Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ:
Նախարարը ներկայացրել է Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի վիճակի փոփոխությունները 2010-2023 թվականների ընթացքում, անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքներին, ինչպես նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում պարզաբանված խնդիրներին։
Այսպիսով՝
ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների համաձայն՝
Կարդացեք նաև
2016 թ. Արարատյան դաշտում փաստացի ջրառը կազմել է 1,608.5 մլն․ մ3, որից 809.0 մլն․ մ3 (կամ 50%)՝ ձկնաբուծության նպատակով,
2016 թ. ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 640 մլն մ3, որից` 535 մլն․ մ3 (կամ 85%)՝ ձկնաբուծության նպատակով,
2022 թ․ ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 1 մլրդ 100 մլն մ3, որից 857 մլն․ մ3 (կամ 75%) ձկնաբուծության նպատակով։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում մեր կողմից պարզաբանվել են մի շարք կարևորագույն խնդիրներ:
2016-2017 թթ․ նկատվել է ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում մինչև 0.36 մ երկրի մակերևույթից բարձր՝ շուրջ 4000 լ/վ հորերի կոնսերվացման և լուծարման արդյունքում, ինչպես նաև ձկնաբուծարանների ջրածավալների 30% կրճատման արդյունքում։
2018 թ․ ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2մ-ով և դադարել է շատրվանել: Դատարանի որոշմամբ վերաբացվել են 5 ձկնաբուծարաններ՝ շուրջ 4000 լ/վ։
Համաձայն դիտարկումների ցուցանիշների 2019-2023 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.74 մետրով։
Նախարարն անդրադարձել է նաև 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի գույքագրման աշխատանքներին․ իրականացրել է 2387 խորքային հորերի գույքագրում։
Քննարկվել է նաև Փակ շրջանառու համակարգը։
– Այս համակարգը թույլ կտա ապահովել ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոս մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի առավելագույնը 60 տոկոս ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։
– Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը:
– Փակ շրջանառու համակարգի ներդնման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է կրկնակի օգտագործման:
– Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում-քննարկում կազմակերպել սույն թվականի դեկտեմբերի 19-ին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն