«Շատ տարբեր են խնդիրները, հիմա պարզ է, բոլորը բռնությունից են խոսում, որովհետեւ օրվա թեման սա է: Բայց չեմ կարող ասել, որ միշտ այդպես է, շատ տարբեր թեմաներով են ծնողները դիմում՝ թե՛ դրամահավաքի, թե՛ բռնության, թե՛ անձնական ինչ-ինչ թեմաներով՝ ծնող-դաստիարակ կապը, զգում եմ՝ լավ չէ հաստատված մանկապարտեզում, դա է հաճախ խնդիրներ ավելացնում: Մարդիկ կան, որոնք նույնիսկ ծրագրային հարցերից են բողոքում, դեմ են հանդեսներին, շատ տարբեր են թեմաները: Բայց այսօր, ինչ խոսք, առաջնային է դարձել բռնության թեման: Միշտ եմ բռնության մասին ահազանգեր ստացել։ Վերջին տասը տարում այս խնդիրներով զբաղվում եմ, պարբերաբար բռնության մասին լսել եմ, ահազանգեր եկել, ինձ հասել են: Բայց այնպես ստացվեց, որ վերջին մեկ ամսում համընկավ, թե պատահականություն էր՝ չգիտեմ, բայց միանգամից շատ տարբեր ծնողներ տարբեր մանկապարտեզներից սկսեցին ինձ դիմել ու այդ թեման նորից բարձրացնել կոնկրետ պատմություններ պատմելով, այսինքն՝ ամեն մեկի պատմությունը տարբեր էր, տարբեր տարիքային խմբի երեխաներ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանկապարտեզներում առկա խնդիրներին՝ ասաց facebook սոցիալական ցանցում «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբի համակարգող, մանկավարժ Աննա Ջավախյանը:
Մեր զրուցակցի խոսքով, բռնությունների մասին շատ հաճախ երեխաները տանը չեն պատմում, որովհետեւ բռնության դիմող դաստիարակները կամ դայակները զգուշացնում են, որ տանը ոչինչ չի կարելի պատմել պարտեզից՝ երեխաներին սովորեցնելով, որ խաբարբզիկությունը վատ բան է. «Մի դեպք կարող եմ հիշել, որ ինձ վրա շատ ազդել էր, տվյալ ծնողը, ընդ որում, չուզեցավ բողոք ներկայացնել: Ծնողը քնելուց առաջ իր երեխային խոսեցրել էր պարտեզից՝ ոնց է անցնում, հո չեն նեղացնում, ու երեխան սկսել էր պատմել, թվարկել էր խմբի մի շարք երեխաների անուններ, ում խփել են, ում մազերից են քաշել, ծնողը հետաքրքրվել է՝ բալես բա քեզ խփե՞լ են, երեխան պատասխանել է՝ չէ, որովհետեւ ես շատ խելոք եմ: Ես այնքան ազդվեցի այդ պատմությունից, այսինքն՝ այդ երեխային արդեն հասկացրել են, թե կյանքում, որ քո գլխին չտան, դու պետք է խելոք լինես: Այդ երեխայի մեջ ինչ ըմբոստ հոգի եղել է, շատ բարեհաջող կոտրել են, այդ երեխան կյանքում այլեւս երբեք համարձակություն չի ունենալու ինչ-որ համարձակ քայլեր անելու: Ինքը արդեն կոտրված երեխա է: Ու նրա ծնողն ասում էր՝ ախր իմ երեխային չեն խփել, ես ոնց բողոքեմ, ասում եմ՝ բայց հասկանում եք, որ այդ ամբողջ խմբից ամենամեծ տրավման ձեր երեխան է ստացել, որովհետեւ մնացած երեխաները, ում խփում են, ըմբոստ են, մեկ է իրենց չարությունն անում են, ու դաստիարակը խփելով չի կարողանում լռեցնել նրանց, իսկ ձեր երեխային կարողացել է»:
Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տիկին Ջավախյանը նախ պայմանավորում է մանկավարժների կրթությամբ. «Կրթության պակասից է սա գալիս: Խփելու սովոր դաստիարակներից շատերը հենց խորհրդային շրջանում կրթություն ստացած մարդիկ են, այդտեղից է շատերի խնդիրը գալիս: Իրենք ուղղակի 20-30 տարի առաջ համալսարանն ավարտել են ու կարեւոր չեն համարել հետագա վերապատրաստումը, չեն մտածել, մի հատ նայեն, տեսնեն ինչ նոր մեթոդներ կան, կարող է գիտության մեջ բան է փոխվել, իրենց կիրառած մեթոդը հին է: Երկրորդը՝ մարդկանց սոցիալական վիճակն է, ցածր աշխատավարձը, տան խնդիրները ու այդ մարդիկ չեն կարողանում իրենց նյարդերը կառավարել, գալիս են ու երեխաների վրա են թափում իրենց ողջ բարկությունը: Առողջության խնդիր էլ կա, մարդիկ իրենց առողջության բացերը բժշկի գնալով չեն կոմպենսացնում, երեխաների վրա թափելով են այդ խնդիրը լուծում»:
Տիկին Ջավախյանի համոզմամբ՝ մանկապարտեզի ներսում խնդիրները լուծվում են, եթե տնօրենը պատրաստակամ է խնդրին լուծում տալուն. «Երբ ինձ դիմում են, միշտ առաջինը ուղղորդում եմ տնօրենի մոտ: Որովհետեւ տնօրենն այն մարդն է, որը միշտ տեղյակ պետք է լինի՝ ինչ է կատարվում իր մանկապարտեզում: Ինքը չի կարող տեղյակ չլինել, եթե տեղյակ չէ, ուրեմն լավ չի աշխատում: Լավ տնօրենին, երբ ծնողը հայտնում է իր մտավախությունը կամ ինչ-որ ահազանգ է տալիս , տնօրենը զբաղվում է խնդրով ու խնդիրը շատ արագ լուծում է ստանում, բայց տնօրեններ կան, որոնք իրենք էլ են սկսում արդարացնել այն, ինչ կատարվում է իրենց պատերի ներսում, չեն տեսնում դրա մեջ արատավոր ինչ-որ բան ու այդ դեպքում այդ խնդիրները, որպես կանոն, լուծում չեն ստանում: Լուծում են ստանում միայն այն դեպքում, երբ ծնողը վերադասին բողոք ներկայացնելու բավականաչափ համարձակություն ունի: Բայց վերադասին բողոք ներկայացնելուց էլ շատերը խորշում են, որովհետեւ այդ ժամանակ հայտնի է դառնում՝ ով է բողոքողը, եւ մանկապարտեզում տվյալ ծնողը, երբեմն այդ ծնողի երեխան սկսում են հալածանքների ենթարկվել, ամեն ծնող չի գնա դրան»:
Կարդացեք նաև
Տիկին Ջավախյանը՝ պետական մանկապարտեզներում տեսախցիկների պարտադիր առկայության համար ստորագրահավաք է նախաձեռնել. նախաձեռնությունն առայժմ մեկնարկել է Երեւանից.
«Ստորագրահավաքը մեծ թափ է առնում, դեռ մեկ ամբողջական օր չկա, ինչ տեղադրել ենք, արդեն մեծ թվով ստորագրություններ ունենք: Ինչքան ժամանակ պետք է, կտրամադրեմ, մոտակա մեկ ամսվա ընթացքում կտարածենք, որ բոլորը հնարավորությունն ունենան տեսնել ու ստորագրել: Այդ ստորագրությունները հիմք ընդունելով՝ կդիմեմ Երեւանի քաղաքապետարանին, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որ իրենք նախաձեռնեն տեսախցիկների տեղադրումը: Կարծում եմ՝ դա պետք է լինի պետական ծրագրի մի մաս: Երեւանի մասշտաբով եմ դեռ սկսել, բայց քաջ գիտակցում եմ, որ այս խնդիրը վերաբերում է ինչպես Երեւանին, այնպես էլ մարզերին: Սկսել եմ Երեւանից, բայց պատրաստակամ եմ մինչեւ վերջ հասցնելու այս նախաձեռնությունը, Երեւանից հետո էլ մարզերի հարցերով զբաղվելու ճանապարհները կգտնեմ: Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, դրանով մանկապարտեզներում շատ խնդիրների լուծումը կտրվի: Օրինակ՝ շատերը բողոքում են, որ դաստիարակներն ասում են՝ ժամը 3:30, 16:00-ին եկեք երեխաներին տուն տարեք, մինչդեռ մանկապարտեզը մինչեւ 17:30 պետք է աշխատի, տեսախցիկները, եթե եղան, ոչ մի դաստիարակ համարձակություն չի ունենա, ասի՝ եկեք ձեր երեխաներին շուտ տուն տարեք: Դաստիարակներն էլ երբեմն բողոքում են, որ ծնողներն իրենց զրպարտում են, ասում են՝ ես նման բան չեմ արել, եկել նման բան են ասում: Տեսախցիկների առկայությունից, ոչ միայն երեխաները, այլեւ նրանց հետ աշխատող դայակ-դաստիարակները պաշտպանված կլինեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