«Թվային փոխակերպման համար կա պատասխանատու մարմին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Կանոնադրության մեջ նշվում է, որ այդ նախարարությունը պատասխան է տալիս թվային փոխակերպման համար։ Ի՞նչ նպատակ ունի թվային խորհուրդ ստեղծելը, ինչ-որ առանձին կառույցներ ստեղծելը եւ անհասկանալի պատասխանատվություն բաշխելը։ Այսօր մենք չենք հասկանում, թե ով ինչի համար է պատասխանատու։ Եթե կա նախարարություն, որը պատասխանատու է այս ոլորտի համար, մենք ինչո՞ւ ենք ստեղծել նոր հիմնարկներ, թվային խորհուրդներ։ Եվ այսօր ես այս ձախողումը ես կապում եմ սրա հետ, որ կոնկրետ պատասխանատու չի եղել»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ փաստացի եղած թվային ռազմավարությունը չի կատարվել, մեզ պետք են նոր ռազմավարություն, նոր կատարողներ։ Այդ աշխատանքը, նրա խոսքով, պետք է համակարգի նախարարությունը։
Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Մենք ձեռնպահ ենք մնացել այդպիսի գնահատական տալուց՝ ձախողվա՞ծ է, թե՞ ոչ։ Մենք պարզապես արձանագրել ենք այն, ինչ մեր հաշվեքննությունը մեզ թույլ է տվել եզրակացնել։ Այսինքն՝ արձանագրել ենք, որ այն նպատակները, որոնք ռազմավարության առջեւ ձեւավորված են եղել, դրանք ապահովված չեն։ Հաշվեքննության ընդգրկող ժամանակահատվածում՝ 2022 թվականին նախատեսված 10 միջոցառումներից եւ ոչ մեկը լիարժեք իր սահմանված ժամկետում կատարված չին եղել»։
Ջանջուղազյանը նշեց, որ այս տարվա օգոստոսին հարցում են արել, թե ինչ չափով են կատարվել այդ աշխատանքները։ «Այդ աշխատանքները ներկայացված են այստեղ՝ էկրանին, որը էլի մեզ թույլ չի տալիս ասել, որ դրանք կատարված են»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քաղաքականության իրականացման պատասխանատուն օրենքով սահմանված է, դա ԲՏԱ նախարարությունն է։ «Ի՞նչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է ստեղծվել թվայնացման խորհուրդ, թթվայնացման խորհուրդը փոքր ինչ բարձր կարգավիճակ ունի, քան նախարարությունն է։ Փոխվարչապետն է ղեկավարում, կազմն այնպիսին է, որ ենթադրվում է՝ ինքն ավելի լայն հնարավորություններ ունի, քան նախարարությունը։ Այն ռիսկը, որը տեսնում եք՝ կապված պատասխանատվությունը ցրելու կամ ապակենտրոնացնելու հետ, որի հետեւանքով այս իրավիճակի արձանագրումն է, տեսականորեն հնարավոր է ցանկացած կազմակերպման կառուցվածքով ունենալ լավ արդյունք եւ ունենալ վատ արդյունք։ Այդտեղ կարեւոր նախապայմանն այն է, որ իրավունքների ու պարտականությունների բաշխումը լինի կոնկրետ, հստակ եւ սահմանազատված։ Եթե դա բացակայում է, մենք ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց Ատոմ Ջանջուղազյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