Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այո՛, վրեժ է հարկավոր, ես ինձ համարում եմ ռեւանշիստ». Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի պատգամից

Դեկտեմբեր 18,2023 11:49

«Վերջերս հայերեն ու ոչ հայերեն խոսող մեր կյանքի հակառակորդներն ու թշնամիները՝ բնութագրելով այդ մարդկանց, ովքեր այսօր տառապանք ունեն, հայրենիքի կորուստ, Արցախ աշխարհի, հազարավոր զոհերի, բանտարկված ընկերների, կիսատված սահմանների, ամենօրյա սպառնալիքի ներքո են, ասում են՝ ռեւանշիստներ: Նորից եմ կրկնում՝ համարվում են ռեւանշիստներ՝ հայերեն եւ ոչ հայերեն խոսող թշնամիների կողմից, կարծելով, թե դա վատ բան է… Մինչդեռ առաջին իմաստով դա նշանակում է վրեժ եւ վրեժխնդրություն…

Եվ ո՞վ է առաջին վրեժխնդիրը մեր կյանքում ընդհանրապես… Մեր տեր Աստված… Ի՛մն է վրեժը եւ վրեժխնդրությունը, եւ եթե դուք հետեւում եք արդարության համար գործված յուրաքանչյուր քայլին եւ նաեւ նրան հակառակվող, հակադրվող որեւէ քայլին, դա վրեժ եւ վրեժխնդրություն է… Եվ մեր Տեր Աստված, ինչպես նշել է միշտ Եսայի մարգարեի բերանով, հետեւյալն է ասում. «Տեսավ տերը եւ չհավանեց, որովհետեւ իրավունքը բացակայում էր… Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց…»։

Վստահ եմ, որ տերը տեսնում է մեր կյանքը, եւ, մեղմ ասած, չեմ կարծում, թե հավանում է: Եթե հավանելիս լիներ, այսպիսի վիճակում չէինք լինի: Իսկ դա մեծ հաշվով վերացական ինչ-որ բան չէ: Դա մեր կյանքից եւ վարքագծից բխած գործողություն է, իրականությունն է, միջավայրն է: Ի՞նչը պիտի հավանի Տերը, կամ ինչը պիտի չհավանի… Մարդկանց միջոցով գործվածները, մեր հարաբերություններն այդպես են: Աստծու գործը երբեք վերացական չէ»,-ասում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մարդիկ ինձ հաճախ հարցում են՝ ինչո՞ւ Աստված այսպես արեց: Դո՛ւք ուզեցիք: Դուք եք ցանկանում, որ այդպես լինի ձեր գործը, կյանքը… Մեր կյանքում ստեղծված յուրաքանչյուր հանգամանքներն ու պարագաները, որոնք ուղղակի մեր աչքի առջեւ են՝ սկսած ստից մինչեւ երկրի աղտոտումը, մինչեւ վախից բխած բոլոր տեսակի գործողությունները, կողոպտելը, գողանալը, սրտակցություն չունենալը, արյան վրա խրախճանք անելը, մեզնով է պայմանավորված…

Մեր տեր Աստված ասում է՝ իմն է վրեժը եւ վրեժխնդրությունը… Իմն է այդ ամբողջ հատուցումը, որով ես կուղղեմ կյանքի ընթացքը, որը ես չեմ հավանել եւ չեմ հավանում, որովհետեւ իրավունք չկա»,- հավելում է սրբազանը:

Բագրատ Սրբազանը նշում է. «Առիթն օգտագործելով՝ ես նույնպես կրկնում եմ՝ մեր կյանքում, մեր այս ամբողջ պատահածին, այո՛, վրեժ է հարկավոր, ես ինձ համարում եմ ռեւանշիստ, եւ համարում եմ, եւ այդպես եմ կոչում, եւ այդպես եմ ապրելու մինչեւ կյանքի վերջին վայրկյանը»:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031