Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենալով՝ այս 10 մլրդ-ի բյուջեն, ոչ մի բան չեք անելու, որովհետեւ չունեք դասական կարողություններ»․ Արփի Դավոյանը՝ ԲՏԱ նախարարին

Դեկտեմբեր 18,2023 13:57

«Մենք այստեղ չենք հավաքվել, որ ինչ-որ մեկի համար դատավճիռ ներկայացնենք։ Մենք հավաքվել ենք՝ հասկանալու՝ խնդիրն ի՞նչ է, որ 2019 թվականից սկսել է թվայնացման գործընթացը, բայց 2023 թվականի դեկտեմբերին ոչ մի բան դեռեւս արված չէ, ունենք գրեթե զրոյական վիճակ»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Պատգամավորը հավելեց․ «Մենք ունենք Թվայնացման գործակալություն, ԿԲ-ն է զբաղվում թվայնացմամբ, մենք մեղադրանքներն այսօր ներկայացնում ենք ձեզ, միաժամանակ դուք ասում եք, որ 2024 թվականին գումար է հատկացվել նախարարությանը։ Հիմա ինձ մոտ շատ խճճված է ամեն ինչ, ես չեմ հասկանում՝ ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է ֆինանսավորողը։ Եթե պետությունը պետք է ֆինանսավորի, եւ մենք ունենք ԲՏԱ նախարարություն, այդ դեպքում ի՞նչ կապ ունի Թվայնացման գործակալությունը։ Եթե ԿԲ պատասխանատվության տակ է, ինչո՞ւ է այս գործառույթը ձեզ մոտ։ Կոռուպցիոն ռիսկեր եմ ես այստեղ տեսնում, այդ ֆինանսավորման համակարգի մասին ի՞նչ պատկերացում ունեք»։

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ պետական բյուջեից ԲՏԱ նախարարությանը հատկացվելիք 10 մլրդ դրամն ուղղվել է պետական գերատեսչությունների թվայնացման ծրագրերի իրականացմանը։ «Մեր մասով մենք պատասխանատու ենք այդքանով թվայնացման ֆինանսավորման առումով»,- ասաց նախարարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ ասաց. «Երբ ես կարդացի հաշվետվությունը, ինձ համար ակնհայտ է դառնում, որ դուք չեք կարողանում անել ձեր նախանշած թվայնացման գործընթացը մեր նախարարություններում, որովհետեւ, ըստ հաշվեքննության արդյունքների, կա որակավորված մասնագետների պակաս, օրենսդրության բացակայություն, կիբերանվտանգության մասին օրենքի բացակայություն, միասնական մեթոդաբանության բացակայություն։ Երբ այդ ամենն արձանագրված է, դուք ինչպե՞ս եք պատկերացնում կատարել տարբեր նախարարությունների թթվայնացման աշխատանքները։ Դուք ունենալով՝ այս 10 մլրդ-ի բյուջեն, ոչ մի բան չեք անելու, որովհետեւ չունեք դասական կարողություններ։ Կներեք էլի, բայց այս բյուջեն դուք էլի չեք ծախսելու։ Ես շատ-շատ ոչ լավատես եմ տրամադրված այս 10 մլրդ դրամի ծախսման հարցին»։

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան ասաց․ «Որոշ տեղերում ձեր քննադատությունն ինչ-որ չափով ընդունելի է, բայց նաեւ ձեր այդ բացասական տրամադրվածությունը միգուցե մեզ ավելի մոտիվացնի աշխատանքում, որպեսզի ձեզ ապացուցենք, որ ինչ-որ բան կարող ենք անել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031