Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունի-չկա» որոշումներ կայացնելով հաշմանդամ չեն ճանաչել

Դեկտեմբեր 18,2023 12:30

«Շաքարային դիաբետն այնպիսի ախտորոշում է, որի պարագայում անհրաժեշտ է պարբերական բժշկական հսկողություն եւ հատուկ սննդակարգ, դեղորայքի պարբերական ընդունում, ինչը առանց պետական աջակցության անհնարին է դառնում ապահովել քաղաքացու կողմից, իսկ շաքարային դիաբետ, տիպ 1 տեսակը առանձնանում է իր բարդությամբ, այս պարագայում ինսուլինի արտադրությունն անձի օրգանիզմում խիստ նվազում է՝ հանգեցնելով ինսուլինի բացարձակ անբավարարության»,- գրել էր ՀՀ վարչական դատարան դիմած հաշմանդամը:

ՀՀ նախագահի թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, հաշմանդամի գործը մակագրվել էր դատավորը Աննա Դիլբարյանին:

Այս տարվա մայիսի 31-ին դատարանը կայացրեց վճիռ «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Որքանով տեղյակ եմ, վճիռները վաղուց կայացվում են «Հայաստանի Հանրապետության անունից», այստեղ հին ֆորմատով է…

Արամ Եդիգարյանը 2022 թվականի օգոստոսի 19-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, խնդրելով պարտավորեցնել պատասխանող Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Արամ Եդիգարյանի նկատմամբ հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ: Պատասխանողը դատարան էր ներկայացրել առարկություններ: Հայցվորը շուրջ 10 տարի ունի շաքարային դիաբետ տիպ 1 հիվանդությունը, որն ախտորոշվել է դեռեւս անչափահաս ժամանակ: Նա գանգատվում է ընդհանուր թուլությունից, ծարավի անհագ զգացումից, քաշի կորստից, ախորժակի անկումից, որից ստացել է համապատասխան բուժում անչափահաս ժամանակ, հայցվորը մինչ այժմ ստանում է դեղորայքային բուժում:

Համաձայն «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կողմից տրված հիվանդության պատմության, հայցվորի մոտ ախտորոշվել է «Շաքարային դիաբետ»/ տիպ 1, ծանր ձեւ/: Մինչդեռ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի թիվ 10 բաժնի որոշման համաձայն՝ հայցվորը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում չի ճանաչվել հաշմանդամ: Ըստ հայցադիմումի, հայցվորի մոտ առկա են ֆունկցիոնալության, նյութափոխանակության խանգարումներ, որոնք առնվազն հանգեցնում են նրա կենսագործունեության ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունների սահմանափակմանը:

Դատարանի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայցվորի հետ նման կարգավիճակ ունեցող նույն տարիքի այլ անձանց նկատմամբ միեւնույն ժամանակահատվածում կայացվել են ԲՍՓ որոշումներ, որոնցով քաղաքացիների նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն. «Նշվածը Ա. Եդիգարյանի մոտ ստեղծում է օրինական ակնկալիք, որ երաշխավորվող իրավունքը իրեն նույնպես կտրամադրվի ողջ ծավալով առանց անհարկի ձգձգումների եւ ոչ անհրաժեշտ պարբերական դիմումների»: Դատարանը Արամ Եդիգարյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, բավարարել էր, պարտավորցրել Ծառայությանն ընդունել Եդիգարյանի նկատմամբ հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ:

Դատարանն անվավեր էր ճանաչել բժշկասոցիալական փորձաքննություններով կայացված որոշումները: Մասնավորապես, դատարանն արձանագրել էր, որ Բժշկասոցիալական փորձաքննության 2022-ի թիվ 1502 եւ Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի վերափորձաքննության բաժնի 2022-ի թիվ 1046-800 որոշումները չեն պարունակում ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշման N1 հավելվածի 28-րդ կետով նախատեսված չափանիշների վերաբերյալ փորձագիտական գնահատականները, ինչի արդյունքում վարչական ակտի հիմնավորումից պարզ չեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինը եզրահանգել է հաշմանդամ չճանաչել հայցվոր Ա. Եդիգարյանին:

Բացի այդ, նշյալ որոշումներով Ա. Եդիգարյանի մոտ արձանագրելով «ընդերային եւ նյութափոխանակության աննշան խանգարում», եզրահանգել են, որ «վերջինս չունի կենսագործունեության սահմանափակումներ եւ նրա մոտ առկա չէ սոցիալական անբավարարություն՝ արդյունքում հաշմանդամ չճանաչելով Ա. Եդիգարյանին»:

Դատարանն արձանագրել էր. «Օրգանիզմի որեւէ ֆունկցիայի աննշան խանգարումը՝ հանդիսանալով օրգանիզմի ֆունկցիայի 1-ին աստիճանի կայուն խանգարում, չի կարող չառաջացնել սոցիալական անբավարարություն կամ չհանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման, քանի որ օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ սոցիալական անբավարարություն, անձի կենսագործունեության սահմանափակում, սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն կամ որ նույնն է՝ հաշմանդամություն առաջացնող գործոնը օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներն են, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես հիվանդութուններով, այնպես էլ վնասվածքներով կամ արատներով: Հայցվորի կենսագործունեության դասակարգման մեջ մտնող չափորոշիչների 3-րդ կետում հիշատակվող վերոնշյալ 8 տեսակներից առնվազն որեւէ մեկով հայցվորի մոտ պետք է արձանագրվեր կենսագործունեության որեւէ աստիճանի սահմանափակում, մինչդեռ, «Կենսագործունեության սահմանափակումները եւ դրանց աստիճանները» տողում նշված է՝ «չունի», իսկ «սոցիալական անբավարարության առկայություն» տողում էլ նշված է՝ «չկա»։

Պատասխանողը հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու մերժումը պայմանավորել է հայցվորի չափահասության տարիքի լրացմամբ՝ մեկնաբանելով, որ նույն ախտանիշների պարագայում մինչեւ չափահասությունը անձը ճանաչվում է հաշմանդամ՝ ձեռք բերելով «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ, սակայն չափահաս դառնալով, հաշվի առնելով, որ կարող է որոշակի գործողություններ կատարել ինքնուրույն՝ բուժմամբ պայմանավորված, անձը հաշմանդամ չի ճանաչվում»: Մինդեռ, կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներն առկա լինելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ), իսկ մինչեւ 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ: Ըստ դատարանի իրավական գնահատականի. «Հաշմանդամություն որեւէ խումբ սահմանելը պայմանավորված է ոչ թե չափահասության տարիքով, այլ առողջության խաթարման հետեւանքով կենսագործունեության սահմանափակմամբ: Այլ կերպ ասած, եթե անձի մոտ անչափահաս տարիքում արձանագրվել է կենսագործունեության որեւէ աստիճանի սահմանափակում, ապա վերջինիս անփոփոխ մնալու դեպքում՝ չափահաս տարիքում այն եւս հիմք է հաշմանդամության խումբ սահմանելու համար»:

Հուլիսին վերաքննիչ բողոք բերեց Միասնական սոցիալական ծառայությունը: Դեկտեմբերի քսանմեկին նշանակվել է բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031