Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես անել, որ չշարունակեն այլանդակել Գյումրու պատմական միջուկը․ Սաշուր Քալաշյանը փրկության ծրագիր է առաջարկում

Դեկտեմբեր 18,2023 22:40

Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի, «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրինության ու ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրու պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքի վերականգնման ծրագրի շուրջ։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ձեւավորվել է 1980 թվականին, որի նպատակը եղել է պահպանել 19-20-րդ դարերի Ալեքսանդրապոլի մշակութային ժառանգությունը:

Արգելոց-թանգարանի կողմից հաշվառվել է 1000-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնք կազմում են «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ներկայացրեց Գյումրու պատմական միջուկի փրկության ծրագիրը։

Նա նշեց, որ երկար ժամանակ է՝ այդ հարցը շոշափվում է ու թվում է, թե կլուծվի, բայց անընդհատ մի խոչընդոտ առաջանում է։

«Երբ 1980 թվականին մենք «Կումայրի» արգելոց-թանգարանը ստեղծեցինք, մենք կառավարության, այդ թվում համայնքի կողմից ունեինք օգնություն, օժանդակություն և համակրանք։ Եթե դա չլիներ, այդ դժվարությունը մենք չէինք հաղթահարի։

Այդ գիտակցությունը կար»,- ասաց Սաշուր Քալաշյանը, որն այդ տարիներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Նա պատմեց, թե սովետական տարիներին հինգ տարին մեկ հնգամյա պլան պիտի կազմեին կառուցապատման խնդիրների վերաբերյալ, իսկ ինքը՝ որպես Գյումրու ճարտարապետ կանգնած է եղել խնդրի առջև․ բանն այն է, որ ուսումնասիրել ու տեսել է՝ այդ ժամանակվա Լենինականում ազատ հողատարածքներ չեն մնացել, իսկ սա նշանակում էր հաջորդ հնգամյա պլանավորումը պիտի կատարեին հին քաղաքի հաշվին։

Այսինքն պիտի սկսեին քանդել հին քաղաքը։

Հուշարձան- շենքերում բնակվող, բայց բնակարան ստանալու համար հերթագրված անձինք իրենց ձեռնարկություններից բնակարան ստանալով՝ պարտավորվում էին իրենց սենյակը, որտեղ բնակվել են, քանդել, այլապես կզրկվեին նոր բնակարանի օրդերից։

Ստիպողական այդ իրավիճակից դուրս համար Գյումրու գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը իր համախոհների հետ հասել է նրան, որ կառավարության որոշում լինի և «Կումայրի» արգելոց-թանգարան ստեղծեն, կարգավիճակ ունենա, ռեժիմ սահմանվի և որը խախտելու հնարավորություն չեն ունենա։

Բոլորը կողմ են եղել այս գաղափարին, որը հաստատվել է կառավարության որոշմամբ, տնօրինություն է ընտրվել «Կումայրի» արգելոց-թանգարանի համար, հաստատվել է կանոնադրությունը ու անձնակազմը՝ բաղկացած 42 հոգուց։

Մինչև երկրաշարժն՝ այսինքն 8 տարի շարունակ, ըստ Սաշուր Քալաշյանի, ահռելի աշխատանք են կատարել, այս ծրագիրը ոչ միայն մեծ ոգևորություն է առաջացրել գյումրեցիների շրջանակում, այլ մեծ հետաքրքրություն մայրաքաղաքում ու արտերկրում բնակվողների համար։

Սաշուր Քալաշյանն այժմ ևս առաջարկում է փրկության ծրագիր, ուսումնասիրելով ներկա օրենսդրական դաշտը՝ նա պարզել է, որ միակ լուծումը համայնքի ենթակայության ներքո բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելն է, որովհետև պետական բյուջեից ֆինանսավորում սպասել հնարավոր չէ։

«Պետք է ստեղծել մի կազմակերպություն, որն ինքնաբավ կլինի, և որը գումար չի պահանջի, բայց դրա համար պետք կլինի կառավարության որոշում, որովհետև բաց բաժնետիրական ընկերությունը պետք է լինի կառավարության, պետության ներգրավմամբ։

