Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում «Գաղտնի ինֆորմացիա կրողների» հետ

Դեկտեմբեր 18,2023 13:00

2019-ին ձեւավորված պետական այս մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմնական գործառույթներն են պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգումը, քննում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ՝ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները, ստուգում, վերլուծում հայտարարագրերը: Ի դեպ, դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունները ենթակա չեն հրապարակման: ԿՀՀ-ն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքներով ներկայացնում բացառապես խորհրդատվական բնույթի եզրակացություններ:

Հանձնաժողովականներին հաճախ անվանում են «վարքագիծ փոխողներ» կամ՝ «գաղտնի ինֆորմացիա կրողներ»: Դեռ վերջերս, նոյեմբերի 24-ին, ԿԿՀ-ն տեղեկացրեց, որ 2023 թվականին արդեն, որպես մշտադիտարկման սուբյեկտ, ընտրվել են գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ հիմնվելով ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ շրջափուլի զեկույցի վրա, որի հիմնական թիրախը կենտրոնական կառավարման համակարգի, մասնավորապես՝ գործադիր իշխանության բարձրագույն/ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք են (PTEFs): Այսպես, Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության սուբյեկտ էին ընտրվել ՀՀ կառավարության, կառավարությանը ենթակա մարմինների եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավար պաշտոն զբաղեցնող 115 անձ…

«Անի Գրանդ» հյուրանոցում դեկտեմբերի 13-14-ին կազմակերպվել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարեւորությունը եւ հանձնաժողովի դերը» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հանրային կապերի մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավաբաններ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներից մի քանիսը ներկայացրեցին առանձին ոլորտներում օրենսդրական կարգավորումները, իրենց դիմելու կարգը, հայտարարագրման համակարգը…

Գյուլնարա Սարգսյանը

«Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով բանախոսն էր Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մուշեղյանը, «Անհամատեղելիության պահանջները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ»-ինը՝ Վարույթների եւ իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը, «Շահերի բախումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով՝ բանախոսը Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Ջիլավյանն էր, «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ»՝ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Կարեն Հակոբյանը

Իմ՝ աշխատաժողովի մասնակցի համար «Շահերի բախմանն» առնչվող թեման էր հետաքրքիր, հատկապես այն մեխանիզմների մասին իրազեկումը, որով բացահայտվում է անձի՝ հնարավոր կարգավիճակային խախտումը, որը հանգեցնում է շահերի բախման: Ինչ ընթացակարգ է գործում, երբ հանձնաժողովում անձը բացարկ է հայտնում, քանի որ պարզվում է, մասնավորապես, որ մրցույթի մասնակիցն իր «ֆեյսբուքյան ընկերն է», եւ հանձնաժողովականը գիտի այս մասին, իսկ եթե հանձնաժողովականը թաքցնի իր այս «կապը», բացարկ չհայտնի՞. աշխատաժողովի ավարտից հետո հանձնաժողովի անդամներն առանձին սեղանների շուրջ պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Սվետլաա Ջիլավյանը

Ըստ բանախոսների, տվյալների հավաքագրումն իրականացվում է Հանձնաժողովին հասանելի տեղեկատվական բազաներում, մեդիահրապարակումներում, հայտարարագրերի համակարգում վերաբերելի ինֆորմացիայի հավաքագրման միջոցով: Նշվեց, որ եզրակացությունների բողոքարկման պրակտիկա չկա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031