Լրահոս
Օրվա լրահոսը

Ասացի՝ նման խնդիր կա՝ իմ երեխեքն աշխատել են, բայց ոնց որ գցում են, մի հատ էլ ինձ սպառնացին, թողեցի՝ գլուխս կախ եկա տուն. գյուղապետ

Դեկտեմբեր 17,2023 17:19

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները տեղեկություններ են ստացել, որ 2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ, Արտաբույնք, Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր և Թառաթումբ գյուղերի ոռոգման ջրագծերի կառուցապատման ժամանակ կառուցապատող ընկերության կողմից թույլ են տրվել խախտումներ: Մասնավորապես՝ նշված գյուղերում կառուցվող խողովակաշարերի որոշակի հատվածներում տեղադրվել են օգտագործված խողովակաշարեր, իսկ Սալլի գյուղում տեղադրվել է նախատեսվածից քիչ քանակությամբ և որակական առումով չհամապատասխանող խողովակներ:

Պարզվել է, որ 2022թ. Եղեգիս համայնքապետարանը համայնքի կարիքների համար նշված բնակավայրերում ոռոգման համակարգերի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով «Գիմզա Բիլդինգ» ընկերության տնօրեն Զարզանդ Միքայելյանի հետ կնքել է կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր՝ աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2022թ հոկտեմբերի 31-ը, իսկ աշխատանքների կատարման գինը պայմանագրով սահմանել 153.000.000 դրամ: Ըստ աշխատանքների ավարտական ակտերի՝ Սալլի գյուղում նախատեսվել է կառուցել պողպատյա խողովակով ոռոգման ջրագիծ 345մ երկարությամբ, սակայն փաստացի կառուցվել է մոտ 322մ, ըստ կատարողական ակտերի խողովակի՝ մեկ մետրը ձեռք է բերվել 46.160 դրամ, այսինքն` 23 մ խողովակաշարի փոխարեն՝ դուրս է գրվել 1.061.680 դրամ:

Իրականում խողովակները ձեռք է բերվել Եղեգնաձոր քաղաքի տարածքում շինանյութի վաճառքով զբաղվող Ռ. Հ.-ից՝ մետրը 29.000 դրամով, ջրագիծը կառուցելիս չեն պահպանվել նախագծով նախատեսված պայմանները:

Նախնական տեղեկություններով՝ պարզվել է, որ «Ամետիս» տեխնիկական հսկողություն իրականացնող թիմը դիտավորությամբ չի արձանագրել թերի կատարած աշխատանքները, կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որն իրենց ստորագրությամբ հաստատել են նաև պաշտոնատար անձինք:

Սալլի վարչական շրջանի ղեկավար Մարտին Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ «Ոստիկանությունից եկել են մեզ մոտ, չափել են, արձանագրել, տարել են: Խողովակների հետ կապված կոնֆլիկտի մասին տեղյակ եմ, էդտեղ նաեւ աշխատավարձերը չվճարելու խնդիր կա: Ահագին բանվորների աշխատեցրել, աշխատավարձը մինչեւ հիմա չեն տվել, այդ թվում՝ երկու տղաներիս: Հիմա, եթե քննություն, սկսվի, բանվորները գնալու են, հերթով պատմեն: Կոնկրետ իմ երկու տղաներին մոտ 4 միլիոն դրամ չեն տվել: Այդ հարցով գնացի մեր նախկին մարզպետի մոտ, ասացի՝ նման խնդիր կա, որ իմ երեխեքն աշխատել են, բայց ոնց որ գցում են, մի հատ էլ ինձ սպառնացին, թողեցի գլուխս կախ եկա տուն, հասկացրին, որ նման բան չի կարող լինել, օրենքով են աշխատում եւ այլն: Տղաներս մեծ խնդիրների մեջ ընկան, անձնական վեճեր եւ այլն, բայց էդպես էլ չստացան գումար, խաբին, չտվեցին: Մեր «գռուզավոյով, սվարկի ապարատով» ու այլ գործիքներով աշխատել են տղաներս»:

Ինչ վերաբերում է հին խողովակներ տեղադրելուն, վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ շինարարն իր ներկայությամբ է հայտարարել, թե հին խողովակներն են տեղադրում, նորը չեն կարողացել ձեռք բերել, իսկ ավելացած գումարը փոխանցելու են համայնքային բյուջե. «Ժանգոտը բերեցին, ժանգոտը մաքրեցին, դրեցին, բայց բանից պարզվեց, որ այդ փողը ստացել, հինը դրել են: Մենք 100 հատ «բալգարկայի» քար ենք օգտագործել, որ ժանգը մաքրել ենք, ներկել ենք: Մեզ խաբեց, թե այս պարտիան հինն ենք դնում, էժան ենք ձեռք բերել, նորը չենք կարողացել ձեռք բերել, ավելացած գումարը փոխանցում ենք համայնքային բյուջե ու դա էլ չարեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մարիամ Սարգսյան/https://www.aliqmedia.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031