«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
– Պարոն Սավադյան, այս օրերին Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի փախստականների միջազգային համաժողովին պետք է մասնակցեին նաեւ արցախցիների ներկայացուցիչները, բայց գիտենք, որ ձեզ մերժել են մուտքի վիզա տրամադրել, ինչի հետեւանքով չեք կարողացել մեկնել։ Ինչո՞վ եք պայմանավորում սա, քաղաքական որոշո՞ւմ էր, թե՞…
– Ճիշտն ասած, չեմ կարող պատասխանել այդ հարցին, միգուցե նաեւ քաղաքական մի ենթատեքստ կա։ Ես հրավիրված էի այդ համաժողովին, բայց Լեհաստանի դասպանատունը մերժեց վիզայի տրամադրումը։ Հայաստանի ԱԳՆ-ն այս պահին պարզում է, թե որն է պատճառը։ ԱԳՆ-ն շատ էր ուզում, որպեսզի ես ներկա լինեի, ուղղակի վերջին պահին մերժեցին։ Միգուցե հնարավոր կլիներ մի բան անել, բայց ժամանակ չկար։
– Ի՞նչ հարցեր պետք է ներկայացնեիք այնտեղ։
Կարդացեք նաև
– Մեր հիմնական հարցը քաղաքական է՝ արցախցիների վերադարձի հարցը պետք է ներկայացնեինք։
– Ի՞նչ պայմանների առկայության դեպքում արցախցիները կվերադառնան Արցախ։
– Վերադարձը հնարավոր է, եթե միջազգային խաղաղապահ ուժեր լինեն Արցախի Հանրապետությունում։ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ անցնի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Ադրբեջանի զինված ուժերը եւ ոստիկանությունը պետք է ամբողջությամբ դուրս բերվի ԼՂ տարածքից։ Արցախի վարչակազմը պետք է լինի հայկական, ոչ թե ադրբեջանական։ Այդ պայմանները պետք է ապահովվեն՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը։ Օրերս Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերը հայտարարությամբ հանդես եկան, որտեղ այս պահանջները ներկայացվել են։ Այդ հայտարարությում նշված պայմանների ապահովման դեպքում միայն կվերադառնանք։
– Հայաստանի իշխանությունները փորձում են չեզոքացնել Արցախի քաղաքական հարցերը, ինչպես նաեւ արգելք են ստեղծում Արցախի պետական հաստատությունների աշխատանքի համար։ Ինչպե՞ս եք սա գնահատում։
– Դա Հայաստանի իշխանությունների կողմից շատ սխալ մոտեցում է։ Արցախի Հանրապետությունը լուծարելով, այդ հարցը փակելով՝ Հայաստանի անվտանգության հարցը չի լուծվում։ Մենք տեսնում ենք թշնամու ախորժակը՝ Զանգեզուրի մասին են խոսում, Երեւանի, փախստականների համաժողովին էլ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» ՀԿ-ով են ներկայացել։ Թշնամին չի էլ թաքցնում, որ աչք է դրել Հայաստանի վրա, միշտ էլ այդ մասին հայտարարում են։ Եվ չեմ կարծում, որ Արցախի հարցը փակելով՝ մյուս հարցերը լուծվելու են։ Արցախի իշխանությունները, պետական համակարգը պետք է գործեն, իհարկե, մինիմալ թվով։ Քանի որ Արցախի հարցը դեռ չի լուծվել, այդ համակարգը պետք է մնա, որպեսզի այդ հարցերով զբաղվեն։ Ես դրա հնարավորությունը տեսնում եմ։ Աշխարհում այսօր Արցախի հարցի մասին խոսում են, ասում են՝ Ադրբեջանը պետք է անվտանգությունն ապահովի, երաշխավորի, որպեսզի այդ մարդիկ վերադառնան, Ադրբեջանն էլ ասում է՝ ես պատրաստ եմ, թող արցախցիները գան։ Իսկ մենք սուս ու փուս նստել ենք, այդպես չի կարելի։ Արցախցիների հայտարարությունը հենց այդ նպատակով էր, որպեսզի մարդիկ տեղեկանան, որ մենք Ադրբեջանի պայմաններով չենք վերադառնա Արցախ։ Հնարավոր չէ գնալ ապրել ցեղասպան ազգի հետ։ Այդ հայտարարությունը մեր ԱԳՆ հետ ուղարկել ենք, որպեսզի ներկայացնեն փախստականների համաժողովում։ Շատ ճիշտ կլինի, որ Արցախի կառավարման օղակը մնա, որպեսզի հենց Արցախի ղեկավարությունն այս կետերի մասին խոսի։ Եվ ես վստահ եմ, որ տարբեր պետություններից ու գերտերություններից ցանկություն կա խոսելու այս թեմայի շուրջ։ Բայց եթե Արցախի ղեկավարություն չլինի, ո՞ւմ հետ պետք է խոսեն։ Հայաստանի ղեկավարությունն էլ Արցախի մասին չի խոսում, ասում է՝ հարցը փակ է։ Ես չեմ կարծում, որ Արցախի պետական համակարգը լուծարելով եւ հասարակական կազմակերպություններ ստեղծելով՝ լուրջ արդյունքի կարելի է հասնել։
– Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հայտարարություն էր ստորագրել, որը շատ մասնագետների կարծիքով՝ իրավական ուժ չունի։ Ի վերջո, ի՞նչ է սպասվում հունվարի մեկին։
– Ես չեմ ուզում փակագծեր բացել, բայց ինչ-որ հայտարարություններ լինելու են մինչեւ հունվարի մեկը։ Սպասենք այդ հայտարարություններին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2023