Այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ գտնվող «Կում կումա» ռեստորանային համալիրում ընթանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը։
Ռեստորանի շուրջբոլորը, ինչպես նաև քաղաքի ամենաբանուկ Գարեգին Նժդեհի անվան փողոցը խիստ հսկողության տակ է․ մեծ թվով ոստիկաններ են կանգնած, փողոցում էլ շարված են ոստիկանական մեքենաներ։
Արդեն մի քանի ժամ է՝ ՔՊ-ի ժողովն ընթանում է։
Կարդացեք նաև
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, քաղաքական ողջ էլիտան՝ ՔՊ-ական նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ երեկ հերթով ժամանել են Գյումրի։
Երեկ կեսօրին Գյումրի էր եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպել էր Բաքվի գերությունից ազատված շիրակցիների հարազատների հետ։
Վարչապետը տիկնոջ հետ այսօր եղել էր նաև Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Վարչապետի ընտանիքը գիշերել է կենտրոնական Վարդանանց հրապարակում գտնվող, Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա պլազա» հյուրանոցում, որտեղ նրանք սովորաբար մնում են Գյումրի կատարվող այցելությունների ժամանակ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը, չգիտես ինչու, լուսաբանման ենթակա չէ լրատվամիջոցների կողմից։
Նրա այցի մասին տեղեկատվություն տրամադրվում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