Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինական ոլորտի կազմակերպությունները կլիցենզավորվեն նոր սկզբունքով, իսկ մասնագետները կհավաստագրվեն

Դեկտեմբեր 18,2023 19:11

Ուժի մեջ են մտել  քաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։ Այսուհետ ոլորտի կազմակերպությունների լիցենզավորումն  իրականացվելու է նոր սկզբունքով, դրվում է նաև մասնագետների հավաստագրման պահանջ։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ նշելով, որ սահմանվել է լիցենզիայի 3 դաս։

«Մինչ այս քաղաքաշինության ոլորտի լիցենզիաները միատեսակ են եղել, բոլոր սուբյեկտներին տրվել է նույն հնարավորությունը, ինչն արդյունավետ չէ։ Նոր օրենսդրությամբ  կազմակերպությունները կդասակարգվեն, ինչի համաձայն էլ կորոշվի տվյալ կազմակերպությունների գործունեության շրջանակը։ Օրինակ՝ նոր ստեղծվող կազմակերպությունը կարող է հավակնել միայն ցածր դասի լիցենզիայի, այն է՝ կառուցել, վերակառուցել առաջին և երկրորդ ռիսկայնության օբյեկտներ, անհատական տներ, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ։ Բազմաբնակարան շենքերի, հասարակական նշանակության դպրոցների կառուցմանը նորաստեղծ կազմակերպությունը չի կարող հավակնել»,-նշեց Դավիթ  Գրիգորյանը՝ հավելելով, որ կախված դասից և գործունեության տեսակից՝ պահանջներ են սահմանվել ինչպես կազմակերպության պատասխանատու մասնագետի, այնպես էլ ինժեներատեխնիկական ու բանվորական անձնակազմերի, մեքենա-մեխանիզմների, սարքավորումների վերաբերյալ։

Նոր փոփոխությունների համաձայն՝  կազմակերպությունների ինժեներական անձնակազմի պատասխանատու մասնագետները պետք է հավաստագրվեն։ Մասնագետներն ունենալու են 1-3 կարգ։ Յուրաքանչյուր կարգը կտրվի՝ կախված օբյեկտի ռիսկայնությունից։ Բացի այդ ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգը։

«Անցումային այս փուլում կհավաստագրենք մասնագետներին, սակայն հաջորդ 5 տարիների ընթացքում նրանք պետք է անցնեն շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց, հավաքեն համապատասխան կրեդիտներ։ Առայժմ այս փոփոխությունները վերաբերում են ինժեներական հատվածին, սակայն հետագայում մասնագետների շրջանակը ընդլայնվելու է»,-տեղեկացրեց Դավիթ Գրիգորյանը։

Նոր ստեղծվող կազմակերպությունները դեկտեմբերի 18-ից սկսած լիցենզիա կստանան նոր սկզբունքով, իսկ այն կազմակերպությունները, որոնք արդեն ունեն լիցենզիա, մինչև 2024  սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար։ Դա չանելու պարագայում, անցումային փուլի ավարտից հետո այն օրենքի ուժով կդադարի գործել։ Թե՛ լիցենզիան, թե՛ մասնագետի հավաստագիրը տրվելու են 5 տարի ժամկետով։

Լիցենզավորման ու հավաստագրման ողջ գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ձևավորվելու է կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների թվային ռեեստր՝ մշտապես թարմացվող տեղեկատվությամբ։ Կապ է ստեղծվելու պետական այլ կառույցների էլեկտրոնային համակարգերի հետ:

Բացի այդ, հստակեցվել են նաև քաղաքաշինության ոլորտի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները: Նոր փոփոխությունների համաձայն՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն կազմակերպությունները, այլև մասնագետները։

Հավաքված ողջ ինֆորմացիայի հիման վրա իրականացվելու է կազմակերպությունների վարկանիշավորում՝ ինքնաշխատ եղանակով՝ բացառելով մարդկային գործոնը: Կազմակերպությունների ու մասնագետների թերացումները նույնպես ազդելու են վարկանիշավորման վրա։ Հետևաբար՝ հետագայում շինարարական ծրագրերին հավակնող կազմակերպությունների համար կարևոր է լինելու վարկանիշը, ինչն էլ նպաստելու է աշխատանքի պատշաճ իրականացմանը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս գործընթացով ստեղծվում է կազմակերպությունների ու պատասխանատու մասնագետների պատմություն։

«Պարզ ու հստակ է լինելու կազմակերպության պատմությունը, վարկանիշը։ Այսինքն՝ պատվիրատուն կտեսնի, թե ինչ ճանապարհ է անցել կազմակերպությունը, ինչ հագեցվածություն ունի։ Մի կողմից դա ազդակ կլինի պատվիրատուների համար, կկարողանան ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից մրցակցային դաշտ կապահովվի։ Արդյունքում՝ թափանցիկ կլինի կազմակերպության պատմությունը, կերևա նաև կազմակերպության կրած պատասխանատվությունը։ Պատվիրատուն արդեն որևէ շինարարական ծրագրի աշխատանքների կատարումը չի տա այն կազմակերպությանը, որին միայն գնային առաջարկով է ճանաչում»,-ասաց Նշան Մարտիրոսյանը։

Ներկայում հանրապետությունում գործում է քաղաքաշինության բնագավառի մոտ 4 հազար լիցենզավորված կազմակերպություն։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031