Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Դեկտեմբեր 18,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

16. Պարը Կրասնոյարսկից Լոս Անջելեսի ճանապարհին

Սովորաբար տնից դուրս գնալիս կամ վերադառնալիս անպայման Մերիլենդի շարունակությունը հանդիսացող Արցախի փողոցով եմ անցնում, ասես թե մագնիս կա տեղադրած. հայրենի եզերքի անունը ձգում է դեպի իրեն: Արագ անցնելիս կապույտ հովանոցի տակ ծանոթ դեմք տեսա ու հետ եկա:

-Կներեք, ձեզ տեսա, թվաց՝ ոչ թե Գլենդելում, այլ Կրասնոյարսկում եմ հայտնվել, -ասացի ես, քննախույզ նայեցի, -դուք Ռոբերտն եք՝ Կրասնոյարսկի պարի համույթի ղեկավարը:

Դեմքին թեթեւ ժպիտ հայտնվեց: Ասաց.

-Դուք Բակուրն եք: Հշում եմ, հաջորդ օրը պետք է հանդիպեինք, սակայն ասացին, որ անսպասելի մեկնել եք:

-Ես ճամփորդում էի Ռուսաստանով մեկ, հանդիպումներ ունենում համայնքներում: Այդ մասին գիրք եմ հրատարակել. «34 նամակ Ռուսաստանից»: Ինձ հետաքրքրել էր, որ Ռուսական Դաշնությունում պարի լավագույն համույթներից մեկն եք հիմնադրել: Ցավոք, Երեւանից շտապ կանչեցին, ստիպված էի անմիջապես մեկնել: Սակայն հետագայում շատ բան իմացա ձեր գործունեության մասին:

-Նախ՝ ծանոթացեք, իմ փեսան է՝ Գեորգի Մելքոնյանը: Երբ ես թողել էի համույթը, ինքն էր դստերս՝ Արփինեի հետ շարունակում համույթի ղեկավարությունը:

-Սկսենք պարը որպես մասնագիտություն ընտրելուց:

-Մի անգամ Էջմիածնում տեսա պարի խմբի ելույթը: Հափշտակված նայում էի, որսում յուրաքանչյուր շարժում: Տարբեր խմբերում փորձ ձեռք բերելով հայտնվեցի «Զվարթնոց» խմբում: Տարեմուտի հանդեսներն առանց «Զվարթնոցի» չէր անցնում: Փառատոներում երեք անգամ հաղթել էինք: Սակայն կարիքը ստիպեց, որ Ռուսաստան մեկնեմ: Կրասնոյարսկում 2000 թ. հիմնեցի «Արմենիա» պարային համույթը: Ես, աղջիկս ու փեսաս պարում էինք, իսկ կինս՝ Մարիետան, պարողների տարազն էր կարում:

-Տեղի հայ համայնքը օգնում, նպաստո՞ւմ էր ձեր գործունեությանը:

-Ես համայնքի մշակույթի եւ մարզական գծով տեղակալն էի: Սկսել էինք 12 հոգով, իսկ 2010 թ. խումբը հարյուր մասնակից ուներ:

-Բոլորն էլ հա՞յ:

-Չէ. մեկը այլ ազգի էր:

-Երեւի ռո՞ւս:

-Չէ: Մի անգամ սեւամորթ աղջիկ եկավ, թե՝ ուզում եմ պարել ձեր խմբում: Ընդունեցի: Շատ արագ ընտելացավ կոլեկտիվին ու դարձավ մեր բրենդը: Շուրջ 150 պատվոգրեր ու շնորհակալագրեր ենք ստացել: 2009 թ. սկսած երեք տարին մեկ երեք անգամ պաշտպանել ենք Ռուսական Դաշնության «Պարի ժողովրդական կոլեկտիվ» կոչումը: Ամեն տարի մասնակցել ենք Ռուսաստանում անցկացվող պարի մրցույթներին ու շահել գլխավոր մրցանակը: Երեք խումբ ունեինք: Մեծահասակների հետ ես էի պարապում, միջին տարքի խմբի հետ՝ որդիս՝ Գոռը, իսկ փոքր տարիքի երեխաների հետ զբաղվում էր Գեորգին՝ կնոջ՝ Արփինեի հետ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հրանուշ Հակոբյանը Կրասնոյարսկում մասնակցել էր մեր կոլեկտիվի 10-ամյա հոբելյանական տոնակատարությանը, արժանացրել նախարարության ոսկե մեդալի: Հետո «Արի տուն» ծրագրով ելույթ ունեցանք Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի սրահում, մարզերում: Բարեգործական ելույթներ էին: Գրին քարտ ստանալով՝ երբ ես տեղափոխվեցի ԱՄՆ, համույթի ղեկը հանձնեցի փեսայիս՝ Գեորգիին ու Արփինեին, որոնք լավագույն պարողներն էին: Նրանք ավելի մեծ հռչակ բերեցին համույթին:

