Հայաստանում կիբերանվտանգության ապահովման ինստիտուցիոնալ կառուցակարգերը դեռեւս շարունակում են մնալ թույլ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
«ՀՀ-ում առկա չէ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների իրավական սահմանում, բացակայում են դրանց բացահայտման չափանիշները եւ չկա ազգային ռեգիստր։ Կիբերանվտանգության ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձեւավորմանը միտված ռազմավարությամբ սահմանված միջոցառումները կատարված չեն։ Մասնավորապես, չի ստեղծվել կիբերանվտանգության ազգային կենտրոնը, որի ստեղծման ժամկետը սահմանված է եղել 2022 թվականի դեկտեմբեր։ Տեղայնացված եւ հաստատված չեն կիբերանվտանգության ոլորտի ստանդարտները»,- ասաց Ջանջուղազյանը։
Ըստ նրա՝ համաշխարհային կիբերանվտանգության համաթվով ՀՀ-ն 193 երկրների շարքում 90-րդ տեղում է։ «Դա նշանակում է, որ մենք 190 երկրների թվում մոտավորապես միջին մասում ենք գտնվում կիբերանվտանգության տեսակետից։ Այստեղ առաջ է գալիս այն հարցը, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են ռազմավարությամբ, պետք է իրականացվեն, եւ հընթացս կարիք կլինի դրանք արդիականացնել»,- հավելեց նա։
Մյուս խնդիրն այն է, որ, ըստ Ջանջուղազյանի, պետական մարմինները համալրված չեն թվայնացման ոլորտի որակավորված մասնագետներով։ Բացակայում է թվային գիտելիքների ու հմտությունների առնչությամբ մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման կարիքի գնահատումը։ Եվ այդ կարիքը բավարարելու համար կրթական պլանները բացակայում են։
Կարդացեք նաև
Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ասաց, որ թվայնացման ռազմավարության կատարողականն ըստ հաշվեքննության արդյունքի՝ ցածր է․ ռազմավարությամբ նախատեսված 10 միջոցառումներից որեւէ մեկը սահմանված ժամկետում լիարժեք չի իրականացվել։ Թվայնացման ռազմավարությունում բացակայում են տնտեսության եւ հանրային կառավարման առանձին ճյուղերում թվային փոխակերպումների իրականացման միջոցառումները եւ ժամանակացույցը։
«Եզրակացությունը հետեւյալն է, որ թվային փոխակերպման գործընթացում չի ապահովվել նպատակային արդյունավետություն, այլ կերպ ասած՝ այն նպատակները, որոնք ձեւակերպված են եղել ռազմավարությամբ, դրանք չեն ապահովվել։ Մենք ընդհանուր առմամբ 24 առաջարկություններ ենք ներկայացրել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