ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը դիմեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին․ «Ձեր հաշվետվության մեջ չկար՝ արդյոք ոլորտի կառավարման առաջնորդությունը բավարա՞ր էր կամ արդյոք այդ կառավարումը, որը բերել է այս արդյունքին, արդյոք շարունակության տեսանկյունից դա չի հանգեցնելու ավելի խորքային խնդիրների»։
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ մեկ օրում չէ, որ թվային ռազմավարությամբ նախատեսված 10 միջոցառումները չեն կատարվել։ «Այս մարդիկ հո թաքուն չէինք աշխատում կամ հո գաղտնի գործակալություն չէ։ Ի վերջո՝ պետական կառավարման համակարգում վերահսկողական մեխանիզմներ կան։ Բա ինչո՞ւ մի հատ գնահատական չեք տալիս՝ այդ համակարգերն արդյունավետ աշխատե՞լ են, ինչո՞ւ ենք թողնում, որ դանակը հասնի ոսկորին, հետո էլ ասում եք՝ վայ, տեսեք 10-ից 10 ծրագիրը չի կատարվել։ Բա ամիսներ շարունակ մեկը չկա՞ր, գնար ասեր՝ եղբայր, ինչո՞ւ չի կատարվում, կարո՞ղ է հանկարծ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բան կա, չթողնենք տոտալ ձախողվի, հետո գանք կոտրած տաշտակի առջեւ նստենք, ասենք՝ եկեք տեսնենք ով է մեղավոր, նրա վրա բարդենք վերջացնենք»,- նշեց Թադեւոս Ավետիսյանը։
Ատոմ Ջանջուղազյանն ասաց․ «Ընթացիկ վերահսկողության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը որեւէ անելիք չունի։ Իսկ ռազմավարության ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք էլ առաջարկում ենք այն վերանայել, որպեսզի հստակեցվեն կատարողները, եւ կատարման աստիճանի վերաբերյալ հսկողական ընթացակարգերը կիրառելի լինեն ժամանակի իրական ռեժիմում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