Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համարյա ավարտել ենք Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը, 6-9 ամսում կսկսենք շինարարությունը». Քերոբյան

Դեկտեմբեր 18,2023 15:11

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը:

Հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ այն ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների էկոնոմիկայի նախարարություններն իրենց երկրներում ներդրումային ծրագրերը պետք է հավաքեն եւ մեկ միասնական հարթակում ներկայացնեն:

Ծրագրին մասնակցելու դեպքում կլինի պետական աջակցություն, որի ծավալն ու ձեւաչափը կորոշի կառավարությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճում է. «2024-ի հունվարի 1-ից գործարկվելու է մշակվող արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը: Այս ծրագրի իմաստն այն է, որ եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ իրար հետ համագործակցում են արդյունաբերական որեւէ ոլորտում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր բյուջեից ծախսելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավվող ֆինանսական ռեսուրսների զգալի մասը: Այն ծրագրերը, որոնք մենք կարող ենք ֆինանսավորել ոչ թե երկրի բյուջեով, այլ՝ ԵԱՏՄ համագործակցության բյուջեով, կտանենք այդ տիրույթ: Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի տնտեսությունը դառնա ավելի բարդ, ներդրումային ծրագրեր իրականացվեն, մեզ համար ողջունելի է այս նախաձեռնությունը: Մեր առաջին համաշխարհային կլասի արդյունաբերական պարկը՝ արդեն համարյա ավարտել ենք Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը, մի քանի օր մնաց, որ տեսնենք վերջնական արդյունքները եւ այն արդյունաբերական պարկը, որը նախատեսվում է կառուցել Գյումրիում, շատ հարմար հարթակ կլինի նաեւ, որ ձեր նշած նոր հնարավորությունները վայրէջք անեն այդ արդյունաբերական պարկում: Այսօրվա մեր ժամանակացույցը Գյումրիի չոր նավահանգստի հետ կապված այն է, որ առաջիկա հանրային ներդրումային կոմիտեում եթե ստանանք վերջնական հաստատում, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսենք շինարարական փուլը»:

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց՝ աջակցությունը տեղական արտադրողին վերջին 4 տարում մեր ՀՆԱ-ի մեջ ի՞նչ տոկոս է կազմում եւ հորդորեց ԵԱՏՄ շուկա արտահանվող ՀՀ-ում արտադրվող, ՀՀ-ում հավելյալ արժեք ներկայացնող արտադրանքի տեսակարար կշիռն ասել:

Քերոբյանը պատասխանեց. «Էկոնոմիկայի նախարարությունում մի շարք ծրագրեր կան, որոնք ազդեցություն ունեն կամ չունեն բյուջեի վրա: Օրինակ, Տնտեսության արդիականացման ծրագիրը սկսել ենք 2022-ի հունվարից եւ 2 տարվա ընթացքում ավելի քան 3300 պայմանագիր է ֆինանսավորվել՝ մոտ 3000 ընկերություն, ֆինանսավորման չափը կազմել է 190 մլրդ դրամ: Ծրագրից օգտված 202 ընկերությունները առաջին 9 ամիսներին վճարել են մոտ 25 մլրդ դրամի հարկ, 2023-ի 9 ամիսներին՝ մոտ 35 մլրդ դրամի հարկ: Այդ ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը փող աշխատող ծրագիր է»:

Այսպես Քերոբյանը խոսեց մի շարք ծրագրերից, բայց Սուքիասյանի հարցին, ըստ էության, չպատասխանեց:

Սուքիասյանն արձագանքեց. «Եթե ասում եք 25 մլրդ հարկ են վճարել, դրանից ինչքա՞նն է եկամտահարկ: Դուք ասում եք՝ 190 մլրդ աջակցություն ենք տրամադրել, ի՞նչ ակնկալիք ունենք: Չեք ասում՝ 25 մլրդ հարկից ՀՆԱ-ում դրա ծավալն ինչքա՞ն է: Վերջին հաշվով, եթե խոսքը արտահանման մասին է, արտահանումը այդքան մեծ հարկ վճարող չի, մինչեւ անգամ ԱԱՀ-ն հետ են ստանում: Ոչ մի թվի չկարողացանք ծանոթանալ, հասկանալ, թե հետո ինչ է կատարվելու: Այդ արդիական տեխնոլոգիաների ներդրումը պետք է ավելի մեծ թռիչքներ ապահովեն: 190 մլրդ-ը մեզ ի՞նչ է տվել, ի՞նչ նոր արտադրանք է տվել, որ Հայաստանում երբեւէ դրանից չի արտադրվել»:

Քերոբյանը պատասխանեց. «190 մլրդ-ը ոչ թե այն գումարն է, որը բյուջեից դուրս է եկել, այլ այն ֆինանսավորման ծավալը, որը բանկերը տվել են: Մենք ծածկում ենք դրա տոկոսների մի մասը, այս տարի մոտ 10 մլրդ է այն կազմել: Ես չեմ ուզենա 3000 ընկերությունների մասին խոսել, թե ինչեր են արել, բայց մենք գիտենք, որ լրիվ նոր հիվանդանոցներ են կառուցվել վերջին տեխնոլոգիաներով: Շինարարական ընկերությունները շատ ինտենսիվ թարմացրել են իրենց պարկերը, Հայաստանում հայտնվել են այնպիսի տեխնիկաներ, որ երբեւիցե չի եղել: Հունվարին կբացի ռադիատորների գործարան, որը չի եղել Հայաստանում:

Ինչ վերաբերում է եկամտահարկին՝ 5,3 մլրդ դրամ վճարել են 2022-ին, իսկ 2023-ին՝ 7,4 մլրդ դրամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031