Պետությունը ներգրավվելու է այնքանով, ինչքանով որ ինքն այստեղ գույք ունի, շահագրգռվածություն ունի։ Բաց բաժնետիրական ընկերության կապիտալը պետք է ձևավորվի հուշարձանների սեփականատերերի միջոցով, այսինքն՝ գնահատվի այդ հուշարձանների սեփականատերերի անշարժ գույքի պետական արժեքը, այդ արժեքի համաձայն՝ նրան տրվի բաժնետոմս։ Խոսքը տվյալ դեպքում բաժնետիրական ընկերության բաժնետոմսի մասին է։

Եվ երկրորդը՝ կառավարությունը պիտի որոշում կայացնի, որ այդ անշարժ գույքի՝ հուշարձանների սեփականատերերը, որոնք հիմա պետությանը վճարում են գույքահարկ, այդ գույքահարկի գումարը գա բաց բաժնետիրական ընկերության հաշվեկշռին։ Այն ժամանակ էլ՝ սովետական տարիներին էլ կար, հատուկ միջոցներ էին կոչվում։

Նույն ձևի էին, բոլոր վարձավճարները գալիս էին «Կումայրի» արգելոց-թանգարանին այն ժամանակ, որի շնորհիվ մենք հսկայական գործ արեցինք և՛ նյութերի հավաքագրման և՛ թանգարանային նյութերի հավաքագրման և՛ չափագրման»,-մանրամասնեց Սաշուր Քալաշյանը։

Իսկ հիմա որպեսզի կառավարությունը նման որոշում կայացնի, անհրաժեշտ է Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությունը։

Ըստ Սաշուր Քալաշյանի, օրենսդրական դաշտ կա, բայց պետք է տեղայնացնել Գյումրիի համար, օրենքով սեփականատիրոջ հետ պիտի պայմանագիր կքնել պահպանման, որի մեջ գրված են՝ ինչ կարող է անել շենքի հետ, ինչը չի կարող։ Սա կլինի՝ ի շահ ազգի, ի շահ պետության ու հանրության։

Իսկ բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու դեպքում շենք, շինությունների վարձավճարները կուղղվեն ԲԲԸ, որը կունենա կապիտալ ու դրա հաշվին կկարողանան համապատասխան մասնագետների ներգրավել։

«Այն ժամանակ հո միայն արգելոց- թանգարանի տնօրինությունը չէր, կար հուշարձանների պահպանման նախագծման ճարտարապետական արվեստանոց, առանձին կազմակերպություն, որը նույնպես ստեղծվեց կառավարության որոշմամբ։

Դրանց հետո ստեղծվեց հուշարձանների գիտավերականգման-արտադրական արվեստանոց, հսկայական գործ վերցրեց իր պատասխանատվության տակ։ Հիմա արվեստանոց էլ չկա, կա ընդամենը ՀՈԱԿ, որտեղ 5-6 հոգի մարդ են հավաքված ու ուժերից վեր գործեր են անում»,- ասաց Սաշուր Քալաշյանը։

«Կումայրի» արգելոց թանգարանի տնօրենի ժ/պ Ինգա Ավագյանն էլ ասաց, որ գոնե գիտավերականգնողական արվեստանոցները վերականգնվեն, որպեսզի փրկեն մեռնող արհեստները, հյուսնությունը, ատաղձագործությունը իսպառ վերացող են դարձել։ Եվ երբ հուշարձանի շենքի փայտյա առաստաղ են վերականգնում, չունեն մասնագետներ, մայրաքաղաքի 23 վերականգնող արհեստանոցներ ասել են՝ չունենք մասնագետներ։

