Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձը հավասարակշռված չէ». հոգեբանի գնահատականից հետո, ոստիկանության քաղաքային բաժնի պետն ատեստավորվեց. Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբեր 18,2023 17:26

«2020-22 թվականների ռազմավարությունն ավարտվել է, բավականաչափ ծավալուն աշխատանքներ են իրականացվել, բայց մեզ համար շատ կարեւոր որոշ միջոցառումներ չենք հասցրել ավարտել»,- այսօր, «Մեդիա կենտրոնում»՝ «Ի՞նչ փուլում է ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը», թեմայով քննարկման ժամանակ, ասաց ՀՀ ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ բարեփոխումները երբեւէ չեն դադարելու:

Արմեն Մկրտչյան

Ըստ ոստիկանության պաշտոնյայի, ոստիկանության չորս հիմնասյուներից մեկը՝ ռազմավարությամբ նախանշված միջոցառումներից ամենակարեւորը՝ պարեկային ծառայության գործարկումն էր, որը շարունակվեց նաեւ այս տարի: Այդպիսով, նրա գնահատմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքը «ծածկված» է նոր՝ պարեկային ծառայությամբ, այդ թվում նաեւ ջրային՝ Սեւանի հատվածում, ինչի արդյունքներից ոստիկանությունում բավական գոհ են: Պարեկային ծառայության աշխատանքն էլ գնահատում են որակյալ:

Չեն հասցրել ոստիկանության գվարդիան ձեւավորել, նաեւ մի շարք այլ նախանշված միջոցառումներ են եղել, բայց հընթացս դրանք կորցրել են արդիականությունը եւ տեղափոխվել են այլ ծրագրեր: Դրանցից են, օրինակ, դետեկտիվների ինստիտուտի ձեւավորումը:

Նոր ռազմավարության վրա, ըստ ոստիկանության պաշտոնյայի, աշխատում են. դրանում հիմնականում ներառվելու են ոստիկանության գվարդիայի, քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության ձեւավորման աշխատանքները, որոնք էլ ոստիկանության մյուս երեք կարեւոր հենասյուներն են: Դրանք տարբեր ուղղություններ եւ տարբեր պատրաստվածություն պետք է ունենան: Նոր ձեւավորվող ստորաբաժանումների համատեքստում, օրենքի մակարդակում հստակեցվելու են նաեւ այն հատուկ միջոցների ցանկերը, որոնք ոստիկանները կարող են օգտագործվել՝ զանգվածային հավաքները ցրելու ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ ի սկզբանե հասարակական կազմակերպությունները ներգրավված էին ոստիկանության բարեփոխումների խորհրդի աշխատանքներում, բայց ինչ-որ մի փուլում, մի շարք սկզբունքային անհամաձայնությունների պատճառով, դադարեցրեցին խորհրդում իրենց աշխատանքը: Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ քաղհասարակության կողմից նախապատրաստվում են ներկայացնել ռազմավարության վերաբերյալ առաջարկները. երկու դիտարկում կա, մեկը վերաբերում է 2019-22 թվականների ռազմավարության բովանդակային իրականացմանը, մյուսը՝ ոստիկանության բնագավառում պետական գնումների գնահատմանը: «Բավական լուրջ հարցեր կան այդտեղ»,- ասաց նա:

Արթուր Սաքունց

Ոստիկանության համակարգում բարեփոխումները՝ հանրության տեսանկյունից, բանախոսի գնահատմամբ, չեն գտնում, որ նպատակին հասել են: Օրինակ, պարեկային ծառայության աշխատանքին՝ ոստիկանության ներկայացուցչի տված գնահատականի մասով Արթուր Սաքունցը տարակուսանք ունի. կարծում է, ծառայությունը մշտադիտարկման կարիք ունի: Իր գնահատմամբ, այդ ծառայությունն իրականացնողներն իրենց վարքագծով փորձ են անում վերադառնալ պետավտոտեսչության ծառայության վարքագծին՝ թաքնվելով փողոցներում, նաեւ՝ բռնությունների, արժանապատվությունը նվաստացնող դեպքերը ոչ թե պակասում են, այլ ավելանում են:

«Հասարակական կարգի պահպանումը, որը առաջնային է դառնում հավաքների ժամանակ, տեսանք հատուկ միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ, որոնց հետեւանքով մարդիկ վնասվեցին: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ստուգումներ էին կազմակերպվում, «Պոլիգրաֆ» ակումբի դեպքը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ոստիկանության ստորաբաժանումների գործառույթների հստակ բաժանման խնդիր կա, դրանց՝ միմյանց հետ փոխգործակցության, նույնպես: Արթուր Սաքունցը կարեւոր է համարում նաեւ համակարգի ներքին անվտանգության վերահսկման՝ ներքին բարեվարքության, հարցը, հակակոռուպցիոն վարչության գործառույթը եւ այլն:

«Երեւի թե պետք է սովորեցնել, թե ինչպե՞ս չպետք է ոստիկանությունը ծառայություն մատուցի. վատ օրինակներն այնքան շատ են, որ ուսուցումը դրանց վրա պետք է կազմակերպել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Սաքունցը կարեւորեց վերահսկողական մեխանիզմների գործարկումը, որոնց արդյունքները օրենքի ուժով քննարկման ենթակա լինեն: Առաջարկում է, օրինակ, որպեսզի պետությունը ֆինանսավորի հանրային փաստաբանների խմբեր, որոնք ոստիկանության ոչ համաչափ գործողությունների դեպքում, արագ արձագանքման գործառույթ կիրականացնեն: Նաեւ ոստիկանների հետ հոգեբանների աշխատանքը կարեւորեց:

Մանրամասները՝ տեսանյութում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ կարեւորեց հոգեբանների աշխատանքը ոստիկանների հետ եւ հիշեցրեց դեպքը, երբ ատեստավորման ժամանակ, 6 ոստիկաններից մեկի համար հոգեբանը բնութագրել էր՝ «անձը հավասարակշռված չէ», բայց դա ազդեցություն չունեցավ ատեստավորող հանձնաժողովի համար: Այդ անձը ոստիկանության քաղաքային բաժնի պետ է:

Դանիել Իոաննիսյան

Նա ասաց, որ 15 առաջարկ են մշակել՝ ի՞նչ է պետք անել ոստիկանությունում. օրինակ, ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկների տեղադրում, որոնց տեսանելիության տարածքում պետք է լինի բաժին բերված անձը եւ տեսախցիկներին հասանելիություն պետք է ունենա ՄԻՊ-ը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ՔԿ-ն, քրեական հետախուզության ծառայողների աշխատանքի խրախուսման վերանայումը, որպեսզի նրանք մոտիվացված լինեն ոչ թե զուտ ֆորմալ առումով հանցագործություն բացահայտելուն, այլ իրապես քրեական գործերին աջակցելուն, ներդնել ՆԳՆ-ի ներքին հակակոռուպցիոն բաժին եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031