Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոնական օրերի «կողմնակի ազդեցությունը»՝ սննդային թունավորում․ պարզ բաներ, որոնք պետք է իմանալ

Դեկտեմբեր 18,2023 09:30

Սննդային թունավորումն ամենևին էլ հազվադեպ խնդիր չէ, և առավել հաճախ է հանդիպում հատկապես տոնական օրերին, երբ մեծ է տարատեսակ ուտեստների ու խմիչքեղենի անվերահսկելի օգտագործման հավանականությունը։

Կախված հարուցիչից՝ սննդային թունավորման ախտանշանները կարող են տարբերվել՝ դրսևորվելով հետևյալ կերպ՝

  • որովայնային կծկումներ,
  • փորլուծություն,
  • սրտխառնոց,
  • փսխում,
  • ախորժակի կորուստ,
  • ջերմության բարձրացում,
  • թուլություն,
  • գլխացավ։

Սննդային թունավորման՝ կյանքի համար վտանգավոր ախտանշաններն են՝

  • փորլուծություն, որը տևում է 3 օրից ավելի,
  • 38,9°C-ից բարձր ջերմություն,
  • տեսողական խանգարումներ, խոսքի խանգարումներ, ձեռքերի ծակծկոց, կլման ակտի խանգարում,
  • ուժեղ ջրազրկման դրսևորումներ՝ բերանի չորություն, սակավամիզություն, միզապահության հետ կապված խնդիրներ,
  • արյունոտ մեզ, արյունոտ կղանք,
  • որովայնի ուժեղ ցավեր, կծկումներ և այլն։

Այս ախտանշանները անհապաղ բժշկական օգնության դիմելու ցուցումներ են։

Թունավորման ախտանշանների դրսևորման ժամկետները ևս կախված են վարակի տարատեսակից․ դրանք կարող են ի հայտ գալ 30 րոպեից մինչև 8 շաբաթվա
ընթացքում։

Սննդային թունավորում առաջացնող հիմնական հարուցիչներն են բակտերիաները, վիրուսներն ու մակաբույծները, որոնք կարող են սննդի, ջրի, ըմպելիքների միջոցով հայտնվել օրգանիզմում պատրաստման կանոնների խախտման, ջերմային անբավարար մշակման, սնունդը սխալ պահելու և այլ պատճառներով։

Հատկապես վտանգավոր են այս միկրոօրգանիզմներով թունավորումները՝

  • Լիստերիայով թունավորումը հղիների շրջանում մեծացնում է վիժման, վաղածամ ծննդաբերության, պտղի ախտահարման վտանգը։
  • Աղիքային ցուպիկի որոշ շտամներ կարող են խթանել հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի զարգացում, որը կարող է հանգեցնել երիկամների անբավարարության։
  • Կլոստրիդիում բոտուլինումը լուրջ հիվանդություն է առաջացնում, որը ախտահարում է նյարդային համակարգն ու մկանների պարալիզ առաջացնում՝ երբեմն հանգեցնելով վատագույն ելքի։

Սննդային սովորական թունավորումը, սովորաբար, բուժվում է տնային պայմաններում։ Հիմնականում խորհուրդ է տրվում՝

  • Կանխել ջրազրկումը՝ բավականաչափ հեղուկներ օգտագործելով։
  • Խուսափել կոֆեինից, քանի որ այն կարող է գրգռել մարսողական համակարգը։ Ստամոքսի խանգարումը կարող են հանգստացնել խոտաբույսերով թեյերը, դաղձը, երիցուկը, խատուտիկը։
  • Փորլուծությունն ու սրտխառնոցը, իհարկե, կարելի է հաղթահարել առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների օգնությամբ, սակայն ավելի լավ կլինի նախապես խորհրդակցել բժշկի հետ, քանի որ օրգանիզմն օգտագործում է այդ ախտանշանները տոքսիններից ազատվելու համար, և դեղերի օգտագործումը կարող է քողարկել հիվանդությունը։

Ինչ ուտել սննդային թունավորման դեպքում

Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փափուկ, անյուղ, դյուրամարս սննդատեսակներին՝ օգտագործելով վարսակի, բրնձի հիմքով շիլաներ, խաշած բանջարեղեն, կարտոֆիլ, հավի մսի արգանակ, բանան, աղի կրեկերներ և այլն։

Ստամոքսի խանգարման խորացումը կանխելու համար խուսափել տապակած, յուղոտ, համեմված ուտեստներից, քաղցր, կծու սննդից, կոֆեինից, ալկոհոլից ու նիկոտինից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031