«Այս իշխանության օրոք շեշտակի աճել է 3 բան՝ իրենց նեղ թիմի բարեկեցությունը, երկրի արտաքին պարտքը եւ թշնամու տարածքները… Այդ երեք բանը դուք աճեցրել եք ձեր իշխանության ժամանակ, իհարկե անգրագիտությունն էլ եք աճեցրել, որովհետեւ մարդկանց կրթելը ձեզ համար վնաս է լինելու»,-«Հայելի» ակումբում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
Գերիների թեմայի մասին խոսելիս՝ նա նշեց. «Գերիների թեման շատ նուրբ թեմա է, դրան անդրադառնալը չեմ համարում, որ ճիշտ է, բայց բաներ կան, որոնց մասին չի կարելի չխոսել: Չնայած այս իշխանությունը գերիների թեման ներկայացնում է որպես իր խոստումի կատարում, սակայն միանգամայն ակնհայտ է, որ այդ թեման Ալիեւի մեծ խաղում մի խաղաթուղթ է: Նա գերիների թեման ամբողջ աշխարհին ներկայացնում է որպես ուղիղ երկխոսության արդյունք, բանակցություններից հանում է Ռուսաստանին, ուզում է «բլիժնի բոյ», որ թողեք երկուսով խոսենք՝ Հայաստանի ղեկավարությունն ու մենք, որովհետեւ գիտի, որ ինչ ուզեն սրանից (Նիկոլ Փաշինյանից-Գ.Հ.) ստանալու են:
Եվ սա Ալիեւի քայլն է հաջորդ մեծ քայլից առաջ՝ կապված ընտրությունների հետ, որով ինքը մաքրվելու է, Արեւմուտքն էլ նրան համարելու է հուսալի գործընկեր… Սրանք օգնելու են այդ ընտրությունների ժամանակ ապահովելու Ալիեւի լեգիտիմությունը: Վստահ եմ, որ խաղաղության պայմանագիր չի կնքվելու, որովհետեւ Ալիեւը ուրիշ բան է ուզելու ընտրություններից հետո: Ինքը սրանց առաջ դնելու է պայման՝ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման, եւ որպես դրան հակակշիռ՝ իբր թե թույլ է տալու, որ արցախցիները վերադառնան Արցախ: Այսինքն` ինքը հանում է այն թեման, որ Ադրբեջանում ապրում էր 300 հազար հայ: Արցախցիները բռնի տեղահանված են միայն մի «բազառի» համար, որ արցախցիները կվերադառնան Արցախ, եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»:
Հովհաննես Գալստյանն ընդգծեց, որ այս իշխանությունների համար Արցախի թեման տաբու է, ու պարզաբանեց, թե ինչու. «Երկու շաբաթ իր առաջարկով հանդիպել եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի անունից: Այնտեղ նաեւ փոխնախարարն էր ներկա։ Հանդիպման առիթը մեր նամակն էր (հայկական կինոյի կառավարման դաշտում օրինականության ճգնաժամի, հայկական կինոարտադրության խորը անկման, պետական ֆինանսավորման մեխանիզմների անկատարության և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված երկխոսության անհրաժեշտության մասին): Մենք 5 հարց էինք ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը… Եվ եթե 30 օրվա ընթացքում պատասխան չստանանք, դիմելու ենք դատարան»:
Կարդացեք նաև
Կինոռեժիսորը պնդում է, որ կինոարտադրության ոլորտում կան «սեւ» ցուցակներ եւ վերջին 6 տարում ինքը եւ իր հետ գործ ունեցած այլ անձինք քաղաքական հայացքների պատճառով չեն ֆինանսավորվել ֆիլմերի համար. «Մենք Հայաստանի ազգային կինոկենտրոնը համարում ենք ոչ լեգալ կառույց, եւ կինոկենտրոնին չենք դիմելու այլեւս… Իսկ մեր «Վերա» ֆիլմը, որը Արցախի խնդրին վերաբերվող լակմուս է, վաղուց դրված է նախարարի եւ փոխնախարարի սեղանին եւ համագործակցության առաջարկ է ուղարկված… Սեւ ցուցակներ չկա՞ն, տաբու թեմաներ չկա՞ն, տաբու կինոռեժիսորներ չկա՞ն, եթե Արցախի թեման չի ֆինանսավորվում, մի՞թե տաբու չէ»,-ասաց Հովհաննես Գալստյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