Ըստ նրա, քանի դեռ հնարավոր է կրթել, մասնագետներ պատրաստել, որոնց ռեսուրսը պետք է օգտագործել արգելոցի պահպանման մեջ, պիտի վերստեղծել այդ արհեստանոցը։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանն էլ ասաց․ «Եթե թույլտվություն է ստանում պատմական հուշարձանը սեփականացնելու և իր տունը դարձնելու, եթե սև շենքի վրա դնում է եվրոպական ճերմակ պատուհաններ, ես դա չեմ կարող ընդունել։ Դա կարելի է պայմանագրով տալ՝ կամ սա ես անում, կամ դու չես ստանում այդ շենքը։ Եթե դու պիտի վերցնես, աղավաղես, փչացնես, ուրեմն դու իրավունք չունես այդ շենքը օգտագործելու։

Ես, բնակվելով Սլաբոդկա թաղամասում, մեր տունը գտնվում է Թումանյան փողոցի վրա, ամեն օր, ամեն առավոտ, ամեն անգամ ցավով եմ նայում Յուզբաշովների տան մեծ շինությանը, փլատակներին, այդ փլատակների տակ մի քանի ընտանիքներ են ապրում, տարիներ շարունակ ուզում են սեփականաշնորհել, ինչ-որ խնդիրներով չեն հաստատում այդ սեփականաշնորհումը, որ մարդը գա, կառուցի։ Եթե մարդը սեփականատերն է եղել ու ի վիճակի չէ վերականգնել, ուրեմն պետությունը պիտի նախաձեռնող լինի, մարդիկ գնում են, շինությունները մնում են, տերերն անընդհատ փոխվում են, բայց ինչ պիտի կառուցվի, դա դարերի համար է»։

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը «Կումայրի» արգելոց թանգարանը համարեց Հայաստանի զարդը ու հատուկ շնորհակալություն հայտնեց Սաշուր Քալաշյանին, որը, ըստ նրա, 1980 թվականին Լենինականի պատմական միջուկը փրկելուց հետո ուղիղ 44 տարի անց նորից է փորձում փրկել քաղաքի կենտրոնը։

Դավիթ Առուշանյանն անկեղծացավ, թե բոլորս թերացել ենք, որ այս ամենը նորից պարոն Քալաշյանն է նախաձեռնում։

Ըստ նրա, «Կումայրի» արգելոց-թանգարանի համար այնպիսի օրենք պիտի ստեղծվի, որը կլինի վերջնական և բազմապրոֆիլ։

Պատգամավորը նաև ասաց, որ թեև խորացել են պատմամշակութային շենքերի պահպանության հարցում, բայց այդ նույն շենքերի վրա այնպիսի գովազդային պաստառներ են փակցված, որ շենքը չի էլ երևում։

«Մենք միայն շենքի պահպանության մասին չպիտի մտածենք, պիտի շենքի արտաքին տեսքի մասին մտածենք, շենքից բացի այսօր ասում ենք՝ Ռիժկովի ճեմափողոցը «Կումայրի» արգելոց թանգարանում է, չենք թողնում, որ շենքերը փոփոխության ենթարկեն, բայց ճեմափողոցը հեչ հարիր չէ «Կումայրի» արգելոց-թանգարանի ճեմափողոցի վիճակին։ Այսինքն այստեղ միայն շենքերը չեն, փողոցներ են, ճեմափողոցներն են, կանաչապատումն է, ամեն ինչ պիտի համապատասխանի «Կումայրի» արգելոց-թանգարանին ու իմ պատկերացմամբ՝ պետք է մեծ աշխատանքային խումբ կառավարության որոշմամբ։

Էլի եմ ասում, Պարոն Քալաշյանը մեզ՝ սերունդներին թողեց «Կումայրի» արգելոց-թանգարանը, հետո 44 տարի անց տեսավ, որ մենք ոնց որ թե լավ չենք վարվում իր թողածի հետ, նորից ձեռնամուխ եղավ մեզ սովորեցնելու, ցույց տալու, թե ինչ ձևով պիտի «Կումայրի» արգելոցը պահպանել», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նշեց, որ իրենք էլ իրենց հերթին պարտավոր են սերունդներին թողնել այն «Կումայրի» արգելոց-թանգարանը, որն ի սկզբանե եղել է, դա քաղաքի հարստությունն է։

