«Օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը լուծված են, բայց այս պահին եղանակային խնդիր կա: Բայց հաշվի առնելով, որ էապես ընդլայնվել է թողունակությունը, դրանք կարճաժամկետ խնդիրներ են եւ առանձնապես ազդեցություն չունեն մեր առեւտրային ռեժիմի վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Լարսի անցակետի մասին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ նույնիսկ առաջացած խնդիրներով հանդերձ՝ 2023-ին Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օր, քան երբեւիցե: Ըստ նրա, առաջ տարեկան 30-40 օր փակ է եղել, իսկ այս տարի՝ 3-4 օր:
Խոսելով ԵԱՏՄ նիստին մասնակցելու մասին՝ Քերոբյանն ասաց, որ հայկական կողմը պետք է բոլոր երկրների հետ ձեւավորի գործնական, Հայաստանի շահերից բխող քաղաքականություն. «Բնականաբար հարաբերությունները գլխավոր առեւտրային գործընկերների հետ պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա»:
Հարցին՝ այն ապրանքատեսակները, որոնց հետ կապված ռուսական կողմը խնդիրներ էր հայտնաբերել, դրանք շտկումների փուլո՞ւմ են, թե՞ արդեն արտահանվում են՝ Քերոբյանը պատասխանեց. «Գյուղմթերքը ամեն օր արտադրվող է, պարզ է, որ փոխվել են ներսում աշխատաոճը, աշխատանքային պրոցեսները, որպեսզի ավելի բարձր ստանդարտով ապրանք արտահանվի»:
Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ, ի վերջո, կա՞ր ռուսական կողմի այդ մոտեցման մեջ, որովհետեւ այդ օրերին կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, որից ենթադրվում էր, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի՝ նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ կա քաղաքական ենթատեքստ: Ինձ համար շատ կարեւոր է, որ հայկական ապրանքը լինի այնքան լավը, որ ունենա հասանելիություն բազմաթիվ շուկայի, որ կախվածություն չունենա որեւէ երկրի շուկայից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