Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. Եթե խոսում ենք արցախյան հարցի ոչ թե պատմական, այլ քաղաքական հեռանկարի մասին, ապա հարցը փակված է, քանի որ Արցախ գոյություն չունի. JAMnews

Դեկտեմբեր 18,2023 10:51

 JAMnews. Լեռնային Ղարաբաղի քաղաքական և քաղաքացիական ուժերը ուղերձ են հղել միջազգային հանրությանը՝ կոչ անելով հարգել Ղարաբաղի հայերի ինքնորոշման և ազատության իրավունքը։ Ուղերձը ստորագրած 176 հաստատություններն ընդգծում են, որ իրենք «մտադիր չեն փոխել սեփական հայրենիքի նկատմամբ իրենց սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում»։

Սա առաջին քաղաքական հայտարարությունն է ԼՂից գրեթե ողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանությունից հետո։

Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ

Հարցը փակված է

«Եթե խոսում ենք արցախյան հարցի ոչ թե պատմական, այլ քաղաքական հեռանկարի մասին, ապա հարցը փակված է, քանի որ Արցախ գոյություն չունի։ Մարդկանց արտաքսել են այնտեղից, Արցախն այնտեղ ապրող մարդիկ էին, իսկ նրանց վտարել են։ Արցախը որպես հայաբնակ շրջան, որը ղեկավարում են բնակչության կողմից ընտրված իշխանությունները, գոյություն չունի։

Երբ այն կար, թեկուզ չճանաչված հանրապետության կարգավիճակով, այն վերահսկողություն ուներ իր տարածքի նկատմամբ։ Այն գործող պետություն էր՝ իր ինստիտուտներով, իր պաշտպանության բանակով։

Դա մի սուբյեկտ էր, որը գոյություն ուներ իրականության մեջ և կարող էր ինքն իրեն պաշտպանել։ Եվ նրա հետ ստիպված էին գործ ունենալ, այդ թվում՝ Ադրբեջանը, ոչ ուղղակիորեն, քանի որ չէր ճանաչում դրա գոյության իրավունքը, այլ Երևանի միջոցով։

Բաքուն ստիպված էր հաշվի նստել, քանի որ արցախյան սուբստանցիան դե ֆակտո գոյություն ուներ։ Բայց հիմա հանրապետություն դե ֆակտո չկա»։

Վերածննդի ծրագրեր չկան

«Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձն ասում է, որ ինչ-որ երրորդ կողմ պետք է գա և ստիպի Ադրբեջանին լքել այն տարածքները, որոնք նա արդեն վերահսկում է, վերադարձնի այդ հողը հեռացածներին, որոնք նորից կվերաբնակեցվեն և կձևավորեն սեփական իշխանությունը։

Եթե ​​աշխարհում ինչ-որ մեկը նպատակ ունենար դա անել, ապա դա կաներ այն ժամանակ, երբ այս հանրապետությունը գոյություն ուներ։ Ես լուրջ հիմքեր չեմ տեսնում, որ աշխարհում որևէ մեկը նման գործողություններ կատարի:

Հայերի՝ Արցախ վերադառնալու մասին միշտ են խոսելու, այդ թվում՝ Ադրբեջանը։ Բայց ուղերձը ոչ թե հայերի Արցախ վերադարձի մասին է, այլ այս տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, հանրապետության վերածննդի, արտաքին ուժերի կողմից երաշխավորված որոշակի իրավունքներով այնտեղ վերադառնալու մասին։

Սա ընդամենը Արցախի նկատմամբ հայերի իրավունքների պահպանման փորձ է, բայց ձախողված։ Խոսք է գնում այն մասին, որ իրավիճակը պետք է հետ շրջել։ Ես նման բան չեմ պատկերացնում:

Կոսովոյում ալբանացիների մի զգալի մասը դարձել է փախստական, այնուհետև վերադարձել։ Սակայն Կոսովոյում շարունակում էին ապրել ալբանացիներ։ Կոսովոն տարածքային առումով ամբողջությամբ չէր լուծարվել, իսկ ամերիկացիները ռմբակոծում էին Բելգրադը։ Սա այլ իրավիճակ է։ Բացի այդ, նմանատիպ իրավիճակները նախադեպերով չեն կարգավորվում»։

Վտարանդի կառավարության հեռանկարը

«Ամբողջ աշխարհում կան տարատեսակ վտարանդի կառավարությունների բազմաթիվ օրինակներ: Սա մարդկանց խումբ է, որոնք համարվում են այլևս գոյություն չունեցող կամ երբեք էլ գոյություն չունեցած պետության ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր պաշտպանում են ժողովրդի իրավունքները։

Դատելով այս ուղերձից և մի շարք հայտարարություններից՝ նման փորձեր ձեռնարկվում են արցախյան հասարակության կողմից։ Բայց տարածքը՝ որպես պետության հիմք, այլևս գոյություն չունի։ Եվ սա արմատապես փոխում է իրավիճակը։

Որոշ դեպքերում վտարանդի կառավարությունները հանգեցրել են պետության առաջացմանը: Դիտարկենք օրինակ՝ Արևելյան Թիմորը:

Արևելյան Թիմորը, որը հռչակել էր իր անկախությունը, Ինդոնեզիայի կողմից գրավվել է 1975 թվականին՝ այնտեղից Պորտուգալիայի հեռանալուց հետո։ Երկրի անկախության համար պայքարող տարբեր երկրներում ստեղծվել են ներկայացուցչություններ։ 1999 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող ինքնորոշման ակտից հետո, Ինդոնեզիայի կառավարությունը կորցրեց վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ: Իսկ 2002 թվականին Արևելյան Թիմորը դարձավ նոր ինքնիշխան պետություն։ Փաստորեն, այն նորից ստեղծվեց։

Բայց, առաջին հերթին, այդ բոլոր տարիներին Արևելյան Թիմորում մնացել էր Թիմորի բնակչությունը, և անընդհատ պարտիզանական պատերազմ էր ընթանում։ Երկրորդ՝ այն ի սկզբանե ճանաչված պետություն է եղել»։

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031