Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան անզուգական միջավայրը՝ Երեւանի կենտրոնում (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 18,2023 17:45

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 17-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Վըսկէ ծերքեր»՝ «Ոսկե ձեռքեր» էքսպոն, որի ժամանակ արցախցիները ներկայացրեցին իրենց ոսկե ձեռքերի արտադրանքը՝ սկսած ասեղնագործություններից, փայտե սպասքից, մոմերից եւ ձեռագործ պայուսակներից՝ ավարտած քաղցրավենիքներով՝ արցախյան անզուգական փախլավա, գաթա, չրեղեն, ժենգյալով հաց, եւ անգամ՝ մանդարինի մուրաբա:

Մի քանի ժամ շարունակ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ այցելում էին, գնումներ կատարում, համտեսում, լսում արցախյան անզուգական խոսքուզրույցը, ունկնդրում երաժշտություն, հոգով ու սրտով տեղափոխվում Արցախ, իրենց զգում անկրկնելի արցախյան միջավայրում:

Տաթեւիկ Խաչատրյանը

Միջոցառման ավարտից հետո զրուցեցինք կազմակերպիչներից մեկի՝ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, լրագրող Տաթեւիկ Խաչատրյանի հետ: Տաթեւիկը պատմեց այս փառատոնի ստեղծման պատմությունը. «Էքսպոն պիտի տեղի ունենար Արցախում, ավելի կոնկրետ՝ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում: Պատմությունն այսպես էր: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոքրիկ դրամաշնորհային մրցույթ էր հայտարարել ՀԿ-ների համար՝ Արցախում տիրող ճգնաժամը մեղմացնելուն միտված: Մենք՝ Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ն, որոշեցինք նույնպես մասնակցել, ծրագիրը գրեցինք, բոլոր կողմերի հետ բանակցությունները տարանք, մանրակրկիտ ամեն բան պատրաստեցինք, բայց չհասցրինք իրագործել: Ադրբեջանի կողմից երեք հայ ոստիկանների սպանությունը եղավ, որից հետո Սարիբաբի այլընտրանքային ճանապարհը նույնպես փակեցին ու այն սահմանափակ քանակի բեռները, որ մտնում էին Արցախ, դադարեցին: Չկար ոչ վառելիք, ոչ սնունդ և ոչ էլ տրամադրություն… Նախարարության հայտարարած ծրագիրը մնաց օդում: Սպասում էինք ճանապարհի բացմանը, որ ի վերջո փառատոնը կյանքի կոչենք, բայց ճանապարհը բացվեց վատագույն սցենարով: Մենք հայտնվեցինք այստեղ… Սկզբից բոլորս էլ խառնաշփոթի մեջ էինք, բայց հետո հասկացանք, որ չի կարելի այդպես, որ եթե մայրական համայնքը, որի մասն ենք կազմում նաև մենք, միշտ վստահել է մեզ և հույսեր է կապում մեզ հետ, ուրեմն իրավունք չունենք հանձնվելու և պետք է մտածենք՝ ինչպես օգնել կանանց ոտքի կանգնել: Որոշեցինք մեր կիսատ թողածը կյանքի կոչել: Մեզ այդ հարցում օգնել է Աննա Աստվածատրյան-Թերքոթի ֆոնդը՝ դառնալով ծրագրի ֆինանսական աջակիցը»:

Ինչպես տեղեկացրեց Տաթեւիկը՝ «Վըսկէ ծերքեր» փառատոնին մասնակցել է 50-ից ավելի արտադրող: «Նրանց մի մասն իրենց գործն ունեին Արցախում և հիմա վերսկսել են այստեղ, որոշները, մասնագիտական աշխատանք չգտնելով այստեղ, սկսել են իրենց սեփական գործը 0-ից: Քանի որ հայտերը շատ-շատ էին, ստիպված էինք ֆիլտրեր ընտրել: Դրանցից առաջնայինը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնատեղահանված լինելու հանգամանքն էր, քանի որ, կարծում ենք, որ 2020-ի բռնատեղահանվածները այս ամենակրիտիկական պահն արդեն հաղթահարել են, իսկ վերջին պատերազմի հետևանքով բռնատեղահանվածները դեռ իրենք իրենց գտնելու փնտրտուքների մեջ են»:

