Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանում ոչ մեկը հեռախոս չի վերցնում». Խաչատուր Սուքիասյանը բողոքեց՝ հատուկ են անում, որ քաղաքացին դժգոհի

Դեկտեմբեր 18,2023 17:33

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, խոսելով շենքերի լուսավորման մասին, ասաց. «Մարդիկ կան, ուզում են ներդրում կատարեն, ոչ մեկը հեռախոս չի վերցնում: Թող մեր քաղաքի բնակիչներն էլ իմանան, որ քաղաքում աշխատող բոլոր պետական պաշտոնյաները դրանք ծառայողներ են, պետք է տնտեսվարողին, քաղաքացուն շատ արագ պատասխանեն: Շատ դեպքերում, երբ ես, որպես պատգամավոր քաղաքում ման եմ գալիս, մարդիկ ինձ մոտենում ու ասում են՝ այս խնդիրները կան, դժվարություն է ստեղծված»:

Նիստին ներկա էր Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը: Խաչատուր Սուքիասյանը, դիմելով նրան՝ ասաց. «Ի՞նչ է նշանակում հեռախոսին չպատասխանել, ինստիտուտ ստեղծեք, թող պատասխանեն: Մարդը, երբ պատասխանը չունի, արդեն անհանգիստ է, հենց պատասխանը ստանում է՝ հանգստանում է, ի՞նչ խնդիր ունենք չպատասխանելու»:

Սուքիասյանը նաեւ ասաց, որ արտասահմանում լուսացույցերն աշխատում են ծրագրով ու երբ տեսնում են, որ մեքենա չկա, ավելորդ տեղը կարմիր չեն պահում, որ բենզին չծախսվի. «Արհեստական ինտելեկտ կարելի է ներդնել, դա չնչին ծախս է: Բայց դուք պատկերացնո՞ւմ եք գիշերվա կեսին մարդը գալիս է, 1,5 րոպե ծախսում է, սպասում է, շարժիչը աշխատում է: Կան տնտեսվարող սուբյեկտներ, ասում են՝ մենք պատրաստ ենք աջակցել, որովհետեւ մեր միջավայրի մասին է խոսքը, ո՞վ է ստեղծելու այս փոխհարաբերությունը: Մարդիկ ուզում են էսթետիկ գեղեցկացնեն իրենց շենք-շինությունը, խնդիրներ են: Քաղաքում գնում եմ, մարդիկ ինձ մոտենում են, ասում են՝ ուղարկել եմ գրությունը, պատասխանը չկա: Շատ ժամանակ ինձ մոտ կարծիք կա, որ ձեր պաշտոնյաները հատուկ ուզում են, որ քաղաքացիները դժգոհություն հայտնեն, ասե՞մ ինչու, որովհետեւ նախկինում այլ մեթոդներ են եղել, այլ մոտիվացիա է եղել, այսօր աշխատավարձով այդ մոտիվացիան չկա: Չկա՝ գնացեք այլ տեղ աշխատեք, բայց այդտեղ աշխատող մարդը պետք է այլ մոտիվներով աշխատի: Պետական պաշտոնյան, որն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, հատուկ այնպես է անում, որ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտը, այս կամ այն քաղաքացին ինչ-որ առիթով դժգոհի: Ինչի՞ համար: Պետք է հետեւից գնաք ու պարզաբանեք, թե ինչու է այդ պաշտոնյան այդպես իրեն դրսեւորում»:

Փոխքաղաքապետը պատասխանեց, որ թեժ գիծը հիմա շուրջօրյա է աշխատում, ներդրել են «հետզանգի» ինստիտուտը, առնվազն 10 րոպեի ընթացքում հետ են զանգում քաղաքացուն, եթե այդ պահին չեն կարողանում պատասխանել. «Եթե նախկինում ունեինք մոտ 50% չպատասխանած զանգ, տվյալ պահին արդեն 0 է այդ թիվը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031