-Բարոյականության, դաստիարակության ուղղությամբ ի՞նչ քայլեր եք արել, -դիմեցի ես: Մոսկվայում մի նման հայկական պարի համույթի պարապմունքի հանդիպեցի: Միայն ռուսերեն էին խոսում: Ինձ էլ դիմեցին, որ ռուսերեն խոսեմ իրենց հետ:

-Համույթ գալով, պահանջում էի, որ միայն հայերեն խոսեն, -ասաց Ռոբերտը, -երբ եկան Հայաստան՝ ելույթների, տեսան հայրենիքը, արդեն նրա մասնիկն էին ու հպարտ էին, որ հայ են:

-Ես յոթ տարեկանից եմ պարում, -ասաց Գեորգին, -սկզբում Պիոներ պալատում էի պարում, հետո՝ «Մուշ» պարային համույթում: 2005-ից տեղափոխվեցի Ռուսաստան՝ Կրասնոյարսկ: Պարը ինձ համար մասնագիտություն է: 2012-ից ազգային պարերի մրցույթներում միայն գլխավոր մրցանակի էինք արժանանում: 2019 թ. ԱՄՆ-ի Լոնգ Բիչ քաղաքում մասնակցեցինք  պարի աշխարհի առաջնությանը: 62 երկրներից 6000 հոգի էր մասնակցում: Երեք նոմինացիաներում գրավեցինք առաջին մրցանակը: Դա իրոք լուրջ նվաճում է:

-Իհարկե, նման համույթ ստեղծելն ու ղեկավարելը նաեւ ընտանիքի հաշվին է տեղի ունենում, -ասաց Ռոբերտը, -բարդ էր, սակայն երբ արդեն կին, երեխաներ, երեխաների ընտանիքներ քեզ հետ են, բացի այդ, համույթը մի ընդհանուր մեծ ընտանիք է դառնում, ի վերջո, հաղթում ենք:

-Ես համույթի ղեկավարումը հանձնեցի լավագույն պարողներին, -ասաց Գեորգին, -սակայն մշտական կապի մեջ եմ, զանգում են, խորհուրդ հարցնում:

-Երիտասարդական կենտրոնի սրահում, որտեղ դուք ցուցահանդես էիք բացել, պարուսույցի դասեր կային, հենց էնպես, սկսեցի օգնել: Երեխաների հետ պետք է անհատական մոտեցում ցույց տաս, որ սիրի պարը, հասկանա պլաստիկան, այն գործիք դարձնի…

-Իհարկե, այստեղ պարարվեստը չենք մոռացել, այն մեր կոչումն է, կյանքի մի մասը, -ասաց Մարիետան, -դպրոցում սկսել եմ պարի խմբի համար երեխաներ հավաքել:

Արցախի փողոցը նորանոր անակնկալներ է մատուցում:

Կապույտ հովանոցի տակ սեղանի շուրջը հայերենն էր հնչում:

-Բարեւ հայերին… –դիմեցի ես:

-Վայ, Բակո՞ւր. –տեղից վեր կացավ Կամո Մկրտչյանը ու սեղմեց ձեռքս, -ծանոթացնեմ, եթե ծանոթ չեք, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի անդամ Յաշա Պապյան, աշխարհահռչակ դասական երգիչ Վահագն Հովենց, Սուրեն Շաբոյան…

Կամոյի հետ ծանոթացել եմ հինգ տարի առաջ, երբ նա Երեւան էր եկել մոր՝ վաստակաշատ մանկավարժ (1921-1988 թթ.) Հայաստան Հակոբյանի հուղարկավորությանը: Գեղանկարիչ Կամո Մկրտչյանը Կոտայքի շրջանի Գեղանիստ գյուղից է: Գերմանիայից նա տեղափոխվել է ԱՄՆ: Նա Հատվածայնության (Fragmentarizm) փիլիսոփայական տեսության հիմնադիրն է, որը դեռեւս ընկալման ու հաստատման ճանապարհին է: Ինձ զարմանք է պատճառում համաշխարհային գեղարվեստի նրա իմացությունն ու գնահատականը: Տեսնելով որեւէ նկարչի աշխատանք, կարող է ասել, թե հեղինակը ինչ ազդեցություններ է կրել կամ կրկնօրինակել:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լոս Անջելես, Գլենդել

«Առավոտ» օրաթերթ
16.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031