Միջոցառման մասին, թերեւս, քչերն էին տեղյակ, քանի որ մեծ գովազդային արշավ չէր եղել: Սակայն ակնհայտ էր, որ այցելուները բավականին շատ էին, ընդ որում՝ բոլորն էլ հեռանում էին գնումներով: Մի մասի համար կարեւոր էր արցախյան շունչն իր հետ տանելը, մի մասը ցանկանում էր այս կերպ օգնել արցախցի ոսկեձեռիկներին, մի մասն էլ պարզապես ամանորյա հրաշալի նվերներ գտավ այս էքսպոյում:

Տաթեւիկն ասում է, որ կազմակերպիչներն ու մասնակիցներն էլ են գոհ մնացել միջոցառման արդյունքներից: «Ասել, որ գոհ ենք, նշանակում է ոչինչ չասել: Մեր սպասումներից մի քանի անգամ լավ արդյունք ունեցանք: Գրեթե չծախսելով գովազդի վրա գումար՝ մենք կիրակի օրով կարողացանք մի հարկի տակ հավաքել հարյուրավոր մարդկանց: Դա տեղի ունեցավ շորհիվ լավ ընկերների ու սրտացավ մարդկանց, ովքեր անխնա տարածում էին իվենթի մասին ինֆոն, հրավիրում էին իրենց հարազատներին և արդյունքում մարդիկ էքսպոյից հեռանում էին լայն ժպիտով ու բավական լավ գնումներով: «Վըսկէ ծերքեր» էքսպոն ինքնանպատակ չէր, մենք հնարավորություն ենք ստեղծել ստեղծագործող կանանց իրար հետ համագործակցելու, գնորդներին ու արտադրողներին ծանոթանալու, և դա մեզ մոտ ստացվեց, մասնակիցներից շատերը տարբեր համագործակցության առաջարկներ են ստացել, պատվերներ գրանցել նաև, ինչպես նաև երեկվանից բազմաթիվ մարդիկ, ովքեր չկարողացան ներկայանալ էքսպոյին, գրում են և տարբեր արտադրողների կոնտակտներ են ուզում, որպեսզի ամանորյա գնումները հենց արցախցի արտադրողներից անեն»:

Բնականաբար, այսպիսի հաջողությունից հետո հարկ է մտածել շարունակականության մասին: Տաթեւիկից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են էլի իրականացնել նման միջոցառում, քանի որ շատերը կցանկանան կրկին մեկտեղված տեսնել արցախցի ոսկեձեռիկների գործերը: «Երբ այս հարցը տալիս են, իսկ երեկվանից անդադար այդ հարցը տարբեր կողմերից հնչում է՝ մասնակիցների, լրագրողների, գնորդների և նրանց կողմից, ովքեր չկարողացան ներկա գտնվել, ուրախանում ենք: Բայց, քանի որ կազմակերպիչներս մանկահասակ երեխաների մամաներ ենք, իսկ էքսպոյի կազմակերպումը, մեղմ ասած, հեշտ բան չէ, որոշել ենք կոնկրետ ժամկետ չնշել, բայց հույս ունենանք, որ եռամսյակը մեկ կկարողանանք կազմակերպել: Եթե գարնանը լինի, մեծ ցանկություն ունենք բացօթյա կազմակերպել, որ և՛ հնարավոր լինի ավելի շատ արտադրողի մեկ վայրում հավաքելու, և՛ ավելի մեծ արցախյան միջավայր ստեղծել բոլորիս համար»,-ասաց Տաթեւիկ Խաչատրյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031