Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակն այժմ ակումբների դաշտում է․ Արմեն Մելիքբեկյանը՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին. «Արմենպրես»

Դեկտեմբեր 18,2023 12:45

«Արմենպրես». Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին:

– Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:

Տարբեր տարիքային հավաքականների վերջին ելույթները, մեղմ ասած, հուսադրող չէին: Ի՞նչ է կատարվում թիմերում և ինչո՞ւ չի հաջողվում կայուն արդյունք ունեցող թիմ ունենալ:

-Պատանեկան և երիտասարդական հավաքականների խնդիրը երկու տարբեր կողմ ունի: Այսօր 4 ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, որոնց տարիքը թույլ է տալիս հանդես գալ Մ-21 հավաքականում, խաղում են ազգային հավաքականում: Նրանցից երեքն ազգային հավաքականի  հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Ի սկզբանե, մարզիչը  4 ֆուտբոլիստի տեղափոխեց ազգային թիմ` կարևորելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Երբ երիտասարդական հավաքականը զրկվում է այդ քանակի ֆուտբոլիստներից, իսկ նրանք թոփ ֆուտբոլիստներ են երիտասարդական ընտրանու համար, մենք արդյունքների խնդիր պետք է ունենանք: Ազդեց նաև Ռաֆայել Նազարյանի հրաժարականի որոշումը: Եվ այս ընթացքում  պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ՝ երիտասարդական ընտրանու հետ կապված ճիշտ որոշում ենք կայացրել` վերադարձնելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Ինձ համար շատ կարևոր քայլ էր նրա նշանակումը: Վստահ եմ` Արմեն Գյուլբուդաղյանցը դրական աշխատանք կկատարի ԲԿՄԱ-ում և երիտասարդական թիմում, և  վերջին 4 խաղում մենք անպայման միավորներ կունենանք: Ինչ վերաբերում է պատանեկան հավաքականներին, այստեղ մի գլոբալ խնդիր ունենք, որը վերաբերում է Մ17 տարեկանների թիմին: Պատմության ընթացքում մշտապես ունեցել ենք շատ վատ արդյունքներ: Իմ օրոք 3 ընտրական փուլ ենք անցկացրել և ոչ մեկում չենք կարողացել վերջին տեղը չզբաղեցնել: Նախկինում էլ է այդպես եղել, ամբողջ պատմության ընթացքում Մ17 տարեկանների հավաքականն ընտրական փուլը  հաղթահարել է ընդամենը երկու անգամ: Բազմաթիվ պարտություններ ենք ունեցել, անգամ Սան Մարինոյի հետ ոչ-ոքի խաղացել: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով արդարանանք: Դա նշանակում է, որ մենք որոշակի պատկերացումներ ունենք խնդիրների մասին և շատ լուրջ ծրագիր ենք ուզում ներդնել մարզիչների խմբի հետ, որպեսզի փոխենք մոտեցումները: Եվ այս տարի արդեն իսկ սկսել ենք, բայց այստեղ արդեն հարցը մեր առաջնություններն են և ֆիզիոլոգիան է, քանի որ մեր ֆուտբոլիստներն ավելի ուշ են հասունանում, քան կենտրոնական, հյուսիսային Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի երկրների ֆուտբոլիստները: Մ19 տարեկանների հավաքականում այն մոտավորապես հավասարվում է: Մ17 տարեկանների հավաքականում ներդնելով այս ծրագիրը՝ գալիք երկու տարում կարող ենք տեսնել, թե ինչ կլինի: Եվ մի կարևոր հանգամանք ևս․ այո, մինչև 17 տարեկանների մեր առաջնությունը մրցակցային առումով այդքան էլ ուժեղ չէ: Եվ խոսքը երկու թիմի մասին չէ, այլ շատ: Բայց ֆուտբոլիստները սկսում են աճ գրանցել, երբ նրանց տեղափոխում ենք Առաջին խումբ կամ Բարձրագույն խումբ: Ինչ վերաբերում է Մ19 տարեկաններին, մենք նախորդ տարիների ընթացքում մեկ անգամ հաղթահարել ենք նախնական փուլը` մտնելով Էլիտ ռաունդ, որը 10 տարի անց առաջին անգամն էր: Եվ վերջին երկու տարիներին լուրջ խնդիրներ ենք ունեցել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառներով: Այս տարի ևս բազմաթիվ կորուստներ ենք ունեցել վնասվածքների, թղթաբանական խնդիրներ պատճառով, որն ազդեց թիմի ելույթների վրա: Բայց այդ տարիքում շատ ավելի դրական ենք տրամադրված, քանի որ ֆուտբոլիստները սկսում են հանդես գալ Հայաստանի առաջնություններում: Կարծում եմ` փոփոխությունները 2024 թվականին պետք է տեսնենք:

