Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը:
Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Հյուրը համաձայնել է, որ անհրաժեշտ է զարգացնել բարեկամական խմբերի միջեւ գործակցությունը:
Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով: Կողմերը տեսակետներ են փոխանակել սոցիալական աջակցության ծրագրերի, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը եւ էականորեն կրճատել աղքատությունը: «Կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը կա մեր երկրում, կնպաստի հասնելու այս նպատակներին»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
ՀՀ Ազգային ժողով