Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր բացասական էներգիան, որ՝ եղածն էլ քանդում են, գործ չեն անում, գիտենք»․ Ներսես Երիցյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Դեկտեմբեր 18,2023 14:29

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանն անդրադարձավ թվայնացման գործընթացի վերաբերյալ պատգամավորների քննադատություններին։

«Դուք երբեք թվայնացման առաջընթաց չեք տեսնելու, մինչեւ չփոխվի, որ ամեն նախարարություն իր ֆունկցիան է թվայնացնում, ոչ թե կյանքն ու փորձառությունը։ Այսինքն՝ եթե ես մեքենա եմ ձեռք բերում կամ վաճառում, 4-5 գերատեսչության հետ գործ ունեմ, ամեն կայք կարող է մտնես դիմում գրես, բայց մինչեւ վերջ չհասնես։ Եթե դրանք հուսալի նույնականացմամբ ամփոփված չեն որպես ենթակառուցվածք, կարող է՝ տեղ էլ չհասնեք։ Հիմա մտածելակերպի այս ամբողջ փոփոխությունը ժամանակ է պահանջում։ Եվ ձեր բոլոր բաները, բացասական էներգիան, որ կա, որ՝ ամեն ինչ տոռմուզ են տալիս, նոր բան չեն անում, եղածն էլ քանդում են, գիտենք, տեղյակ ենք, գալիս է այդ էներգիան, բայց կարեւոր են այս մեսիջները, որ կարողանանք ճիշտ ձեւով ներկայացնել։ Դրա համար, ցանկալի է միասին քննարկենք, Հայաստանի պես փոքր երկիրը, եթե ֆունդամենտալ մի անգամ չլուծեց այդ խնդիրները, ամեն անգամ նույն տեղում ենք հայտնվելու, մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ մարդն ուզում է թվային միջավայրում բարելավել իր կյանքը»,- ասաց նա։

Ներսես Երիցյանը նշեց, որ Թվայնացման գործակալություն ստեղծելու քաղաքական պայմանավորվածությունն այն է եղել, որ ժամանակավոր, անցումային փուլ է սահմանվում կառավարության հետ միասին։ Ըստ Երիցյանի՝ անցումային փուլում պետք է կարողությունները ձեւավորվեն, օրենքների ընդունմամբ գործակալության կարգավիճակը պետական է դառնալու, այն պետք է թվային խնդիրները լուծելու, ճարտարապետություն ստեղծելու համար։

«Այդ ճարտարապետությունն անելը, վերահսկելը, տեղ հասցնելը դա հենց գործակալության գործառույթն է։ Ինքը պետական գործակալություն է լինելու, մինչեւ այդ էլ իրար պետք է համոզենք, որ այդ գործակալությունն ի վիճակի լինեն ֆինանսավորել, որպեսզի կարողանա որակյալ ծառայություններ մատուցել»,- հավելեց Ներսես Երիցյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031