Նա նաև նշեց՝ օրենքը պիտի լինի ճկուն՝ նոր ստանդարտներով, օրինակ՝ չպիտի հուշարձան շենքում բնակվող մարդուն, որի տանիքը փլվել է, անձրև է կաթում, մի քանի տարի տանել-բերել մինչև թույլտվություն տալ տանիք կառուցելու։ Միևնույն է՝ այդ մարդը չի սպասելու, անճաշակ մի տանիք կառուցելու է։ Պիտի ճկուն որոշումներ կայացնել։

Պատգամավորը նաև մեջբերեց Գյումրու Աբովյան ճեմափողոցում գտնվող Գյումրու ամենահին դեղատան սեփականատիրոջը, որը երեք տարի համոզել է Գյումրու քաղաքապետարանին ու ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հին քանդակներով փայտից փեղկերը փոխեն, քանի որ դրանք արդեն հին են ու նորը սարքել տալ նույն ձևով՝ կրկնօրինակել։ Սակայն թույլտվություն ստանալու համար խոչընդոտների են բախվել։

Ըստ Դավիթ Առուշանյանի, կա մի դեպք, երբ մեծ ներդրում են ուզում անել Գյումրիում, հյուրանոց կառուցել քաղաքի պատմական միջուկում, ու թեև այդ հյուրանոցից շատ հեռու են պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, բայց ներդրումը չի հաստատվում, որովհետև 20-30 սանտիմետրով բարձր է հուշարձան շենքերից։

«Կումայրի» արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի գիտաշխատող Պարույր Զաքարյանն էլ բարձրաձայնեց այն հարցը, թե հուշարձան շենքերում բնակվող քաղաքացուն ոչնչով չեն կարողանում օգնել, միաբերան ասում են՝ չի կարելի, միայն տույժ ու տուգանքի ու պատժի են ենթարկում կառույցը՝ փոփոխության ենթարկելու, ասենք՝ տանիքը վերանորոգելու համար։

«Քաղաքացին հարցնում է՝ լավ չեք թողնում, ո՞նց անեմ, հնարավորություն չունեմ անելու, քար լռություն է, այս վիճակով կարո՞ղ ես քաղաքացուն պարտադրել դառնալ հայրենասեր, դառնալ քաղաքը սիրող, դառնալ հուշարձանապաշտ, ո՛չ։ Մարդը պիտի ապրի, տանիք պիտի ունենա գլխին, երեխան չպիտի մրսի, հազար խնդիր կա, առօրյա հոգսերի կծիկը ձնագնդու նման անընդհատ գլորվում, մեծանում է»,- ասաց Պարույր Զաքարյանը։

Նա նաև նշեց՝ եթե բաց բաժնետիրական ընկերության ստեղծմամբ կկարողանան այնքան բյուջե ունենալ, որ հուշարձան շենքերի պահպանումը, վերականգնումը, խնամքը իրականացնեն, ուրեմն 100 տոկոսով պիտի արդարացնել Սաշուր Քալաշյանի առաջարկած ծրագիրը։

Սաշուր Քալաշյանը քննարկման վերջում հավելեց, որ բոլոր հարցերը լուծվելու են բաց բաժնետիրական ընկերության միջոցով, նոր կազմակերպությունը ի զորու կլինի ինքնուրույն լուծել բոլոր հարցերը, որոնք ծնվում են տվյալ պահին, և այլևս կառավարության որոշում պետք չի լինի։

Իսկ այն սեփականատերը, որը գումար չի ունենա իր հուշարձան շենքը վերականգնելու, իր տունը վերանորոգելու, նա բաց բաժնետիրական ընկերության անդամ է, և ընկերությունն արդեն իսկ պատասխանատու է նրա շենքի, նրա տան պահպանման ու վերանորոգման հարցում։ Կազմակերպությունը ինքն է գումար ներդրում այդ հարցի լուծման համար։

«Այս կազմակերպության ստեղծման դեպքում բոլոր հարցերը լուծվում են»,- ասաց Սաշուր Քալաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնի

Գյումրու լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031