-2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ:

-Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից:

Պայմանավորված խաղերի խնդիրը շարունակում է մեծ գլխացավանք մնալ, թեպետ այն կար նաև նախկինում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Խնդիրը շատ լուրջ էր 2019 թվականին: Եվ մենք դրա դեմն առել ենք` բազմաթիվ որակազրկումներով, այլ քայլեր ձեռնարկելով, անգամ հարուցվել է քրեական գործ, որը, ցավոք սրտի, մինչ օրս ընթացքում է: Համեմատելով նրա հետ, ինչ եղել է նախկինում, ծավալը տասնյակ անգամ կրճատվել է: Բայց մենք չենք կարող խոսել պայմանավորված խաղերից, այլ կարող ենք խոսել մեր կասկածների մասին: ՀՖՖ-ն մշտապես զբաղվում է սրանով: Մենք ունենք աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով վերլուծում է իրավիճակը, իսկ  անհրաժեշտության դեպքում ինֆորմացիան փոխանցում է իրավապահ մարմիններին Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մենք ունենք քիչ քանակությամբ կասկածելի դեպքեր, որոնք հիմա ուսումնասիրում ենք: Սա շատ բարդ թեմա է նույնիսկ եվրոպական առաջատար երկրներում:

Կանանց ֆուտբոլում սկանդալների պակաս չունենք: Ազգերի լիգայում կանայք վատ արդյունք գրանցեցին՝ կրելով 6 պարտություն: Ի՞նչ է արվում այս խնդիրը շտկելու առումով:

-Ցավոք սրտի, բազմաթիվ մարդիկ, ովքեր խոսում են կանանց ֆուտբոլից, երբևէ չեն դիտել կանանց ֆուտբոլի հանդիպումները: Ցավալիորեն, նրանք նայում են միայն հաշիվները և չեն տեսնում ընդհանուր զարգացման միտումները: Կանանց ազգային թիմը 8 տարվա դադարից հետո վերստեղծվել է 2020 թվականին` ընդամենը ընկերական խաղեր անցկացնելով: Եվ սա ընդամենը երրորդ տարին է, որ թիմը գոյություն ունի: Կանանց ֆուտբոլը դեռևս սաղմնային փուլում է: Մենք շատ բան ենք բաց թողել․ այն ժամանակ, երբ բազմաթիվ ֆեդերացիաներ խոշոր ներդրումներ էին անում կանանց ֆուտբոլում, մենք ոչինչ չենք արել: Հիմա սկսել ենք անել դա ողջ ծավալով, բայց հետ ենք մնացել: Բայց եթե խոսում ենք ազգային թիմի խաղից և դրական միտում չենք տեսնում, այս հարցն ինձ նյարդայնացնում է, քանի որ մարդիկ, երբևէ չհետևելով խաղերին, միայն խոսում են արդյունքներից: Կանայք մինչև 2022 թվականը ոչ մի միավոր չէին վաստակել: Անցյալ տարի մեր Մ17 տարեկանների հավաքականը Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց` հաղթելով Վրաստանին 3:0 հաշվով: Մենք շատ արժանի ելույթ ունեցանք Լյուքսեմբուրգում: Այս տարի արդեն խմբում 3-րդն էինք: Այս տարի Մ17 տարեկանների հավաքականը երկու ոչ-ոքի գրանցեց, մեկ պարտություն և չգրավեց վերջին տեղը: Մենք տեղափոխվեցինք 3-րդ զամբյուղ: Մեզ համար սա բավական լուրջ նվաճում է: Սա այն դեպքում, երբ մեզ համար բարդ խնդիր է 30-35 աղջիկ հավաքել, որոնք համապատասխանում են հավաքականի մակարդակին: Հիմա մեծ շեշտ ենք դնում երեխաների վրա, և մի քանի տարի հետո ծավալը կմեծանա, որից էլ կկարողանանք որակ ապահովել: Մ19 տարեկանների հավաքականն ունի պարտությունների շարք, բայց այս տարի պատմության մեջ առաջին հաղթանակը տոնեցին: Ինչ վերաբերում է ազգային թիմին, շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Ունենք հայ աղջիկներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ում, և աշնանն ունեցել ենք խնդիր՝ դասերի հետ կապված: Մեզ ժամանակ է պետք: Իմ կարծիքով՝ որոշակիորեն առաջընթաց կա խաղային որակի առումով` հաշվի առնելով այն բազմաթիվ կորուստները, որ ունեցել ենք: Բոլոր նրանց, ովքեր գրում են, որ կանանց ընտրանին պարտվում է խոշոր հաշվով, հրավիրում եմ խաղադաշտ նայելու հավաքականի խաղերը և, գուցե, նրանք էլ մեզ կօգնեն` տեսնելով խնդիրներն ու բացթողումները, որոնք մենք չենք տեսնում:

Որքանո՞վ է արդարացված ԲԿՄԱի նախագիծը:  

-ԲԿՄԱ-ի նախագիծը սկիզբ առավ 2019 թվականին: Երբ նայում ենք, թե ովքեր են եղել առաջին նախագծում, տեսնում ենք, որ նրանցից երկուսն արդեն արտասահմանում են հանդես գալիս` Նարեկ Գրիգորյանը և Ժիրայր Շաղոյանը: 2-րդ, 3-րդ սերնդից մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք խաղում են արտասահմանում` Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան: ԲԿՄԱ-ի նախագիծը կա արդեն 4 տարի, և արդյունքում 4 ֆուտբոլիստ խաղում է արտասահմանում: Առնվազն 11 ֆուտբոլիստ տարբեր տարիների հրավիրվել է ազգային հավաքական: Ինձ համար այն իրոք շատ լավ նախագիծ է` մեր ամենաստացված նախագծերից մեկը: Ակնկալում ենք, որ ԲԿՄԱ-ի արդյունավետությունն էլ ավելի կբարձրանա Արմեն Գյուլբուդաղյանցի գալով: Շատ գոհ եմ նաև Վահագն Մինասյանի գլխավորած ԲԿՄԱ-2-ից, որտեղ պատանի ֆուտբոլիստները լավ աճ են գրանցում: ԲԿՄԱ-ն մարտունակ թիմ է, կարողանում է խաղալ առաջատարների հետ և վերջերս էլ հաղթեց գործող չեմպիոնին: Բարձրագույն խմբի թիմերին նայելով՝ կտեսնենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ խաղում են այնտեղ: Օրինակ` միայն «Ուրարտու»-ում ԲԿՄԱ-ի առաջին սերնդից կա 5 ֆուտբոլիստ:

Խոսենք ֆուտզալի ընտրանու մասին: Թիմը հանդես է գալիս Էլիտ ռաունդում: Ի՞նչ գնահատական կտաք:

Մենք երբևէ չէինք խաղացել Էլիտ ռաունդում. դա քառաստիճան  համակարգի 3-րդ աստիճանն է: Իհարկե, մենք մեծ ցանկություն ունեինք տեղափոխվել հաջորդ փուլ, բայց այս անգամ չստացվեց: Բայց միանշանակ մենք խնդիր ենք դնելու հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Դրական ձեռքբերում է այն, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ չենք սկսելու որակավորման ամենացածր փուլից: Ունենք առաջխաղացում ապրող հավաքական, ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ և, բացի բրազիլացի ֆուտբոլիստներից, ունենք երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, որոնք «ծեծում են հավաքականի դուռը»: Բացարձակ առաջատար ունենք․ խոսքը մեր ավագի` Վլադիմիր Սանոսյանի մասին: Տեսնում ենք, որ տեղում ֆուտզալի լիգաները զարգացնելով և նաև կառավարության հետ համատեղ ծրագրով ֆուտբոլ-ֆուտզալի դպրոց բացելու ճանապարհով կկարողանանք կայուն հիմք ունենալ, որի վրա էլ կկառուցենք մեր հավաքականը: Ֆուտզալում այս պահին ոչ մի խնդիր չեմ տեսնում:

Ի՞նչ փուլում է ազգային մարզադաշտ ունենալու նախագիծը։

-Ազգային մարզադաշտը լինելու է: Վերջին երկու տարում մեծ ծավալի աշխատանք ենք կատարել մարզադաշտի ստեղծման ուղղությամբ: Հիմա չեմ ուզում փակագծերը բացել, բայց կառավարության հետ համատեղ աշխատանքները շարունակվում են: Հասել ենք ինչ-որ փուլի, և հաջորդիվ արդեն կերևան վերջնական արդյունքները:

Հավաքականի խաղերի տոմսերի հետ կապված խնդիրներ կային նախորդ մրցափուլում: Ինչո՞ւ չի ստեղծվում հստակ համակարգ:

-Խոսենք տոմսերի թանկ լինելու մասին․ մենք մարզադաշտում ունենք բազմաթիվ տեղեր, որոնք վաճառվում են 1000 դրամով: Եվ գների այս քաղաքականությունը սոցիալական այն խավերի համար է, որոնք չեն կարող իրենց թույլ տալ առավել թանկ տոմս գնել: Իրականում տոմսերի հետ կապված խնդիր եղել է միայն Խորվաթիայի հետ խաղից առաջ, երբ մեկ օրում տոմսերը սպառվեցին: Միայն դրանից հետո որոշակի փոփոխություններ կատարեցինք տոմսերի գների մեջ` պահելով նվազագույն գինը: Եվ ևս մեկ հետաքրքիր փաստ, օրինակ, Ուելսի հետ խաղից առաջ ավելի թանկ տոմսերը հիմնականում ավելի շուտ էին սպառվել, քան 1000 դրամանոց տոմսերը:

Օրեր առաջ Երևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՖՖն տարբեր կազմակերպություններից 70 միլիոն եվրո է ստացել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այս թվերը:  

-Ես շատ երկար Արթուր Սողոմոնյանի ասուլիսի մասին չեմ ցանկանում խոսել: ՀՖՖ-ն այժմ շատ մանրամասն պատասխան է պատրաստում այդ մասին և շուտով կներկայացնի այն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 70 միլիոն եվրո չի ստացել: Նույնիսկ մոտիկ գումար էլ չի ստացել մի շարք կազմակերպություններից: Եվ դա շատ հեշտ էր հաշվել, քանի որ մենք ամեն տարի ներկայացնում ենք մեր բյուջեն, որը բաց է և թափանցիկ: Նախորդ տարի մեր բյուջեն կազմել է 4 միլիարդ դրամ, որը մոտավորապես կազմում է 10 միլիոն եվրո: Այս 4 տարիների ընթացքում ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է շուրջ 28 միլիոն եվրո, իսկ ՖԻՖԱ-ից՝ շուրջ 7.2 միլիոն դոլար: Մինչդեռ ակումբները նույն ժամանակահատվածում ստացել են 22.5 միլիոն եվրո:  Այս թվերն ապացուցում են, որ տեղեկատվությունը սուտ է:

Գործկոմի կազմը շարունակաբար քննադատության է ենթարկվում: Ինչպիսի՞ ձևաչափ է պետք առավել թափանցիկ գործկոմ ունենալու համար և ընտրական գործընթացում:

Գործկոմի անդամներին ներկայացնում են ակումբները: Եվ այժմ գործկոմում մենք ունենք տարբեր ակումբների ներկայացուցիչներ: Այսինքն՝ գործկոմը ոչ թափանցիկ լինել չի կարող: Մեր բոլոր որոշումները հրապարակվում են: Հայաստանի ֆուտբոլը միայն Բարձրագույն խումբը չէ: Նույնը կլիներ, եթե ՈՒԵՖԱ-ն թույլ տար ընտրությանը մասնակցել միայն Իտալիային, Գերմանիային, Իսպանիային Անգլիայի, Ֆրանսիային և ձայնի իրավունք չտար փոքր երկրներին: Եվ այն առաջարկները, որ «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն չպետք է ընտրության համար ունենան մեկ ձայն, նույնն է, որ ասենք, որ, օրինակ, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ում ավելի շատ ձայն պետք է ունենա, քան, օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բնականաբար, մենք դեմ կլինենք դրան: Սա հավասարության հարց է, որը պահպանվում է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում:

