարզ է, որ մարդիկ գտնվում են գերլարված վիճակում և նրանց մոլորեցնել կամ զայրացնել կարելի է առանց ջանք թափելու, բավական է մեկ-երկու  հորինված պատմություն պատմել: Ես երկու տարուց ավելի հանդիսացել եմ Արցախի գլխավոր դատախազը և իմ օրինական գործունեությունը շատերին դուր չէր գալիս, քանի որ այն վաղուց արմատացած բարքերին դեմ էր, Արցախի համար բարդագույն շրջանում աշխատել եմ պետական նախարարի պաշտոնում, որտեղ առաջին անգամ մարդկանց սկսել են «ոչ» ասել, մերժել անօրինական պահանջներն ու դիմումները, առաջին անգամ Արցախի ներդրումային հիմնադրամը սկսել է դատական հայցեր ներկայացնել միլիարդավոր պարտավորություններ ունեցող սուբյեկտների նկատմամբ, շրջափակման ընթացքում ստեղծվել էր սահմանափակ հնարավորություն պարունակող մի վիճակ, որի պայմաններում կամա թե ակամա ունենում էինք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դժգոհ մարդիկ: Բայց քանի որ կառավարման գործընթացը բավականին լարված էր անցնում, պետական ողջ համակարգը հարց ծագելուն պես մատնացույց էր անում ինձ՝ այդ կերպ փորձելով պաշտպանվել «ավանդական» մոտեցում պահանջող քաղաքացիներից: Ես ոչ միայն դեմ չէի դրան, այլև ինքս էի ասում, որ եթե ձեր լիազորությունն իրականացնելիս հանդիպում եք խնդիրների կամ չեք կարողանում բավարար համարձակություն ունենալ քաղաքացուն հասանելի պարզաբանումը տալու համար, ապա ասեք, որ դա պետական նախարարի հանձնարարությունն է: Այս ամենը նույնպես իր ազդեցությունն է ունեցել, որպեսզի ոմանք նաև թշնամաբար տրամադրվեն: Բայց դե պետական ծառայությունն այդպիսինն է, եթե ուզում ես պատշաճ աշխատել, ուրեմն պիտի պատրաստ լինես, որ դրա արդյունքում կարող ես նաև զրպարտիչ ընդդիմախոսներ ձեռք բերել:

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսական անվտանգության մասին խոսելու համար պետք է տիրապետել ցուցանիշների, իսկ եթե խոսքը անձամբ ինձ է վերաբերում, ապա պետք է տիրապետել նաև այն վիճակին, որը ես ընդունել եմ և հետագա աշխատանքներին, որոնք կատարվել են: Երբ այդ ամենին չես տիրապետում, բայց բարձրագոչ հայտարարություններ ես անում, ապա կրկին պարզ է դառնում, որ դրանք ինքնանպատակ հայտարարություններ են, որոնց կարիք չկա արձագանքելու: Բայց մյուս կողմից մարդիկ կան, որոնք հաշվի չեն առնում, որ այդ ամենին զուգահեռ ես տիրապետում եմ այնպիսի տեղեկությունների, որոնց մասին խոսելու պարագայում պարզ կդառնա, թե հայրենիքի ու տնտեսության մասին խոսողները ինչպես էին հայրենիքն ու պետության նվազագույն հնարավորությունները փորձում բանեցնել Արցախի համար այդ ծանրագույն օրերին փող աշխատելու գործին: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, հասկանալով մեր երկրի ու ժողովրդի վիճակը, ես ներգրավվել եմ պետական ծառայությանը՝ Արցախի համար այդ ճակատագրական փուլում իմ ներուժի չափով օգտակար լինելու համար: Դա ինձ ոչ խնդրել են, ոչ պարտադրել են, դա ես արել եմ իմ կամքով: Բայց երբ «պետությունը խողխողելու» մեջ սկսում են խոսել մարդիկ, ովքեր զինված հարձակում են գործել Արցախի պետականության դեմ, այդժամ ես ուղղակի ստիպված եմ լինում համեստություն ցուցաբերել ու լռել:

Ինչ վերաբերում է արտաքին ուժերի ազդեցությամբ ինձ պետական նախարար նշանակելուն, ապա ես չգիտեմ, թե այդ միֆերը ում կողմից և ինչու են հորինվում: Ես պետական նախարար եմ նշանակվել 2023թ. մարտի 1-ին և միայն մի պատճառով. այդ ժամանակ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և ամբողջությամբ վեր էր ածվել կոռուպցիայում թաղված առևտրի կենտրոնի: Պետք էր մի մարդ, ով Արցախում ընդունված՝ «պետք չէ վատամարդի դառնալ» սկզբունքով շարժվելու փոխարեն համարձակություն կունենա մեկտեղել իրավապահ ողջ համակարգի ջանքերը՝ իրավիճակը որոշակիորեն շտկելու համար: Մնացածը հորինվածքներ են: Վերջապես ես պետական նախարար էի նշանակվել ավելի բարձր պաշտոնից, այսինքն այդ նշանակման մեջ չկար նաև ավելի բարձր պաշտոնի հավակնելու շարժառիթը:

Հայաստանի իշխանությունը մշտապես հայտարարում է, որ Արցախի հարցն այլևս Հայաստանի օրակարգում չկա։ Ավելին, Արցախի պետական ինստիտուտների գոյությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի պետական կառույցների գոյությունը Հայաստանում ու այս պահին ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի Արցախի կառավարությունը։

Այս հարցի մասին անընդհատ խոսվում է, բայց միշտ մոռացության է տրվում ամենակարևորը՝ «ինչի համար և ինչ նպատակով»: Սա մի հարց է, որի շուրջ քննարկումները պետք է տեղի ունենան Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև, ոչ թե ուրիշ տեղեր կամ հարցազրույցներում: Որովհետև այն բազմաթիվ տակտիկական, քաղաքական, իրավա-քաղաքական  կողմեր ունի, որոնք շատերին հասկանալի չեն կամ որոնք այս պահին բարձրաձայնելը ճիշտ չէ: Բայց ամեն դեպքում որպեսզի հասկանաս ինչպես և ում միջոցով անել, պետք է նախ որոշվի՝ ինչ անել: Իմ կարծիքով այս պահին թե Արցախի, թե ՀՀ իշխանությունները պետք է ի մի բերեն բոլոր գաղափարները, ամփոփեն դրանք, վերլուծեն և որոշեն, թե ինչ պետք է անել, որից հետո հնարավոր կլինի նաև դերաբաշխում անել: Այս ամենը պարտադիր չէ, որ լինի հրապարակայնորեն, գուցե պետք է, որ դրանք լինեն գաղտնի, կարևորը, որ գործընթացը լինի:

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավոր ու ի՞նչն էր պատճառը, որ հայկական երկրորդ պետականությունը կորցրինք։

Արցախը պատմական այս փուլում արժանացավ այս ճակատագրին, որովհետև մենք կորցրինք մեր դիմագիծը, որովհետև տարիներ շարունակ ոչնչացնում էինք մեր ազգային արժեքները, կարծելով թե կարող ենք ձեռք բերել նորարարականը, ժամանակակիցը, ավելի լավը, որովհետև ազգի պարծանք հանդիսացող մարդիկ կուրացան փառքից ու դավաճանեցին սեփական ժողովրդին ու հայրենիքին՝ նրանց փոխարինելով նյութականով, որովհետև խոսքի ազատություն ստացանք և առանց դրա հետ վարվելու կանոնները սովորելու, սենսացիա մոգոնելու մրցավազքում սկսեցինք աջ ու ձախ զրպատել իրար՝ առանց բացառության: Տարիների ընթացքում ձևավորվեց ու արմատացավ մեր միջավայրի մի ընկալում, որում այլևս չկա պարկեշտ ու պատասխանատու պետական պաշտոնյա, հայրենասեր զինվոր կամ սպա, լավ ուսուցիչ կամ դասախոս, արդար ու ազնիվ դատավոր, դատախազ: Համատարած կասկածը մտավ ավելի նեղ հարաբերություններ՝ ընտանիք, բարեկամություն, հարևանություն, ընկերական շրջապատ ու սկսեց քարուքանդ անել այն ամենը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին հասարակական միջավայրի առողջությունն ու հասարակության միասնությունն ապահովելու համար: Եվ այս խառնաշփոթում մենք մոռացանք հայրենիքը, հողի արժեքը, միմյանց արժեքը: Իսկ նման իրավիճակներում գլուխ է բարձրացնում «Հողին տիրում է նա, ով այն ամենաշատն է սիրում» կանոնը և եթե դու ինչ-որ բանի արժեքը չես հասկանում, սկսում են գործել տիեզերական կանոնները՝ դու ուղղակի դա կորցնում ես և ստանում է նա, ով ավելի ուժեղ է ձգտում դրան: Իրականում մեր խնդիրները անհամեմատ ավելի խորն են, քան մենք հիմա ցուցամատի մի պարզումով ուզում ենք պարզել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031