Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիրմայի անունը չգիտեմ». Հակոբ Սիմիդյանն ընդունել էր ձկնարտադրողներին

Դեկտեմբեր 18,2023 21:55

«Պետությունը որոշակի ֆինանսական գործիքակազմ նախատեսել է, դրանից արդեն իսկ օգտվել են որոշակի տնտեսություններ, բայց դուք ասում եք, օրինակ, որ այս համակարգը տեղադրվի, չգիտեմ, ո՞նց եք այդ ձկնաբույծին տալու հինգ տարով ջրօգտագործման թույլտվություն: Օրինակ, իշխան ձկնատեսակի համար, ծիածանախայտի մասին է խոսքը, 20 աստիճան է ջրի կրիտիկական պայմանը, եթե 40 տոկոսը ետ բերելուց հետո, ջրի ջերմաստիճանը լինելու է 17-18-20, դուք ուզում եք 50 տարով տվեք այդ ջրօգտագործման թույլտվությունը, մեզ պետք չի: Մենք կործանվելու ենք»,- այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը:

Տնտեսվարողներն այսօր կրկին հանդիպել են Հակոբ Սիմիդյանի հետ եւ քննարկել փակ-շրջանառու համակարգի ներդրման հնարավորությունները: ՇՄ նախարարության մոտ ձկնարտադրողներն օրերս բողոք էին անում. ձկնաբույծները երաշխիքներ են ուզում, որ նախարարությունը հետագայում ջրօգտագործման ծավալները նվազեցնելու վերաբերյալ որեւէ օրենսդրական փոփոխություն չի իրականացնի։ Նրանք դժգոհ են ջրային օրենսգրքի փոփոխություններից։ Ձկնաբույծներն արդեն հանդիպել էին ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ եւ դժգոհ էին մնացել։ Այսօրվա հանդիպումից էլ նրանք գոհ չհեռացան:

Այսօրվա քննարկման ժամանակ ձկնաբույծներն առաջարկում էին, որ մասնագետ տրվի, որը հաշվարկ պիտի անի, որ օրինակ, «այս եղանակին պիտի լինի 35 տոկոս, այլ եղանակի՝ 50 տոկոս: Մենք խոսում ենք կենդանի օրգանիզմի մասին, որն ունի իր բնական միջավայրը»:

«2014 թվականից հետո, որ մեզ ասացին՝ սա վերջնական է, իմ ունեցած ջրի քանակով ես տնտեսությունս ավելացրել եմ, շրջանառում եմ՝ սկզբից տանում եմ մինչեւ վերջ՝ 3 հեկտարի վրա, 190 լիտր վայրկյանում ջուր: Վերջին 5 հազար քառակուսու մեջ արդեն 20 աստիճան է ջուրը, եթե ես 40 տոկոսով շրջանառեմ ջուրը նորից, ջուրը կդառնա 26 աստիճան եւ ձուկը կսատկի: Խեցգետին էլ չեմ կարող պահել: Իմ 190 լիտրից, որ 40 տոկոսն էլ կրճատեք, ես փակելու եմ, թեեւ վարկերն էլ չեմ տվել դեռ: Գոնե փոխհատուցում տվեք. իմ 5 հազար մետրից ավել տնտեսությունը, որ 100 միլիոն դրամից ավել ծախս եմ արել, փոխհատուցեք: Ավտոներկրողներին փոխհատուցում կա, մեզ չկա՞»,- հավելեց մեկ այլ տնտեսվարող:

Հակոբ Սիմիդյանը պնդեց, որ Հայաստանում, պրակտիկայում, այդ մեխանիզմը կա եւ տնտեսվարողները կիրառում են արդյունավետ. «Հիմա դուք ինձ անընդհատ ոչ շրջակա միջավայրի դաշտ եք տանում, խնդիր չկա, խոսենք»:

Քննարկմանը ներկա լրագրողները փորձեցին նախարարից ճշտել այն տնտեսությունների անունները, որոնք փակ-շրջանառու համակարգով են աշխատում:

«Հիմնարկների անունները չեմ հիշում, ֆիրմայի անունը չեմ հիշում»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ տոկոսն է աշխատում այդ համակարգով, Հակոբ Սիմիդյանը չպատասխանեց, շրջանցեց հարցը:

«Հայաստանում դա արդեն կա, եթե մեկի մոտ կա, մյուսի մոտ էլ կստացվի»,- պնդեց նա:

Ապա նա դիտողություն արեց լրագրողներին․ «Հարգելի լրագրողներ, դուք ոնց-որ վեճ եք հրահրում»:

Մնացած հարցերին էլ Հակոբ Սիմիդյանը պատասխաններ չտվեց, ասաց՝  «Մասնագիտական է, բայց եկեք չշեղվենք»:

Այդ բանավեճի մեջ տնտեսվարողներից մեկը հայտարարեց. «Հայաստանում փակ շրջանառու համակարգ գոյություն չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031