Պարոն Մելիքբեկյան, քննադատության այսպիսի ձայն է բարձրացվում ասվում է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածու կարող է առաջադրել այն ակումբը, որը ներկայացուցիչ ունի Առաջին կամ Բարձրագույն խմբում: Ձեզ առաջադրել է «Անի» ակումբը, որը ներկայացուցիչ չունի վերոնշյալ ոչ մի մրցաշարում:

-Յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել ՀՖՖ նախագահի թեկնածու: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ ՀՖՖ անդամը, որը զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլով և ունի 500 երեխա կամ ՀԿ-ները, որոնք զբաղվում են կանանց ֆուտբոլով կամ ֆուտզալով, չեն կարող առաջադրել: Իհարկե, կարող են: Իմ  կարծիքով՝ սա մանիպուլյացիա է և ուղղված է նրան, որ վարկաբեկվի ընտրական գործընթացը: Կանոնադրության հստակ պահանջները կատարվում են, և կա հստակ ընտրական կոմիտե, որն անկախ մարմին է: Անցյալ ընտրություններում մենք հստակ տեսանք, թե ինչպես է իրականացվում ընտրությունների կարգը: Հայկական ֆուտբոլն ամբողջական բուրգ է, և մենք չպետք է տեսնենք միայն վերևի հատվածը:  Օրինակ, «Անի» ակումբը դա փաստացի Խորեն Հովհաննիսյանի դպրոցն է, որտեղ այս պահին 350-400 երեխա է մարզվում: Բացի դա, ընդգծեմ, որ մի շարք այլ ակումբներ նույնպես առաջարկել էին առաջադրել իմ թեկնածությունը, և ես շատ շնորհակալ եմ դրա համար:

Հայաստանի առաջնությանը մասնակից մեծագույն ակումբների ղեկավարները այն կարծիքին են, որ «ՀՖՖն կորցրել է վստահությունը», «անցել է կարմիր գիծը», և ֆուտբոլային հասարակությունը բաժանված է երկու մասի: ՀՖՖՓյունիկ» «հակամարտությունը» շարունակվում է: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

-Մենք կսպասենք ընտրություններին․ կտեսնենք, թե ՀՖՖ նախագահը որքան ձայն կհավաքի ու կհասկանանք՝ ֆուտբոլային հասարակությունը բաժանվա՞ծ է երկու մասի, թե՞ ոչ:

Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը մեծ աժիոտաժ առաջացրեց ֆուտբոլային հասարակությունում` մեջբերեմ. «Եթե վերընտրվի Մելիքբեկյանը, ապա «Փյունիկ»-ը և ակադեմիայի թիմերը չեն մասնակցի հաջորդ տարվա առաջնությանը»: Միթե՞ սա ճգնաժամի չի հանգեցնի:

Բացարձակ: «Փյունիկ»-ի պատմությունը չի սկսվել Արթուր Սողոմոնյանով և չի ավարտվելու նրանով: Նա թիմի պատմության մի փոքր մասն է: Բոլոր երեխաները կշարունակեն խաղալ ֆուտբոլ: Մենք ունենք այդ հնարավորությունները և ունենք այդ լծակները, որպեսզի բոլոր երեխաները, ովքեր «Փյունիկ»-ից դուրս կմնան, շարունակեն խաղալ:  Կարծում եմ՝ սրանով հարցն ամբողջապես փակված է: Բայց միևնույն ժամանակ ես չեմ շտապի որևէ գնահատական տալ այս հայտարարությանը, որովհետև Արթուր Սողոմոնյանի բազմաթիվ հայտարարություններ չեն իրագործվել:

Եվ դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Նախ ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Արաս Օզբիլիզը և ինչո՞ւ եք ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում:  

– Չեմ կարող ասել,  որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031