Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեղեն ապացույցների բացակայության, կոպիտ ճերմակ կարկատաններով այս գործը դատարանում կարող է քանդվել. Վարդան Խաչատրյան

Դեկտեմբեր 18,2023 21:33

«Այն ծանրագույն մեղադրանքը, որը ներկայացվել է Ալբերտ  Բազեյանին՝ քաղաքական իշխանության բռնազավթման փորձ, խիստ տարօրինակ էր, բայց մեղադրանքի ծանրությունը մեզ ստիպեց սպասել գործի հանգուցալուծմանը: Մեզ համար տարօրինակ էր ձերբակալությունը»,- ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի կալանքին անդրադառնալով՝ նման կարծիք հայտնեց  «Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական ՀԿ քարտուղար Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով.  «Մեղադրանքն առ այսօր առկախված է օդում, չունի որեւէ իրավական, որեւէ  ուսումնասիրությունների հետեւանքով տրամաբանական  շաղկապման հիմքեր, եւ այդ դատարկության մեջ անընդհատ հետաձգվում է Ալբերտ Բազեյանի ազատ արձակվելը, թեկուզ տնային կալանք տալը»:

Խաչատրյանը նկատեց, որ լրանում է Բազեյանի՝ կալանքի տակ մնալու երրորդ ամիսը, իսկ այդ ընթացքում ոչ մի քննչական գործողություն, առերեսումներ չեն եղել, մինչդեռ  Բազեյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, գրեթե անդամալույծի կարգավիճակում է.  «Ակնհայտ է, որ իրեղեն ապացույցների բացակայության, տրամաբանական փաստարկումից զուրկ, կոպիտ ճերմակ կարկատաններով այս գործը կամայական դատարանում կարող է քանդվել… Դատական ատյանը շարունակում է այս գործը որպես յուրօրինակ պատժամիջոց»:

Նրա խոսքով, Ալբերտ Բազեյանի գործն անհասկանալի, ապօրինությունների դաշտում է գտնվում, իսկ եթե սարքովի գործ է, ինչը իրենց համոզմամբ, հենց այդպես է, ուրեմն, իշխանություններն ունեն ինչ- որ մտահոգություններ, որ Ալբերտ Բազեյանը կարող է լինել այնպիսի առանցքային կերպար, որի շուրջը կարող է  համախմբվել հասարակական այնպիսի զանգված, որը վիճարկի երկրում գոյություն ունեցող ընթացքը:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է վարչապետ Փաշինյանի դեմ մահափորձ եւ  իշխանության զավթումը կազմակերպելու համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031